«Այո»-ն կակտիվանա մեկ շաբաթից

«Այո»-ն կակտիվանա մեկ շաբաթից

«Հրայր Թովմասյանին եւ ընկերներին» տուն ճանապարհելու հարցով սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը դեռ, կարելի է ասել, չի մեկնարկել։ Լռություն է թե՛ «այո»-ի, թե՛ «ոչ»-ի ճակատներում։ Եթե «ոչ»-ի ճակատն ի սկզբանե հայտարարեց, որ մեծ հաշվով քարոզչություն չեն իրականացնելու՝ մինչեւ հանրաքվեի որոշումն են հայտարարել, որ գործընթացը չի տեղավորվում իրավական ու սահմանադրական տիրույթում, ապա տարօրինակ է ֆեյսբուքաբնակ իշխանականների պասիվությունը, այն դեպքում, որ հանրաքվեի ելքով հատկապես իշխանությունը պետք է շահագրգռված լինի։ Մարդկանց ո՛չ Հրայր Թովմասյանի՝ պաշտոնում մնալ-չմնալն է հուզում, ո՛չ էլ, առավել եւս՝ մյուս 6 դատավորների։ Իշխանությունը, ըստ ամենայնի, չի կողմնորոշվում, թե ինչ լոզունգներ ու կարգախոսներ ընտրի, ինչպես իրականացնի քարոզարշավը, որ ե՛ւ պողոսները գնան «այո» ասեն, ե՛ւ իշխանությունը չխայտառակվի, ինչպես եղավ օրերս, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում տեղադրեց «ասֆալտապատված ճանապարհներին՝ «այո», քարուքանդ եղածներին՝ «ոչ»» լուսանկարը՝ կից գրառմամբ. «Չկա ավելի զորեղ բան, քան ժողովրդական, «ինքնագործ» քարոզչությունը»։ Վարչապետին հիշեցրին, որ ՍԴ դատավորներն ասֆալտապատման հարցով չեն զբաղվում։ Հրապարակումը դրդեց ուշագրավ ֆլեշմոբի՝ մեմերի ու ծաղրանկարների ժանրը զարթոնք ապրեց։

Իշխանականների լռությունը խախտվեց նախօրեին, երբ ՍԴ աշխատակազմի ղեկավար, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը ոչ աշխատանքային ժամին որոշեց գրառում կատարել սոցցանցում, կոչ անելով քաղաքացիներին՝ չմասնակցել հանրաքվեին։ «․․․Ես որոշում եմ կայացրել իմ կյանքում առաջին անգամ որեւէ կերպ մասնակցություն չունենալ 2020 թվականի ապրիլի 5-ին հանրաքվեի անվան տակ կազմակերպված զավեշտին։ Ես չեմ ուզում որեւէ կերպ առնչություն ունենալ այդ մեծ ապօրինությանը, որն օրվա իշխանություններն ուզում են փաթաթել մեր ժողովրդի գլխին՝ հերթական անգամ չարաշահելով նրա ազնիվ մղումներն ու զգացմունքները»,- իր կոչն այսպես հիմնավորեց նա։

Ֆեյսբուքաբնակ իշխանական պատգամավորներն անմիջապես հարձակվողական բրիգադներ ձեւավորեցին, իրենց աչքի գերանը թողած՝ ընկան ուրիշի փշի ետեւից  ու Ղազարյանին անարգանքի սյունին գամեցին՝ հիշեցնելով, որ ՍԴ-ն ապաքաղաքական մարմին է, եւ Ղազարյանն իր քաղաքական հայտարարությամբ փաստում է, որ վաղուց  քաղաքական է դարձել: Մինչդեռ նրանցից որեւէ մեկը չընդվզեց, որ վարչապետն աշխատանքային ժամին քարոզչությամբ է զբաղվում։

«Ոչ»-ի ճակատի նախաձեռնող խմբի անդամ, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում պարզաբանեց. «ՍԴ աշխատակազմի ղեկավարը դատական իշխանության ներկայացուցիչ չէ, չունի որեւէ կաշկանդվածություն քաղաքական հայտարարություններում»։ Նա հիշեցնում է՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը վարչական պաշտոն է, որը կարգավորվում է «Հանրային ծառայության մասին» օրենքով․ «Ինչպես պետական պաշտոն զբաղեցնող շատ պաշտոնյաներ, օրինակ՝ նախարարը, փոխնախարարները, մարզպետները, նա նույնպես կաշկանդված չէ ոչ աշխատանքային ժամերին եւ պաշտոնական պարտականությունները չիրականացնելիս քարոզչություն իրականացնելով: Հետեւաբար, տեղին չեն պնդումները, որ ՍԴ աշխատակազմի ղեկավարը խախտել է որեւէ օրենք»։

Հիշեցնենք, որ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ հանրային ծառայողներին արգելվում է քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել` առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։ Հետեւաբար, ասել, որ Ղազարյանն իրավունք չունի իրականացնել քարոզչություն, նույնն է թե ասել, որ քաղաքական չեզոքություն պետք է պահպանեն բոլոր հանրային ծառայողները՝ վարչապետից մինչեւ մարզպետ։

ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը ներկայացրել է բացառապես իր տեսակետը․ «Այն չի արտահայտում որեւէ այլ մարդու կամ կազմակերպության տեսակետ։ Այսինքն՝ դա ո՛չ ՍԴ-ի տեսակետն է, ո՛չ աշխատակազմի։ Ես իմ անձնական հաշվից՝ իմ էջից անձնական տեսակետ եմ հայտնել, ինչի հարցում օրենքով  կաշկանդված չեմ»։ Նա ասաց․ «Չեմ մտածել, որ կարող է նման գրառումով աղմուկ բարձրացնեմ կամ չբարձրացնեմ, հայտնել եմ իմ մտածածը»։ Հաշվի առնելով աղմկոտ արձագանքը՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարը կշարունակի՞ անձնական տեսակետն այսուհետ էլ հայտնել։ «Ես նման խնդիր չեմ դրել, առհասարակ, ազատ եմ ինձ զգում՝ ցանկացած հարցի վերաբերյալ իմ տեսակետներն արտահայտելու։ Միայն մեկ կաշկանդվածություն ունեմ, այն է՝ «Հանրաքվեի մասին» օրենքն արգելում է, որ ընդհանրապես հանրային ծառայողները պաշտոնական դիրքը, միջոցներն օգտագործեն քարոզչության ընթացքում, ես այդպես չեմ անում, շատ լավ գիտեմ օրենքների պահանջները եւ հարգում եմ դրանք»։

«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասում է՝ ամեն ինչ նորմալ է, նախապատրաստական աշխատանքներ են գնում, երբ կավարտվի, այն ժամանակ քարոզչություն կանեն․ «Շտաբներ ենք ձեւավորում, կարգախոս ենք ընտրում, որի համար մրցույթ ենք հայտարարել, հայտեր ենք ընդունում, կարծում եմ՝ մի շաբաթից կավարտվեն աշխատանքները։ Ի՞նչ շտապելու բան կա»։ Գուցե միջազգային հանրության կարծիքի՞ն են սպասում։ «Համենայնդեպս, դա չի կարող կաշկանդող հանգամանք լինել, ես ասացի, որ սպասում ենք քարոզչական նյութերը մշակենք, նոր քարոզչություն անենք»։