Մեր տղաների թափած արյունը պետք է իզուր չանցնի գոնե այս անգամ

Մեր տղաների թափած արյունը պետք է իզուր չանցնի գոնե այս անգամ

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն արեւմտյան պարբերականներից մեկի հետ զրույցում ընդգծել էր, որ այս պատերազմը պետք է համեմատել ոչ թե 2016-ի ապրիլյան պատերազմի հետ, այլ 1915թ․ հայոց ցեղասպանության։ Գնահատելով վարչապետի հնչեցրած միտքը՝ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմաբան Արմեն Մարուքյանն ասում է, որ նույն միտքը ոչ միայն վարչապետի, այլ նաեւ շատերի կողմից ասվում եւ ասվել է անգամ այս պատերազմական գործողություններից առաջ, քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը պանթյուրքիստական ծրագրերից երբեք էլ չեն հրաժարվել։

«Եվ այն թեզը, որ առաջ են քաշում՝ մեկ ազգ, երկու պետություն, հենց դրա վառ ապացույցն է։ Թուրքիայում այսօր էլ շրջանառվում են նեոօսմանականության այդ թեզերը, որ Օսմանյան կայսրության երբեմնի հզորությունը պետք է վերականգնել եւ ոչ միայն Արաբական, Բալկանյան թերակղզիներում, նաեւ թյուրքախոս ժողովուրդների շրջանում՝ նկատի ունենալով ներկայիս Ադրբեջանը, կովկասյան թաթարներին, որոնք իրենց այսօր Ադրբեջան են հորջորջում, Հյուսիսային Կովկասի թյուրքախոս ասիական ժողովուրդներին, մինչեւ իրենց սկզբնավորման տարածքը՝ Ալթայ։ Այնպես որ, սա նորություն չէ, պատմաբանները մշտապես ասել են, որ ցեղասպանական վտանգները զույգ թուրքական պետությունների կողմից առկա են, եւ որ ցանկացած իրավիճակ եւ առիթ փորձելու են օգտագործել այս առումով։ Պատահական չէ, որ 2016-ի քառօրյայի ժամանակ Թուրքիան ե՛ւ  սատարում էր Ադրբեջանին, ե՛ւ հավաքական հայտարարություններ անում։ Այս անգամ խոսքերից անցել են կոնկրետ գործի եւ այդ նպատակով Սիրիայի իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից ահաբեկիչներ են բերել, որոնք համալրել են ադրբեջանական բանակը։ Իրենց զորքը զորավարժություններից հետո առնվազն F-16-երի մակարդակով գտնվում է Ադրբեջանի տարածքում, եւ, ըստ էության, այս ծրագիրը նրանք փորձում են կյանքի կոչել։ Այս վտանգի մասին պատմաբանները վաղուց զգուշացնում էին, որ սա ազգային անվտանգության խնդիր է, եւ երբ դու ապրում ես մի պետության հարեւանությամբ, որը հայոց ցեղասպանության փաստը ոչ միայն չի ճանաչում, այլեւ ժխտում է, դա նշանակում է, որ Թուրքիան պատրաստ է կրկնահանցանք կատարելու»,- ասում է նա ու հավելում, որ այսօր Թուրքիան Ադրբեջանի եւ ահաբեկիչների ձեռքով փորձում է իր պանթյուրքիստական ծրագրերը կյանքի կոչել։

«Փառք ու պատիվ մեր բանակին, որ հերոսաբար հետ է մղում եւ, ըստ էության, քաղաքակրթական կռիվ է մղում՝ տեսակի կռիվ։ Միջազգային հանրությունը լուրջ մտածելու բան ունի՝ սրա հետ կապված, պետք է լուրջ հետեւություններ անի, որովհետեւ եթե միայն մենք կանգնեցրինք մարդատյացությունը, հետեւաբար, նաեւ բանակցային գործընթացում ՀՀ-ն եւ Արցախի Հանրապետությունը շատ ավելի վճռական են խոսելու ոչ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի, այլեւ Մինսկի խմբի եռանախագահների հետ, այսինքն՝ այն առաքելությունը, որ այսօր իրենց վրա դրված է, հստակ չեն կատարում։ Հետեւաբար, բանակցային գործընթացի վերսկսման նախաձեռնողականությունը մեր փայլուն հաղթանակից հետո գտնվելու է հայկական կողմերի մոտ, որովհետեւ այս պատերազմից հետո նախկին ֆորմատն այլեւս չի լինելու։ Արցախի պաշտպանության բանակի հաղթանակից հետո Արցախը միանշանակ պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, ճիշտ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 94-ին, երբ Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչը ստորագրեց զինադադարի պայմանագրի տակ։ Այս անգամ զինադադար չի լինելու, խաղաղության կամ, եթե կուզեք՝ կապիտուլյացիայի պայմանագրի տակ պետք է ստորագրի նաեւ Արցախի Հանրապետության ներկայացուցիչը։ Այլ տարբերակ չկա»,-ասում է Մարուքյանը։

Այսինքն՝ միայն հաղթանակից հետո՞ է հնարավոր համարում բանակցությունների վերսկսումը։ «Այո, քանի դեռ հրետակոծում են Ստեփանակերտը, Շուշին, եւ խաղաղ բնակչություն է զոհվում, ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը։ Ավելին՝ պարտվող բանակի գերագույն գլխավոր հրամանատարը չէ, որ պետք է նախապայմաններ առաջ քաշի, հաղթող բանակի ներկայացուցիչները պետք է նախապայմաններ առաջ քաշեն, մինչեւ Թուրքիայի ստորաբաժանումները, ինքնաթիռները եւ հրոսակախմբերը, որ Սիրիայից բերել են, այդ տարածաշրջանից չմաքրեն, բանակցային գործընթաց առհասարակ պետք էլ չէ սկսել։ Սա պետք է լինի հայկական կողմերի նախապայմանը, որ միայն այս դեպքում մենք կնստենք ձեզ հետ բանակցությունների»։

Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ փաստացի այսօր Հայաստանը մնացել է մենակ՝ առանց դաշնակիցների, Մարուքյանն ասաց․ «Ես այդպես միանշանակ չէի ասի։ Մենք մենակ չենք այնքանով, որքանով ունենք սփյուռք, որի ճնշումը հայկական բնակության երկրներում բավական հուժկու է, եւ տեսնում եք, թե ԱՄՆ-ում ինչ է կատարվում։ Կա նաեւ նախագահ Մակրոնի՝ իրերն իրենց անունով կոչող հայտարարություն, եւ կա մեր ստրատեգիական դաշնակից Ռուսաստանի լուռ աջակցությունը։ Այս պահին ես անգամ չէի էլ ցանկանա, որ գերտերություններից որեւէ մեկը միջամտեր, որովհետեւ եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք, քառօրյա պատերազմի ժամանակ մեր հաղթանակը գողացան մեզնից, թույլ չտվեցին, որ մենք հաղթական ավարտով՝ մեր ցանկացած ձեւով ավարտեինք այդ պատերազմը, ինչը չեղավ հենց այդ միջամտության հետեւանքով, Ադրբեջանի գենշտաբի պետը մեկնեց Մոսկվա, որից հետո մեր ներկայացուցչին էլ կանչեցին եւ կրակի դադարեցումով մեզնից գողացան մեր հաղթանակը։ Հիմա մենք պետք է դա թույլ չտանք, անգամ եթե փորձեր կատարվեն ։ Մենք՝ ինքներս, պետք է հաղթենք այն օգնությամբ, ինչն առկա է, պատերազմի վերջակետը մենք պետք է դնենք, որովհետեւ եթե մենք դնենք վերջակետը հաղթողի կեցվածքով ու դիրքերից, արդեն թելադրելու ենք խաղաղության պայմանները։ Մեր տղաների թափած արյունը պետք է իզուր չանցնի գոնե այս անգամ։ Մենք պետք է պարտադրենք, որ այդ հաղթանակը տեղափոխվի դիվանագիտական դաշտ, եւ դրա ձեւակերպումները հստակ լինեն նաեւ փաստաթղթերի տեսքով, որ Ադրբեջանի խելքին երբ փչի, չկարողանա պատերազմ հայտարարել։ Այս ամբողջի համար Ադրբեջանի իշխանությունները պետք է պատասխան տան, սա ուղղակի պատերազմ չէ, սրանք ծանր միջազգային հանցագործություններ են՝ կատարված մարդկության դեմ։ Մեր փորձագետները, միջազգային իրավունքի մասնագետները պետք է նախադեպերն օգտագործեն, որպեսզի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկեն միջազգային քրեական դատարանում, միայն ՄԻԵԴ-ն այն հարթակը չէ, որով պետք է բավարարվենք»։

Ի տարբերություն 2016-ի ապրիլյան պատերազմի, այսօր մեր դեմ, Ադրբեջանից բացի, կռվում է նաեւ Թուրքիան, եւ այս պարագայում մեր ուժերն ու ջանքերն ինչքանո՞վ են համաչափ։ «Այո, ի տարբերություն 2016-ի, Թուրքիան անմիջական ներգրավվածություն ունի։ Այդ փաստահավաք աշխատանքը, որ կատարվում է, եւ F-16-ի արձակած հրթիռները, որ ընկել են Գեղարքունիքի տարածքում, եւ որի ապացույցները կան, ՄԻԵԴ-ում որպես միջանկյալ միջոց, արդեն նաեւ Թուրքիայի դեմ այդ միջոցը կիրառելու հայցի ներկայացումը ՀՀ-ի կողմից շատ ողջունելի է, եւ եթե ՄԻԵԴ-ը նման որոշում ընդունի, ինչպես Ադրբեջանի դեպքում եղավ, միջազգային դատական ատյանի կողմից կամրագրվի Թուրքիայի մասնակցությունը որպես պատերազմական կողմ այս կոնֆլիկտում, ինչը շատ կարեւոր արձանագրում կլինի։ Բայցեւայնպես, ակնհայտ է, որ Թուրքիան ուղիղ ռազմական գործողություններ սկսելու ո՛չ ցանկություն ունի, ո՛չ էլ ի վիճակի է ձեռնարկել ՀՀ-ի դեմ․ չմոռանանք ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությունը Գյումրիում, եւ եթե ուղիղ նման ագրեսիա լինի, ակնհայտ է, որ սա լոկալ կոնֆլիկտից կվերածվի լուրջ տարածաշրջանային բախման, եւ այս դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի անմիջականորեն ներգրավվել ռազմական գործողություններում, ինչն այս պահի դրությամբ չի բխում Թուրքիայի շահերից։ Ի դեպ, Գանձակի ռազմական օդանավակայանի խոցումից հետո մենք տեսնում ենք, որ F-16-երի գործարկում չկա, ինչը մեծ առավելություն է տալիս մեզ։ Կարծում եմ՝ մեր ներուժը բավարար է, որպեսզի հաղթական ավարտի հասցնենք այս պատերազմը եւ հետագայում թելադրենք մեր պայմանները բանակցային գործընթացում»։