Հ1-ի տնօրենը Հովհաննես Մովսիսյանն է լինելու

Հ1-ի տնօրենը Հովհաննես Մովսիսյանն է լինելու

«Հրապարակը» Հ1-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի հրաժարականից հետո տեղեկացրել էր, որ տարբեր անուններ են շրջանառվում տնօրենի եւ լրատվական հաղորդումների ղեկավարի պաշտոնների համար։ «Ազատություն» ռադիոկայանի մեկնաբան Կառլեն Ասլանյանի, «1-ին լրատվականի» մեկնաբան Նվեր Մնացականյանի, գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարգսյանի, լրատվական հաղորդումների տնօրենի ԺՊ Ռուբեն Շահինյանի, Վարդ Սիմոնյանի։

Այսօր տեղեկացանք, որ քաղաքական որոշումն արդեն կայացվել է և իշխանությունների ընտրությունը կանգ է առել կառավարությանն առընթեր «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի վրա։ Հիշեցնենք, նա այս պաշտոնին նշանակվել էր հեղափոխությունից անմիջապես հետո, նախկինում «Ազատություն» ռադիոկայանում էր աշխատում։

Մենք կապվեցինք Մովսիսյանի հետ, հարցին, թե առաջադրվելո՞ւ էՀ1-ի տնօրենի մրցույթին, նա ասաց․

«Մեկնաբանություն չունեմ, այս պահին չկա մրցույթ հայտարարված»։

Նկատենք, որ այս պահին մրցույթ չի հայտարարվելու, թերեւս սկզբում գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի, ապա նոր մրցույթ կանեն։

Հիշեցնենք նաեւ, որ Մարգարիտա Գրիգորյանին եւ Պետրոս Ղազարյանին աշխատանքից հանեցին Նիկոլ Փաշինյանի ուղերձի՝ հեռարձակման ոչ ենթակա կադրերի արտահոսքի համար։ Նրանք դիմումներ գրեցին, սակայն ակնհայտ էր, որ դրանք պարտադրված դիմումներ էին։ Ի դեպ, Պետրոս Ղազարյանի դիմումը, կարելի է ասել, խիստ ձեւական է՝ նա շարունակում է կատարել իր պարտականությունները ինչպես անցյալում։