Մեր նախարարի սև սիրտ, ձեր վարդագույն տուրիզմ

Մեր նախարարի սև սիրտ, ձեր վարդագույն տուրիզմ

ՀՀ ԱԳՆ-ն արտակարգ հաղորդագրություն է տարածել այն մասին, որ մարտի 3-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Շրի Լանկայի ԱԳ նախարար Դինեշ Գունավարդենայի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Խեր լինի՝ մտածեցինք ու անհամբերությամբ կարդացինք հաղորդագրությունը, որ րոպե առաջ իմանանք, թե ինչի մասին են խոսել Արա Այվազյանն ու Դինեշ Գունավարդենան: Պարզվեց, որ ՀՀ արտգործնախարարությունում իրենց ձև են տվել, որ ոչ մի պատերազմ չի եղել, իսկ Հայաստանում օրերն այնքան խաղաղ են անցնում, որ շրիլանկացի տուրիստները կարող են գալ Հայաստան ու… վայելել մեր երկրի գեղեցկությունները: Ինչպես ասում են՝ պրոբլեմներն զգետնած ունենք:
Հաղորդագրությունից իմացանք նաև, որ Հայաստանն ու Շրի Լանկան ունեն երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, որոնց լուծման համար պետք է ակտիվացնեն քաղաքական երկխոսությունը և շփումները: Նշված են համագործակցության հեռանկարային ուղղությունները՝ բժշկական կրթություն, զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ: 

Հաղորդագրությունն ավարտվում է այսպիսի սրտառուչ տողերով. «Այվազյանը և Գունավարդենան ընդգծեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության և փոխաջակցության ամրապնդումը, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի առաջմղման և համամարդկային մարտահրավերների դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերն ամրապնդելու ուղղությամբ»:

Արտգործնախարարությունից, վստահ եմ, կհարցնեն՝ հա, ի՞նչ վատ բան կա Շրի Լանկայից այդ զանգի և ներկայացված հեռախոսազրույցի մեջ: Վատ բան, իհարկե, չկա, Շրի Լանկան էլ լուրջ պետություն է: Այս պատմության մեջ ինձ համար ամենամեծ հայտնությունն այն էր, որ մենք տակավին արտգործնախարարություն ունենք, իսկ արտգործնախարարն էլ ռիսկով պատասխանում է զանգերին: Վստա՞հ եք, որ զանգողը Շրի Լանկայի արտգործնախարարն է եղել, հարցրե՞լ եք՝ պատահաբար սխալ չի՞ զանգել: Թե չէ ինչպե՞ս կարող էին կողմերը որևէ բառ չփոխանակել տեղի ունեցած պատերազմի ու այդ պատերազմում նրանցից մեկի կրած ծանր կորուստների մասին: Բայց՝ մի րոպե: Իսկ չլինի Արծրուն Հովհաննիսյանը հիմա էլ արտգործնախարարությունում է ներկայացուցիչ աշխատում…