Սահմանադրական դատարանը օրենքին չի ծառայում

Սահմանադրական դատարանը օրենքին չի ծառայում

2021 թվականի հուլիսի 30-ին Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով քրեական պատասխանատվություն սահմանվեց ծանր վիրավորանքի համար: Քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածը ՀՀ Սահմանադրական դատարանը ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող: Չնայած վիրավորանքն ու զրպարտությունը ՀՀ-ում ապաքրեականացվել էին դեռևս 2010 թվականին: Այսինքն, Սահմանադրական դատարանը, կոչված լինելով ապահովելու Սահմանադրության գերակայությունը, տուրք տվեց օրենսդիր և գործադիր իշխանությունների քաղաքական շարժառիթներին` ձևավորելով խոսքի ազատության և կարծիքի արտահայտման ազատության իրավունքների սահմանափակման թույլատրելիության վտանգավոր նախադեպ: «ԼՈՒՅՍ» հիմնադրամը ուսումնասիրել է Սահմանադրական դատարանի որոշումը եւ վեր է հանել խնդրահարույց եզրահանգումները, որոնք կատարել է ՍԴ-ն՝ արդարացնելով ծանր վիրավորանքի քրեականացումը։
Ներկայացնում ենք հիմնադրամի կատարած վերլուծության եզրափակիչ մասից մի հատված․ 

«ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն լի է գնահատողական մոտեցումների տեղիք տվող ձևակերպումներով: Ընդ որում, խնդրահարույց է այն, որ իրավական անորոշության փաստը չի փարատվում նաև Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1646 որոշմամբ: 

• Սահմանադրական դատարանը հայտնել է, որ ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն նախատեսելն ինքնին սահմանադրականության խնդիր չի առաջացնում, և առկա չէ սահմանադրորեն հետապնդվող նպատակին հասնելու համար բավարար արդյունավետ այլ օրենսդրական միջոց: Մինչդեռ, Սահմանադրական դատարանը չի հիմնավորում իր եզրահանգման հիմքում ընկած հանգամանքները: Օրինակ՝ արդյո՞ք պետության կողմից ծանր վիրավորանքի կամ ատելության խոսքի բացառման, բազմակարծությունը խրախուսելու, հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր օրենսդրական մակարդակում, կամ իրականացվել են իրազեկման աշխատանքներ հանրության շրջանում: 

• Հայաստանում առկա է վիրավորանքի ապաքրեականացման և քրեականացման հարցի վերաբերյալ պետության քաղաքականության մոտեցումների հակասություն` հիմք ընդունելով նախ` 2010 թվականին վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացումը և երկրորդ` Սահմանադրական դատարանի նախկինում կայացրած որոշումը, որը վերաբերում է վիրավորանքի և զրպարտության միջոցով պատճառված վնասի հատուցման համաչափության խնդրին: 

• Իրավական որոշակիության պահանջն առավել խիստ է քրեաիրավական նորմերի պարագայում, որոնց անկանխատեսելիությունը մարդու համար առավել ռիսկային է իրավական հետևանքների տեսանկյունից։ Մինչդեռ, խնդրո առարկա քրեաիրավական նորմը լի է անորոշ իրավական հասկացություններով։

• Խնդրո առարկա կարգավորումները համահունչ չեն միջազգային իրավական չափանիշներին և Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Նշվածը հիմնավորվում է նրանով, որ ծանր վիրավորանքի քրեականացումից ի վեր այն քննադատության է ենթարկվել միջազգային մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների կողմից: 

• Սահմանադրական դատարանի կողմից նշված կարգավորումների օրինականացումը վտանգավոր նախադեպ է ստեղծում, քանի որ հանգեցնում է մարդկանց խոսքի ազատության անհամաչափ սահմանափակման»: