Իսկ նախկինները կարո՞ղ է ձեր խելքն էլ են թալանել

Իսկ նախկինները կարո՞ղ է ձեր խելքն էլ են թալանել

ՔՊ-ական պաշտոնյաների մանկամտությունն ու անպատասխանատվությունը սահմաններ չի ճանաչում։ Ասում եմ՝ ՔՊ-ական, քանզի նույն կառավարության մյուս պաշտոնյաները, օրինակ՝ Դավիթ Անանյանը, Ատոմ Ջանջուղազյանը, Տիգրան Խաչատրյանը, Դավիթ Տոնոյանը, Էրիկ Գրիգորյանը, Ֆելիքս Ցոլակյանը և այլք, որոնք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չեն, երբևէ մանկամտությամբ ու անլրջությամբ աչքի չեն ընկել։ Թու-թու-թու։ Իսկ, ահա, Փաշինյանի հետ քայլածները, որոնք այսօր մեր գլխին մարզպետ, նախարար ու պատգամավոր են դարձել՝ չգիտես ինչու, մանկամտությունն ու անպատասխանատվությունը դարձրել են բրենդ և մենաշնորհ։ Որոշ ՔՊ-ական պաշտոնյաներ իրենց անլուրջ ու մանկամիտ պահվածքով  արդեն նվաճել են հիմարության ու տգիտության Օլիմպոսը։

Ահավասիկ, այսօրվա ԱԺ նիստում ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթին որոշ ՔՊ-ական պաշտոնյաների արձագանքները։ Ի՞նչ էր ասել Նաիրա Զոհրաբյանը, ընդամենը ամբիոնից հայտարարել էր, որ իր հեռախոսի մեսինջերը պայթում է նամակներից, որ ինքն օրական հազարավոր նամակներ է ստանում ՀՀ քաղաքացիներից, որոնք իրենից օգնություն են խնդրում, քանզի սովի են մատնվել արդեն։

Եվ ընդդիմադիր պատգամավորի այս ելույթը րոպեներ անց իշխանական հանճարները դարձնում են ծաղրի առարկա՝ ֆեյսբուքյան իրենց էջերում անլուրջ ու մանկամիտ գրառումներով հեգնելով իրենց գործընկերոջը։ Այսինքն՝ իրենք չեն հավատում, որ բազմաթիվ քաղաքացիներ, չվստահելով իշխանություններին, կարող են հազարավոր նամակներով դիմել ընդդիմադիր պատգամավորներին, որ օգնեն իրենց։ Եվ դա իրենք փորձում են ծաղրել, որ հանրությունը չհավատա դրան։ Մինդչեռ, Նաիրա Զոհրաբյանը հետո իր էջում տեղադրեց իր ստացած նամակների մի մասի սքրին-շոթերը՝ որպես ապացույց իր ելույթի, որ չի ստում։ Եվ սա կոչվում է քաղաքական մշակույթ։

Օրինակ՝ այդպիսի «մշակույթի» կրող է Գեղարքունիքի մարզետ Գնել Սանոսյանը, որը Զոհրաբյանի ելույթից հետո ահա այսպիսի գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում․«Ինձ են դիմել այնքան մարդ, որքան աշխարհի բնակչությունն է և տվել են այնքան հարց, որքան աստղերն են))
Անհայտ ընդդիմադիր...»։

Սանոսյանի գրառումից ավելի էժանագին ու ավելի տափակ հումորներ էլ իրենց էջերում արել են «Իմ քայլի» որոշ պատգաավորներ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանը կամ վարչապետի անհաջող փիառը ֆեյքերով ապահավող Արեն Մկրտչյանը։ Բայց նրանց դեպքում այս անլրջությունը նորմալ երևույթ է։ Առհասարակ, «Իմ քայլի» բազմաթիվ պատգամավորների դեպքում մանկամիտ գրառումները միանգամայն սովորական են, նրանք լուրջ բան, սովորաբար, չեն էլ գրում, ի վիճակի էլ չեն։ Բայց երբ գործադիրի անդամներն են իրենց «կալիբրով» հավասարվում իշխանական պատգամավորների մակարդակին, դա իսկապես տխուր ու ցավալի իրողություն է։

Կրթության, գիտության և մի տարատեսակ այլ հարցերի նախարար Արայիկ Հարությունյանն էլ իր հերթին է հեգնել Զոհրաբյանին իր էջում՝ գրելով․ «Արդեն զավեշտի է վերածվում: «Մեզ են դիմել հարյուրավոր, հազարավոր, բազմաթիվ քաղաքացիներ էս ինչ հարցով»:Հենց ասում ես` գոնե երեք հոգու տվյալ տուր կոնկրետ խնդրով զբաղվենք, հասկանանք` որտեղ է պրոբլեմը, փոխանցվում է առավելագույնը մի քաղաքացու տվյալ: Եվ սա օրինաչափություն է: Մի՛ արեք...»։

Պարոն Հարությունյանին պետք է հիշեցնել, որ զավեշտը իր գործընկերոջ՝ այդ խելքով Գեղարքունիքի մարզպետ նշանակվելն է, զավեշտը իր ու իր պես մյուս նախարարների՝ նախարար դառնալն է, որոնք կարող են իրենց թույլ տալ այս լարված օրերին ժամանակ գտնել և ֆեյսբուքում ճամարտակել, մանկամիտ ու անլուրջ գրառումներ կատարել, էժանագին «ռազբիրատների» մեջ մտնել։ Ու այս մարդիկ այս խելքով խոսում են նախկինների թալանից (իբրև իրենք էլ սուրբ են ու զերծ թալանից, պարգևավճարները՝ վկա), թե նախկինները կերել են, թալանել, գռփել ու կողոպտել։ Մենք դա չենք ժխտում, որ նախկինների օրոք՝ ՀՀՇ-ի թվերից սկսած, այս երկիրը կողոպտել են՝ ով որքան հասցրել է, թեպետ՝ մինչ օրս ոչ մի թալանչի դեռ լիարժեք չի բացահայտվել ու պատժվել։ Բայց ուզում եմ մի հարց ուղղել պարոն Հարությունյանին, պարոն Սանոսյանին և իրենց պես մյուսներին, որոնց այսօր ստիպված ենք «պարոն»-ով դիմել․ կներեք, պարոնայք, իսկ նախկինները կարո՞ղ է ձեր խելքն էլ են թալանել։ Ու քանի որ դուք շատ եք սիրում համեմատվել նախկինների հետ, վստահաբար՝  նաև ՀՀՇ-ական նախկինների հետ, ուզում եմ մի հռետորական հարցադրում էլ անել համեմատության մեջ՝ ավելի լավ է լինել չապացուցված թալանչի՞, թե՞ ապացուցված տգետ։