Փաշինյանը ներե՞լ է Դիանա Գասպարյանին․ նրան Համայնքների միության նախագահ են ուզում դարձնել 

Փաշինյանը ներե՞լ է Դիանա Գասպարյանին․ նրան Համայնքների միության նախագահ են ուզում դարձնել 

Երեկ լուսաբանել էինք Հայաստանի համայնքների միության Ընդհանուր ժողովը, որի օրակարգում էր 2022-2026 թ.թ. Ռազմավարության հաստատումը, Միության ղեկավար մարմնի ընտրությունները: ՀՄՄ գործող նախագահ Էմին Երիցյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել էր, որ նախագահ չի ընտրվել, պրոցեսը հետաձգվել է։ 

«Այո, կանոնադրությունը թույլ է տալիս, որ գործող նախագահը առաջադրվի ու այսօր առաջադրված թեկնածու միայն ես էի, սակայն հարցն այն է, որ ընտրությունը չի կայացել։ Հետաձգել ենք թե կանոնադրության հարցը, թե ընտրությունները։ Քվորում եղել է իրականում, պարզապես կանոնադրության փոփոխության հետ կապված քվեարկությունները չկայացան, քանի որ ընթացակարգային հարցեր էին բարձրացնում։ Միայն նախագահ չէ, որ պիտի ընտրվեր, նաև վարչություն կար առաջադրված։ Առաջին էտապը կանոնադրական խնդիրների փոփոխությունն է, դրանից հետո նոր պիտի լինի նախագահի ընտրության հարց։ Հստակ չեմ կարող ասել՝ երբ է լինելու, հավանաբար մեկ ամիս հետո»,- նշել էր Երիցյանը։

Հարցին՝ իսկ ինչու այլ թեկնածուներ չեն եղել, արդյոք գործող իշխանությունները սեփական թեկնածու չունե՞ն ու տեղյա՞կ չէ այն լուրերից, որ ՀՄՄ-ն ևս ՔՊ-ականները փորձում են իրենցով անել՝ ՔՊ-ական նախագահ ընտրել, Երիցյանը արձագանքել էր․ «Համենայն դեպս պաշտոնապես այլ առաջադրում այս պահին չկար։ Չեմ կարող ասել՝ կունենան հետո, թե ոչ։ Տպավորություն չունեմ, որ ամեն ինչ անում են, որ չվերընտրվեմ»։

Սակայն մենք տեղեկություններ ունեինք, որ իշխանությունը դժգոհ է Երիցյանից, որը երբեմն քննադատում է համայնքների խոշորացման եւ այլ ծրագրերը եւ որոշել են ամեն գնով փոխել նրան, իսկ Երիցյանը՝ զարմանալիորեն խուսափում է խոսել այդ մասին։ 

Հաջորդ օրը պարզվեց, որ իշխանական թեկնածուն Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն է, ով պարբերաբար հայտնվում է սկանդալների կիզակետում։  Պատահական չէ, որ Երևանում վերջերս կայացած հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում գործող Հայաստանի համայնքների միության «Ֆրանսիա» խմբի նիստում հենց Գասպարյանն է ընտրվել խմբի նախագահ։ Այսինքն, Գասպարյանին քիչ-քիչ մոտեցնում են միության նախագահի աթոռին, չնայած պարզ չէ, թե ինչու է գործող համայնքապետը ձգտում դառնալ Համայնքների միության նախագահ։ Էմին Երիցյանն այս առումով պրոֆեսիոնալ է՝ ոլորտի գիտակ, տիրապետում է օրենսդրական դաշտին եւ համեմատաբար անկախ անձնավորություն է։ Բայց ժողովրդավարության մասին ողջ օրը խոսող իշխանությունները ոչ մի անկախ ու իր հետ չկապված պաշտոնյա չեն հանդուրժում։
Երեկ մեզ հետ զրույցում Երիցյանն ասաց․ «Փաստն այն է, որ պաշտոնական թեկնածու չի եղել։ Միայն Գասպարյանը չէ, որ ակտիվ ելույթ է ունեցել, մեր ժողովներին բոլորն էլ ակտիվ ելույթներ են ունենում։ Մենք դեռ ունենք ռազմավարության ընդունում, կանոնադրական հարցեր, դրանից հետո նոր միայն քննարկվելու է միության նախագահի ընտրության հարցը։ Այլ թեկնածու այո, ցանկացած մեկն էլ կարող է լինել»։

«Երեկ կանոնադրությունը չի հաստատվել, մեր գործընկերները կանոնադրության հետ կապված առաջարկներով են հանդես եկել, որպեսզի փոփոխություններ տեղի ունենան կանոնադրության մեջ։ Իսկ ինչ վերաբերում է իմ թեկնածությանը, կարող եմ ասել, որ գործող կանոնադրությամբ ես չեմ կարող առաջադրվել որպես նախագահի թեկնածու»,- ասաց Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը։ Հարցին՝ այսինքն, կարող ենք տրամաբանական ենթարդություն անել, որ կանոնադրությունը փոփոխության են ենթարկում հենց իրեն միության նախագահ ընտրելու համար, Գասպարյանը արձագանքեց․ «Ոչ, կանոնադրությունը դրա համար չի փոփոխության ենթարկվում։ Պարզապես գործընկերներս առաջարկել են փոփոխություններ ու դրանք փաստորեն պիտի դնենք քվեարկության։ Դրանք կարող են և ընդունվել, և չընդունվել։ Սա կամայական պրոցես չէ։ Այն առաջարկները, որոնք գործընկերներս ներկայացրել են, ես կարող եմ տեսականորեն մտածել թեկնածության մասին, բայց քանի դեռ կանոնադրություն չկա, ես դրա մասին չեմ մտածում։ Այս պահին ես դրա մասին չեմ ուզում խոսել։ Եթե լինի նման առաջարկ գործընկերների կողմից, եկեք այդ ժամանակ դրանից խոսենք»։ 

Հատկանշական է, որ երեկ շրջանառության մեջ էր դրվել Դիանա Գասպարյանի եւ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ ձայնագրությունը՝ կատարված պատերազմից անմիջապես հետո, որտեղ Վաղարշապատի համայնքապետը Պապիկյանին ասում է, որ Փաշինյանը հոգեկան խնդիրներ ունի ու պիտի հեռանա, աթոռը փոխանցի Պապիկյանին եւ այլն։ Գասպարյանին հետաքրքրվեցինք՝ արդյոք Փաշինյանը ներե՞լ է իրեն, դրա համար են ՔՊ-ականները իրեն տեսնում Հայաստանի համայնքների միության նախագահի պաշտոնում։ «Անկեղծ ասած չեմ նկատել, որ համացանցում ձայնագրությունը նորից շրջանառվում է, գուցե ուշադիր չեմ եղել լրահոսին։ Գիտե՞ք, այդ դեպքից հետո այնքան պարզապբանումներ են եղել, որ հիմա այդ հարցին այս փուլում այլևս չեմ ցանկանում անրադառնալ։ Այդ ձայնագրությունից հետո այնքան իրադարձություններ են եղել՝ խորհդարանական ընտրություններ և այլն։ Տեղի են ունեցել նաև համայնքի ղեկավարի ընտրություններ, որտեղ ես, ի դեպ, ՔՊ թեկնածու եմ եղել ու վերընտրվել։ Ինչ կար ասելու, ասել եմ, հիմա այդ շահարկումները, կարծում եմ, անհեթեթ են»,- նշեց Գասպարյանը։