Հասարակությունը խաբված վիճակում էր թե՛ մինչեւ պատերազմը, թե՛ դրանից հետո

Հարցազրույց Օձունի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի հետ
- Տեր Վրթանես, այս օրերին հուսահատությունը, պարտության եւ կորսված հայրենիքի ցավը, զոհերի, գերիների, անհայտ կորածների հարցը ծանրացել են բոլորիս հոգու վրա: Ո՞րն է այս իրավիճակից դուրս գալու ելքը:
- Ցավոք, շատ դժվար ժամանակներ են. մեր պատմական հայրենիքից մեծ տարածքներ անցան Ադրբեջանին, որոշ տարածքներ ադրբեջանական զորքերի կողմից զավթվեցին մեր ռազմաքաղաքական ղեկավարության` բանակը ոչ պատշաճ ղեկավարելու արդյունքում: Ճշգրիտ ժամանակացույցով ինչ-որ տարածքներ են տրվում թշնամուն, բայց գերիների վերադարձման, անհայտ կորածների որոնման աշխատանքների հետ կապված՝ կոնկրետ ժամանակացույց չկա: Պետության առկայության պարագայում ավելի շատ հարազատներն են փորձում զբաղվել այս հարցով, քան պետական կառույցները: Նաեւ ականատես եղանք ոչ պատշաճ կազմակերպված զորահավաքի: Մինչդեռ, եթե Ադրբեջանը սեպտեմբերի 4-11-ը զորահավաք է անում եւ զորքերը չի ցրում, դրանից հետո մենք գոնե սեպտեմբերի 12-ից պետք է կազմակերպեինք համատարած զորահավաք: Բայց դա չեղավ, սպասեցինք մինչեւ պատերազմ սկսվեց: Բնականաբար, սրա հետեւանքները պետք է լինեին հուսահատությունը, ընկճվածությունը: Մինչդեռ Քելբաջարում ինչ մեծ ճանապարհ էր կառուցվել, համահայկական հիմնադրամի եւ պետության միջոցներով ինչքան դպրոցներ, մշակույթի պալատներ կառուցվեցին, ու հանկարծ տեսնում ենք, որ տարածքներ են տրվում, որոնք երբեք չեն եղել Ադրբեջանի կազմում, օրինակ՝ Հադրութը, որը վերջին մի քանի հազար տարին միայն հայերով է բնակեցված եղել: Ես հասկանում եմ մարդկանց հուսահատությունը:
- Մարդիկ նաեւ իրենց խաբված են զգում, որովհետեւ 44 օր շարունակ նրանց ասվեց` հաղթելու ենք, կոտրելու ենք թշնամու ողնաշարը, բայց տեղի ունեցավ հակառակը: Ի՞նչը հանգեցրեց այս իրավիճակին:
- Թշնամին թերագնահատվել էր, հատկապես վերջին 2.5 տարում փորձում էին թուրքին ավելի քաղաքակիրթ, կառուցողական ներկայացնել: Ոչ կոռեկտ արտահայտություններ էին արվում, այն դեպքում, երբ Արցախն ինքնորոշվել էր, իսկ վարչապետն ասում էր՝ Արցախը Հայաստան է։ Դա կարող էր ասել ֆիդայական կամավորական խմբի որեւէ առաջնորդ, ո՛չ երկրի ղեկավարը: Հետո, եթե կար մոտեցում՝ տարածքները վերադարձնելու, ու համապատասխան ռազմական գնումներ էլ չէին արել, կարող էին մինչեւ պատերազմը 5 շրջանները վերադարձնել, տարածքների փոխանակում, Լաչինի միջանցք, Արցախի ինքնորոշում ապահովել, գոնե Լեռնային Արցախը մնար հայությանը: Ցավալի իրավիճակ է, որին գումարվեցին նաեւ լրատվական դաշտի հանդեպ բռնաճնշումները, հասարակությանը ստեր ու կեղծիք հրամցնելը, քաղաքացիներին խոնարհության փոխարեն հպարտության դրդելը: Թշնամին արդեն հասել էր Իշխանաձոր, բայց մեզ դրա մասին տեղեկություն չէին տալիս, մենք Գուգլով էինք որոնում, թե ուր է հասել հակառակորդը: Ու հիմա որեւէ հետաքննություն չի կատարվում` պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու, այն