Հինգ տարի առաջ արված «սկանդալային բացահայտումը» դատարանում փլվել է
2019 թվականին երեխաների ապօրինի որդեգրման սկանդալը պայթեց հենց կառավարության նիստում, երբ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը խոսեցին այն մասին, որ երեխաներ են որդեգրվել երկրից դուրս, իսկ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց՝ ապօրինի է եղել այդ գործընթացը` տասնյակ նորածիններ Իտալիա են տարվել։ Նկարագրվում էին մի քանի սխեմա. մայրերին ծննդատներում ստիպել են հրաժարվել երեխաներից, առողջական կեղծ փաստաթղթերով առողջ փոքրիկներ են որդեգրվել, այնինչ տարիներ շարունակ որդեգրել ցանկացող հայաստանցիները որդեգրման բազայում առողջ երեխաներ չէին կարողանում գտնել։
Սոցապի, Արդարադատության նախարարության, քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ` Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի, մի քանի բժիշկների, «Մանկան տան» նախկին տնօրենի և Իտալիայում որդեգրմամբ զբաղվող հավատարմագրված կազմակերպությունների ներկայացուցիչ Անուշ Գարսանցյանի հետ հայտնվեցին մեղադրյալների թվում` 11 անձ։
Անցել է 5 տարի, ապօրինի որդեգրումների աղմկոտ քրեական պատմությունը՝ 73 հատորով դեռ Հակակոռուպցիոն դատարանում է՝ դատավոր Սարգիս Դադոյանի վարույթում, քննվում է դռնփակ կարգով եւ վերջը չի երեւում։
Մեղադրյալների շարքում է Երևանի քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախկին պետ Իդա Խաչատրյանը: Նրա փաստաբան Հակոբ Ենոքյանն ասաց՝ իր պաշտպանյալին մեղադրում են կազմակերպված խմբի անդամ լինելու մեջ. «Որեւէ ապացույց չկա, որ մասնակից է եղել այդ ամենին, իր լիազորություններն է իրականացրել»։
Զրուցեցինք Իդա Խաչատրյանի հետ, ասաց՝ իրեն մեղավոր չի ճանաչում եւ պատմեց, թե ինչ է արել իր լիազորությունների շրջանակում․ «Քաղաքապետարանն ընդամենը որդեգրողների դիմումները ներկայացնում է սոցապնախարարություն, վերջինս է որոշում՝ որ երեխան որ ընտանիք պետք է որդեգրվի։ Օտարերկրյա որդեգրությունների հետ Երեւանի քաղաքապետարանն ընդհանրապես կապ չունի։ Բոլոր որդեգրողներին ես ասել եմ, որ ինչքան ուզում եք` կարող եք գալ բաժին, ծանոթանալ երեխաների ցանկին։ Նույնիսկ եղել են որդեգրողներ, որոնք զանգել են ինձ, ասել են՝ ընդմիջման ժամին կարող եմ գալ, ասել եմ՝ եկեք։ Այդ մասին իրենք գրառում են արել, որպեսզի հետագայում որեւէ մեկը քաղաքապետարանին չմեղադրի, որ որդեգրողները երեխաների ցանկին չեն ծանոթացել, եւ իմ բլոկնոտում, եւ իրենց տեղեկանքում գրել, ստորագրել են, որ այսինչ օրը, այսինչ ժամին եկել, ներկայացել են, ամբողջ ցանկին ծանոթացել են, որ երեխաներին իրենք ընտրել են` մենք բլանկով տվել ենք իրենց, որ այս երեխաներին կարող եք գնալ, տեսնել, մի օրինակն էլ պահել եմ ինձ մոտ»։ Իդա Խաչատրյանն ասում է՝ չգիտի, թե ինչում են իրեն մեղադրում, ավելին՝ որդեգրող անձինք, երբ իմացել են գործի մասին, ասել են՝ գանք մասնակցենք նիստերին․ «Ես բոլորին հիշում եմ, որովհետեւ իրենց անձնական պատմություններն իմ բաժնի բոլոր աշխատողները գիտեն, բոլոր որդեգրողներն ինձ հետ կապի մեջ են, ասում են՝ գանք, մասնակցենք դատական նիստին, որովհետեւ տեսել են, որ ես իրենց համար ամեն ինչ արել եմ»։
2018-ի խառը շրջանում, երբ բոլոր կառույցներն ու հիմնարկները խառնվել էին իրար, 6 որդեգրողի փաթեթ, ըստ Խաչատրյանի, մնացել է սոցապնախարարությունում, կասեցրել են գործընթացը, զրկել են մարդկանց որդեգրելու հնարավորությունից, իրեն ուժային կառույցներից են զանգել․ «Ինձ տարբեր ուժային կառույցներից զանգում, ասում էին՝ ինչո՞ւ եք մարդկանց խոչընդոտում, ասում էի՝ փաթեթները նախարարությունում է, ես 2 անգամ գրություն եմ գրել Հայկ Մարությանի ոչ բարով տեղակալ Վիրաբյան Տիգրանին, որին օրերով չէին կարողանում բռնեցնել։ Որդեգրող զույգերից մեկը եկավ ինձ մոտ, ասաց՝ տիկին Խաչատրյան, իմ 50 տարեկանը լրացավ, ինձ զրկեցին 0-ից 1 տարեկան երեխա որդեգրելու հնարավորությունից, իսկ 1 տարեկանից բարձր երեխա որդեգրելու գործընթացը դժվարանում է, երեխա չի մնում որդեգրման։ Ասացի՝ կներեք, ես դրա հետ որեւէ առնչություն չունեմ»։
Իդա Խաչատրյանն անդրադարձավ նաեւ իշխանափոխությունից հետո իր նկատմամբ ճնշումներին՝ աշխատակազմի այն ժամանակվա ղեկավար Վահե Խաչատրյանի ու փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի կողմից․ «Վահե Խաչատրյանն ասաց՝ պետք է դիմում գրես, որովհետեւ սոցիալական ցանցերում ՀՀԿ-ականներին ես լայքում, ես ասացի՝ ես պատվով եմ կրում այդ անունը, կրել եմ ու կրում եմ։ Տիգրան Վիրաբյանն էլ ինձ ասաց՝ մենք մեր թիմով ենք աշխատում։ Ինքն ինձ հետ չէր շփվում, ես իր օգնականի միջոցով էի դիմումները հասցնում իրեն»։
Գործով անցնող Անուշ Գարսանցյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը մեզ ասաց, որ բոլոր մեղադրյալների գործողություններում չկա որեւէ բան նկարագրված, որն իրենք չպետք է անեին․ «Երեխաների որդեգրումներն իրականացվել են դատական վճիռների հիման վրա, չէ՞ որ վճիռներ կան օրինական ուժի մեջ մտած։ Այս նույն վաչապետ կոչվածը ստորագրում է, չէ՞, հիմա էլ նույն ընթացակարգով որդեգրումները։ Իմ պաշտպանյալի հետ կապված էլ՝ Իտալիան իր իտալացու համար ծառայության վճար ունի սահմանված, հիմա այդ իտալացու վճարներն, ասում են իմ պաշտպանյալին՝ փող ես լվացել։ Ոսումնասիրեցինք բոլոր երկրների գործընթացը, ամենաթափանցիկը Հայաստանում էր»։
Ըստ փաստաբանի՝ Իտալիայում չկա որեւէ գործ այս ամենի հետ կապված։ Անուշ Գարսանցյանի մեղադրանքը 3 անգամ փոփոփոխել են, դատարանը 3 անգամ հիմնավոր կասկածի բացակայություն է արձանագրել։
Կարծիքներ