Պարտության պատճառները

2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից մեկուկես տարի անց կարող ենք որոշ դիտարկումներ անել, թե ինչ տվեցին այդ ընտրությունները մեզ, եւ ինչքանով է այսօրվա քաղաքական դաշտն արտացոլում հանրային տրամադրությունները: Մի բան պարզ է, որ այսօր որքան մեծ է հիասթափությունն իշխանություններից եւ Նիկոլ Փաշինյանի կառավարումից, գրեթե նույնքան մեծ հիասթափություն կա նաեւ ընդդիմությունից:
Ավելին` գրեթե բոլոր ընդդիմադիր գործիչները, ում մարդիկ 2021-ի հունիսին տվեցին իրենց քվեն, այսօր խորհրդարանում չեն: Նրանցից մեկի` Սերժ Սարգսյանի անունն առհասարակ չկար ցուցակում, իսկ երկու ցուցակների առաջնորդները` Արթուր Վանեցյանը եւ Ռոբերտ Քոչարյանը վայր դրեցին մանդատները` իրենց թիմերին թողնելով բախտի քմահաճույքին եւ հրաժարվելով իրական քաղաքական պայքարից: Ըստ էության, ընդդիմության ճամբարի կազմալուծումը սկսվեց Ռոբերտ Քոչարյանի` մանդատը դնելու պահից: Անհնարին է կառավարել թիմ, եթե դու նրա կողքին չես: Առավել անհնարին է քաղաքական պայքարի մեջ լինել, եթե դու վախենում ես հարվածներից, եթե կարծում ես, որ քաղաքական պայքարը քո պատվից ցածր բան է, դու ծնված ես երկրի նախագահի աթոռին բազմելու եւ հրամաններ արձակելու համար:
Ու որեւէ մեկը չպետք է համարձակվի քեզ վիրավորել, հայհոյել ու քննադատել: Այսպես ասած, կապույտ արյուն է հոսում քո երակներում` շուրջբոլորը մարդիկ են զոհվում, արժեքների փլուզում է, համատարած քաոս, ավեր ու անորոշություն, իսկ դու պատվանդանի վրա դրված մի սրբապատկեր ես, որի առաջ մարդիկ կարող են միայն ծունր դնել ու աղոթել` չտեսնելով ոչ մի թերություն ու սխալ: Այսպես մտածող քաղաքական գործիչներն ի սկզբանե դատապարտված են պարտության, քանի որ քաղաքական պայքարը բարեպաշտ օրիորդների վարժարան չէ:
Կարծիքներ