դեպքում, որ այս իրավիճակը լուրջ հետաքննելու կարիք ունի: Միաժամանակ, կառավարությունում որոշ փոփոխություններ են անում, եւ Արայիկ Հարությունյանին, որին ուղղակի պետք է պաշտոնից ազատեին, վարչապետին խորհրդական են նշանակում: Այն նախարարին, որ խոսում էր ռազմագիտություն, հայոց եկեղեցու պատմության առարկայի դեմ: Թե այդ ապազգային տարրերի՝ քաղաքական դաշտում հայտնվելու արդյունքում ինչ մեծ կորուստներ կարող ենք ունենալ, տեսանք:
Ամաչում ես` հիշելով, թե 90-ականներին մեր հերոսներն ինչ դժվարությամբ կարողացան Արցախը պահել` ստեղծելով անվտանգության գոտի, բայց այսօր կայացած բանակի առկայության դեպքում այսպիսի խայտառակ պարտություն կրել․․․ հանկարծ պարզվում է, որ մեր գնած ինքնաթիռները հրթիռներ չունեին, ասում են՝ հակաօդային պաշտպանության համար սա ենք առել, պարզվում է` սուտ: Հասարակությունը խաբված վիճակում էր թե՛ մինչեւ պատերազմը, թե՛ դրանից հետո: Բանակում ռեֆորմ արեցին, բայց միայն՝ սննդի հարցում, որի արդյունքում բանակի մյուս հիմնական ուղղությունների ձախողում տեսանք: Ավելի լավ էր բանակի սնունդը մնար նախկինը, բայց բանակը ռազմատեխնիկական հագեցվածությամբ չզիջեր հակառակորդին: Ինչ-որ մի նախարար էլ ասում էր․ նոր պատերազմի դիմաց՝ նոր տարածքներ, այն դեպքում, երբ եղած տարածքներդ պահելու ոչ մի շանս չունեիր։ Ուրեմն րոպե առաջ զբաղվեիր հակաօդային միջոցների հարցով, Իսրայելից համապատասխան դրոններ առնեիր, ոչ թե պատերազմի ամենածանր փուլում համահայկական հիմնադրամին փոխանցում անեինք, որը հետո փոխանցեին կառավարությանը` չգիտեմ ինչի վրա ծախսեին: Հասարակության մեծ մասը սրանից է ընկճված: Հասարակությունը պատրաստ էր պատերազմելու, այս իրավիճակում էլ կարելի էր պատերազմել եւ հաղթել․ եթե, օրինակ, Վազգեն Սարգսյանը լիներ Պնախարար, մեր բանակը նորից փայլուն հաղթանակ կտաներ:
Եթե նախորդ 3 նախագահներից ցանկացած մեկը լիներ երկրի վարչապետ, էլի մեր պետությունն ի վիճակի կլիներ այս վիճակից դուրս գալ: Տեսնում ենք ղեկավար կազմի կողմից կատարյալ ապաշնորհություն, որոնք միջազգային հանրության հետ չեն կարողանում բանակցել: Եվ այս խայտառակ համաձայնագիրը, որի մեջ չի խոսվում գերիների վերադարձի հստակ ժամանակացույցի մասին, երեւի 90-ականներին այսքան գերի չենք ունեցել, որովհետեւ այս անգամ նահանջ չի եղել, այլ տարերային փախուստ, ինչը կարող էր լինել միայն բանակի վատ ղեկավարման արդյունքում: Սրանով հանդերձ, տեսնում ենք իրենց թիկնապահների բազմաշատությունը Երեւանում, Էջմիածնում, զինվորների հոգեհանգստյան արարողությանը պետական պաշտոնյան գնում է 100-ից ավելի թիկնապահներով, 2-3 թիկնապահը քեզ լրիվ բավարար է, մնացած մուսկուլավորներն ու հաստավիզները թող գնան՝ սահմանին իրենց հաստ մուսկուլները ցույց տան: Փողոցային այն բարքերը, որին դեմ էինք հների ժամանակ, երբ քաղաքացիներին դուբինկեքով դաժանորեն ծեծում էին, հիմա նույնն այսօր է կատարվում փողոցներում` անհայտ կորածների, գերի ընկածների հարազատների նկատմամբ:
