Մի քանի միջոց՝ ամառվա տապի դեմ պայքարելու համար․ մաս 1-ին

Մի քանի միջոց՝ ամառվա տապի դեմ պայքարելու համար․ մաս 1-ին

Ամառային շոգ եղանակը, տապը կարող է դառնալ իրական փորձություն նրանց համար, ովքեր չեն հասցրել օդորակիչ ձեռք բերել։ Բարեբախտաբար կան մի քանի եղանակներ՝ այրող արեւից առանց օդի հովացման մեխանիզմների պաշտպանվելու համար։ Ներկայացնում ենք նմանատիպ մի քանի պարզ միջոցներ։
*
Տանը հարմարավետ միկրոկլիման ազդում է նաեւ ջերմաստիճանի մեր ընկալման վրա։ Եթե դուք բնակվում եք այնպիսի քաղաքում, որտեղ շոգ կլիմա կա, ապա խորհուրդ է տրվում պատուհաններին «սառը գույներով» վարագույրներ կախել։ Իհարկե ամառվա տապին վերանորոգում յուրաքանչյուրը չէ, որ կանի, սակայն նման փոքրիկ հնարքներով կարելի է զովության էֆեկտ ստանալ։ Պարզապես, օրինակ, կարելի է պատուհաններից կախել կապույտ վարագույրներ։ 
*
Որքան էլ պարզունակ կարող է հնչել, սակայն տապի դեմ կարելի է պայքարել ջրի միջոցով։ Գերտաքացումից խուսափելու համար, կարելի է հովացուցչի դիմաց դնել տարայով ջուր՝ մեջը սառույց գցած։ Այս կերպ, հովացուցչի աշխատանքի ընթացքում սառը ջրի գոլորշիացած մասնիկները կտարածվեն ամբողջ տնով մեկ։ 
*
Սովորաբար ամռանն ամենաբարդը գիշերը քնել կարողանալն է։ Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում բարձի երեսը դնել տոպրակի մեջ, ու պահել սառնարանում, եւ միայն քնելուց առաջ հանել ու անցկացնել բարձի վրա, որը դնելու եք գլխի տակ, որպեսզի քնեք։ 
*
Ամառվա տապին ամենաշատը մարդն ուզում է արձակուրդ վերցնել ու պարզապես ոչինչ չանել։ Դա ալարկոտություն չէ։ Պարզապես ամառվա սեզոնին օրգանիզմը գործում է իր ունեցած ուժերի գերլարման պայմաններում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հատկապես անտանելի շոգ եղանակի պարագայում մենք մեծ քանակությամբ էներգիա ենք ծախսում մեր մարմնի հովացման ու մարմնի համար ընդունելի ջերմաստիճանի պահպանման վրա։ Այնպես որ ամառվա տապին խորհուրդ չի տրվում ֆիզիկական ծանրաբեռնվածություն ստեղծել օրգանիզմի համար։