Ընդդիմություն-իշխանություն նոր սրճախմությո՞ւն է սպասվում

Ընդդիմություն-իշխանություն նոր սրճախմությո՞ւն է սպասվում

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանն այսօր սկսվեց հերթական փոխհրաձգությամբ, որը կեսից վերածվեց սուրճի շուրջ զրուցելու առաջարկի։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, թե ե՞րբ իրեն զեկուցվեց, որ պատերազմի շեմին ենք՝ ընդգծելով, որ կարևոր է, որ Փաշինյանը նշի ոչ միայն ամսաթիվը, այլ նաև մոտավոր ժամերը, որովհետև դրանից շատ այլ դրվագներ են կախված։

Փաշինյանը նախ ասաց, որ պատերազմի շեմին լինելու մասին ՀՀ ղեկավարներին զեկուցվել է պարբերաբար, օրինակ՝ Կազանյան փաստաթղթի չստորագրումից հետո, և 2018 թվականին իր՝ վարչապետ դառնալուց հետո էլ այդպիսի զեկույցներ եղել են` որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։ Հետո ասաց՝ շատ կարևոր է նաև տեղեկության ֆիլտրումը, և երբ ինստիտուտները ֆիլտրում են, հետո գնահատական են տալիս, թե ինչքանով է դա հնարավոր։ «Իմ հիշողության մեջ արձանագրված է, որ սեպտեմբերի 27-ից երկու օր առաջ ռադիո կլանում էր տեղի ունեցել՝ մի նախադասություն, որը շատ էդ առումով վստահելի էր թվացել։ Դա տեղի էր ունեցել մեկ-երկու օր առաջ»,-ասաց Փաշինյանը ու շեղվեց թեմայից։ Հետո որոշեց անդրադառնալ այն թեմային, որ այդ դահլիճում խոսվում է Արցախի սուբյեկտայնության նվազման մասին ու ասաց՝ ինքը զարմանում է, որ դրա մասին «Հայաստան» դաշինքն է խոսում։

«Կներեք, դուք եք Արցախը բանակցային սեղանից դւորս թողել 1998 թվականին, և դա միջազգայնորեն արձանագրված փաստ է։ Էդ, որ ասում եք՝ Արցախի 72 տոկոսը օկուպացված ա, բա, կներեք, էդ տարածքի 72 տոկոսը, որ ձեր իշխանության օրոք բանակցային սակարկության առարկա էր, դրա մասին գիտեիք, ինչի՞ ձեն չէիք հանում։ Կներեք, էլի, պիտի ասեմ, որ ձեր խմբակցությւոնը 2010 թ․ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքին կողմ էր քվեարկում, որտեղ գրված է, որ Փելասարի էն վերևով անցնում ա Հայաստանի և Ադրբեջանի սահմանը, ինչո՞ւ էիք կողմ քվեարկում, դեմ քվեարկեիք»,-ասաց նա։ Այս խոսքերին զուգահեռ դահլիճն արձագանքում էր ու աղմկում, Տիգրան Աբրահամյանը փորձում էր արձագանքել Փաշինյանին, ինչպես սահմանված է ԱԺ կանոնակարգ-օրենքով, սակայն Փաշինյանը թույլ չէր տալիս` տեղից հնչող ռեպլիկներին էր պատասխանում։ Անընդհատ ինչ-որ բաներ էր հիշեցնում ու «երեսով տալիս» ընդդիմությանը, թե ինչու են 30 տարի սա արել, նա արել և այլն։ Դահլիճում իսկական բազար սկսվեց` նախագահողի դիտողություններին այլեւս ոչ պատգամավորները, ոչ պատասխանողն ուշադրություն չէին դարձնում: Ալեն Սիմոնյանը պարբերաբար փորձում էր «պարոն վարչապետին» հուշել, որ Աբրահամյանը պետք է արձագանքի, որ ռեգլամենտը խախտվել է, բայց «պարոն վարչապետը» չէր լսում` էլ ավելի եռանդուն էր շարունակում մեղադրել ընդդիմությանը, որն իրեն մեղադրում է պատերազմում դիտավորյալ պարտվելու մեջ։

Ընդդիմությունը՝ հիմնականում «Հայաստան» դաշինքի անդամները, տեղից բղավում էին եւ ինչ-որ պահի ընդդիմության շարքերից` ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանն ասաց`  այ սրա համար ենք ասում, նստենք քննարկենք: Փաշինյանն անմիջապես կառչեց այդ առաջարկից.

«Բա եկեք խոսանք, հրավիրում եմ։ Կոնկրետ առաջարկություն հնչեց՝ հրավիրում եմ, եկեք խոսանք։ Ոչ իմ հեռախոսի համար գիտեք, ոչ ընդունարանի համար գիտեք, ոչ կառավարության հասցե գիտեք, ոչ օգնականի համար գիտեք․․․ Ասում ա՝ նստենք, խոսենք․ մեծ հաճույքով»,-ասաց նա՝ ձեռքերը զարմացած վեր պարզելով։ Ալեն Սիմոնյանն էլ պահը որսաց ու որոշեց զարգացնել թեման․ «Այնուամենայնիվ, եկեք արձանագրենք, որ ընդդիմության կողմից կոնկրետ առաջարկ է հնչում՝ նստել զրուցելու, որովհետև այլ տարբերակները մեջբերելը և ասելը, թե մենք հրավիրել ենք այս անձին կամ այն անձին, ճիշտ չի»։

Փաստացի, Փաշինյանն իրեն դավաճանության մեջ մեղադրող ընդդիմությանը տեղափոխեց իր դաշտ` հրավիրելով հանդիպման եւ վստահեցնելով, որ դռնփակ խոսակցության ժամանակ լրիվ ուրիշ խոսակցություն կգնա, ուրիշ տոներով, ուրիշ բաների մասին։ «Ես ընդունում եմ առաջարկը և հրավիրում եմ ձեզ՝ երկու ընդդիմադիր խմբակցություններին, հանդիպման, ամբողջ կազմով»,-ասաց նա։

Սա նաեւ հնարավորություն կտա իշխանություններին հայտարարելու, որ հանրային համերաշխությանն ուղղված քայլեր են արվում, ընդդիմության հետ բանակցում են եւ նորմալ քաղաքակիրթ երկխոսություն է ընթանում: Իսկ ընդդիմությունն էլ հրաժարականի պահանջից հրաժարվում է եւ վերադառնում է կառուցողական դաշտ` ընդունելով իշխանությունների լեգիտիմությունն ու հաշտվելով պարտության եւ այս իրավիճակի հետ:

ՀԳ Մենք տեղեկացանք, որ նիստից հետո ընդդիմդիր պատգամավորներից ոմանք նախատել են Արմեն Ռուստամյանին` այդ առաջարկի համար եւ անգամ վիճաբանություն է ծագել դաշնակցական եւ մյուս թեւերի միջեւ: Ավելի արմատական տրամադրված պատգամավորները մեղադրել են «կառուցողականներին»` գործարքի գնալու եւ Նիկոլ Փաշինյանի համար շահեկան պահվածքի համար: