Ամբոխավարը

Ամբոխավարը

Մեկ ելույթի մեջ ինչքա՞ն սուտ, մանիպուլյացիա, կեղծիք, երեսպաշտություն կարող է լինել։ Նիկոլ Փաշինյանի ելույթի յուրաքանչյուր տողին կարելի է տասնյակ առարկություններ բերել։ Ցույց տալ, թե ինչպես է խաբում եւ մոլորեցնում իրեն հավատացող մարդկանց, ինչպես է քծնում անգրագետ ամբոխին ու վիրավորում իր հրաժարականը պահանջող գրագետներին։ Մի կողմից ասում է՝ «ով վեր է կենում՝ հրաժարական է պահանջում», ապա անմիջապես՝ «բայց ինձ ժողովուրդն է ընտրել, թող ժողովուրդն էլ իմ հրաժարականը պահանջի»։ Իսկ հրաժարականը պահանջողներն ովքե՞ր են՝ ժողովուրդ չե՞ն։ Թե՞ անանուն-անհասցե ժողովրդին սեր խոստովանելն ու քծնելը հարմար է, իսկ գրագետ մարդկանց մեղադրանքներին ու հարցերին պատասխանելը՝ անհարմար։

Ինչքա՞ն կարելի է խեղաթյուրել իրականությունը՝ բանակի, պատերազմի, պարտության մեղավորների, հետպատերազմական իրավիճակի, իր հրաժարականի ու արտահերթ ընտրությունների թեմաները խաղարկել ու շահարկել։ Եվ մինչեւ ե՞րբ է ամեն մի նեղ իրավիճակում կոչ անելու, որ իր կողմնակիցները հավաքվեն հրապարակում։

Միայն հիմարները չեն հասկանում, որ մի քանի հազար պաշտոնյաները, իշխանական կերակրատաշտից օգտվող օլիգարխները, նրանց աշխատողներն ու ընտանիքի անդամները, դրան գումարած՝ մի խումբ անգրագետ, վերլուծելու անկարող ու հաջողակ մարդկանց հանդեպ կույր ատելություն տածող էակներ միշտ կարող են իր համար լսարան ապահովել՝ ծափ տալ եւ հետեւից քայլել։ Բայց վարչապետի գործը հանրահավաք ու երթ անելը չէ, մարդկանց խաբելն ու իր մեղքերն ուրիշների վրա բարդելը չէ, բոցաշունչ ու իմաստազուրկ ճառեր ասելը չէ։ Վարչապետի եւ իշխանությունների գլխավոր գործը հասարակությանը պաշտպանելը, երկիրը պարտությունից ու ցնցումներից զերծ պահելն է, նպաստավոր կենսամիջավայր ապահովելը։