Ժողովուրդը պետք է կողմնորոշվի՝ կա´մ Հայաստանը պետք է լինի, կա´մ Նիկոլը

Ժողովուրդը պետք է կողմնորոշվի՝ կա´մ Հայաստանը պետք է լինի, կա´մ Նիկոլը

Հարցազրույց Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հետ։

-Նիկոլ Փաշինյանի մարտիմեկյան հանրահավաքին, որոշ տեղեկություններով, նաեւ Արցախից էին մարդ բերել, Դուք ունե՞ք նման տեղեկություն։

-Ճիշտն ասած՝ ես հստակ տեղեկություններ չունեմ, այո, օդում կախված լուրեր կան, ես էլ եմ լսել, որ մարդկանց են բերել, բայց ես չեմ կարող ոչ հերքել, ոչ հաստատել, կարծում եմ՝ ժամանակի ընթացքում այդ հարցն էլ կպարզվի։

-Նիկոլ Փաշինյանի հանրահավաքն ի՞նչ արձագանքներ է ստացել Արցախում, Դուք միշտ հայտարարում եք, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունները միմյանց շաղկապված են, երբ Փաշինյանի դիրքերն ամրանում են, Արայիկ Հարությունյանն էլ այդտեղ է սուրը հանում։ Հիմա ի՞նչ տրամադրություններ են։

-Այո, ուղիղ կապով, բազում թելերով կապված են։ Ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը հայտարարություն էր անում, այստեղի իշխանությունները շարունակում էին, ասում՝ ով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի ընդունում, ուրեմն նրանք դավադիր ուժեր են, եւ այդ «դավադիր» ուժերի հետ Արայիկ Հարությունյանը հանդիպում չէր ունենում։ Բայց ուշագրավ է, որ վերջին շրջանում այստեղ այլեւս նման հայտարարություններ չեն անում, նախկինի պես չեն հայտարարում, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, ամենահայրենասեր ղեկավարն է Հայաստանի եւ այլն։ Հարությունյանը ակնհայտորեն պասիվացել է, եւ այլեւս հավատարմության դրսեւորումներ չկան նրա կողմից, ինչը եւս մեկ ապացույց է, որ ԳՇ-ն՝ ի դեմս Օնիկ Գասպարյանի, ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը՝ սխալ։ 2007 թվականից սկսած, Արայիկ Հարությունյանն Արցախում կառավարություն է ձեւավորում, այդ ինչպե՞ս ստացվեց, որ առայսօր Նիկոլ Փաշինյանը, մերժելով նախկիններին, Արայիկ Հարությունյանի իշխանությունը ողջունեց, շնորհավորեց եւ աշխատում է նրա հետ։ Նրանք երկուսն էլ արդար չեն ժողովրդի հետ, Արայիկ Հարությունյանից ավելի նախկին չկա։
Դուք նկատեցի՞ք, որ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքում «Նիկոլ, վարչապետ» էին վանկարկում, ո՞րն էր այդ հավաքի նպատակը, Մարտի մեկի հիշատակի հավաք անել, ծափ-ծիծաղով ու վանկարկել «Նիկոլ, վարչապետ»։ Չի կարելի ժողովրդին մոլորեցնել, Մարտի 1-ի պատրվակով ժողովրդին հավաքել հրապարակ, հետո նման կոչեր պարտադրել։ Իսկ զուգահեռ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին հայրենիքի փրկություն ու Հայաստան էին բացականչում։ Այսինքն, մենք Նիկոլի լինել-չլինելն ու Հայաստանի լինել-չլինելը դրել ենք մի հարթության վրա, կամ Նիկոլը պիտի լինի, կամ Հայաստա՞նը, սա է իրենց ուզածը։ Ժողովրդի մի մասն ուզում է Հայաստանը լինի, մի մասը՝ Նիկոլը, ուստի պետք է կողմնորոշվեն` կամ Հայաստանը պետք է լինի, կամ Նիկոլը։

-Նիկոլ Փաշինյանը կրկին օրակարգ է բարձրացրել արտահերթ ընտրությունների հարցը, հնարավոր համարու՞մ եք, որ մայիսին, երբ լրանա Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման մեկ տարին, ինքն էլ գնա ընտրության։

-Ես կարծում եմ, որ այս հարցում էլ Փաշինյանը մանիպուլյացիա է անում, երբ տեղը նեղվում է, արտահերթ ընտրություններից է խոսում, երբ խաղաղ է, հանրության պահանջը հօգուտ իր շահերի է մեկնաբանում, թե իբր չկա նման պահանջ։ Կողմնորոշվեք, տղերք, հիմա կա՞ հանրային պահանջ, թե՞ չկա։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը եթե նույն ոգեւորությամբ, որ լծվեցին Հանրապետության հրապարակ մարդ բերելու գործին, մոտենար նաեւ հետպատերազմական խնդիրներին, ես համոզված եմ, որ բոլոր հարցերը լուծված կլինեին։