Երեկ ընտանիքով զբոսնում էին. գիշերը ձայն եմ լսել. նոր մանրամասներ սահմռկեցուցիչ դեպքից

Երեկ ընտանիքով զբոսնում էին. գիշերը ձայն եմ լսել. նոր մանրամասներ սահմռկեցուցիչ դեպքից

Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի 92 եւ 91 շենքերի արանքում դիեր կան։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են 92 շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի եւ 5-ամյա աղջնակի դիերը։

«Հրապարակը» շարունակում է գտնվել դեպքի վայրում։ Քիչ առաջ Կարեն Մ-ի հարևանուհիներից Ալինա Պետրոսյանը փոխանցեց, որ առավոտյան 07։00-ին է տեղեկացել դեպքի մասին։

«Սովորաբար շուտ եմ արթնանում։ Սովորականի նման արթնացա, սուրճ էի դնում ու շների հաչոց լսեցի։ Սովորաբար, շները էդ ժամին չեն հաչում, զարմացա։ Պատուհանից կախվեցի, տեսնեմ լիքը շուն, ոնց որ հեքիաթ պատմեմ հիմա։ Շները հավաքվել էին դիակների մոտ, ոնց որ հաչոցով տեղեկացնում էին դեպքի մասին։ Ամուսնուս ձայն տվի, հանեցի, ասեցի՝ արի տես՝ ինչ ա կատարվում։ Զանգեցինք ոստիկանություն, ասեցին, որ արդեն ահազանգ ստացել են, տեղյակ դեպքի մասին»,- ասաց հարևանուհին։

Նրա խոսքով՝ այսքան ժամանակ ընտանիքը նորմալ տպավորություն է թողել, միշտ բարևել են միմյանց։

«Երեկ եմ տեսել, ընտանիքով զբոսնում էին երեխաների հետ։ Հավատս չի գալիս ուղղակի, որովհետև իրենք շատ կրթված մարդիկ էին , այնպես չէ, որ անկիրթ էին»,-ասաց Պետրոսյանը։

Նա նաեւ հավելեց, որ գիշերը ժամը 04։00-ի սահմաններում շենքում ձայն է լսել։

Այս պահին քննչական կոմիտեի ներկայացուցիչները շարունակում են գտնվել բնակարանում։ 

Շենքի բակում այս պահին լաց է լինում նաև մի կին, հարևաններից մեկը ասաց, որ տղամարդու զոքանչն է։