Այս իրավիճակում դժվար է լավատես լինել: Արցախի 19 հանքից 17-ը կորցրել ենք, մնացած 2-ի հարցն էլ հարցականի տակ է, իսկ 5 տարի հետո Արցախի ճակատագիրն ընդհանրապես հարցականի տակ է: Փառք ու պատիվ նախկին նախագահներին, սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից, որ ասում էր՝ ազատագրված շրջանները պետք է վերադարձնենք Արցախի ճանաչման դիմաց, փառք ու պատիվ Ռոբերտ Քոչարյանին, որը բանակցում էր Արցախի անկախության շուրջ միջազգային հանրության հետ, փառք ու պատիվ Սերժ Սարգսյանին, որ կարողացավ քառօրյա պատերազմը շուտ կանգնեցնել, եւ այսպիսի մեծ կորուստներ չունեցանք: Եվ տեսնում ենք այս իշխանություններին, որ ապրիլյան պատերազմի շուրջ հետաքննություն էին անում, մարդկանց քննադատում` դիվանագիտությունը դիտարկելով որպես ուրիշի կոշիկ լիզել, մեկ էլ արդյունքում պարզվեց, որ ադրբեջանցու կոշիկներն են լիզել: Պարտված, ապաշնորհ իշխանություններն այս խայտառակ կապիտուլյացիայից հետո պարտավոր են հեռանալ եւ հնարավորություն տալ իշխանափոխության միջոցով երկրի վիճակը շտկել: Մինչդեռ այնպիսի վիճակ են ստեղծում, որ եթե հրաժարական տան, պարտադիր հներն են գալու։ Այդպես չէ, կարող են եւ հները գալ եւ ավելի մաքուրները, նրանք, ովքեր պատրաստ են երկիրը փոխել: Ցավոք, այս 2.5 տարվա մեջ տեսանք, որ մեր պաշտոնյաների համար երկրի ապագայի տեսլական ուղղակի գոյություն չունի, իրենց համար նպատակակետ են բարձր աշխատավարձը եւ պարգեւավճարը: Այս 2.5 տարում հայրենիքում քանի՞ եկեղեցի ու վանք եք վերանորոգել, կառուցել, որ դրա տասնապատիկը մի ստորագրությամբ տվեցիք թուրքին:
- Պատերազմից հետո սկսեցին բարձրաձայնել, թե բանակում շատ էր դասալքությունը, զինվորները չէին կռվում: Դուք Արցախում էիք՝ որպես կամավոր, ի՞նչ եք կարծում՝ այդ դեպքերը վճռորոշ դեր խաղացի՞ն պատերազմի ելքի վրա:
- Ինքս չեմ տեսել փախչող զինվորների, սպաների, ու եթե կա դասալքություն, դա ռազմաքաղաքական ղեկավարության ապաշնորհության հետեւանք է, եթե զորքը փախչում է մարտի դաշտից, դա զինվորի մեղքը չէ, այլ` հրամանատարության: Ու հիմա այն դիրքերը, որ մենք պահել էինք, այս համաձայնագրով պետք է տրվեն Ադրբեջանին: Քննադատում են 30 տարվա իշխանություններին, բայց նրանք գոնե այն ժամանակվա հնարավորությունով գերանով բլինդաժ են սարքել, իսկ դո՞ւք ինչ եք արել: Սա մեր պետության լրջագույն ձախողումն էր` ռազմաքաղաքական ղեկավարության գլխավորությամբ, եւ մեղքը բարդելով ամենաներքեւի օղակի` զինվորի վրա, դրանով հրաժարվում են իրենց պատասխանատվությունից: Եթե տարածքները պիտի զիջեին, գոնե 5 հազար զոհ չէինք ունենա, 10 հազար վիրավոր չէինք ունենա, այսքան ենթակառուցվածքների ոչնչացում չէինք ունենա, իրենց չսիրած հին իշխանությունները տարիներով կառուցել էին, թե՞ դա իրենք չեն տեսնում: Հների 1-2 դղյակները համացանցով անընդհատ պտտեցնում են, բա նրանց կառուցած դպրոցները, մանկապարտեզները, ջրագծերը, ճանապարհներն էլ ցույց տվեք: Քննադատում են մի գեներալի, որ սեփական տուն է կառուցել, նրա տեղը բերում-դնում են մի ապաշնորհի, որն էլի տուն է կառուցում, բայց գեներալ էլ չէ: Մանվել Գրիգորյանին վարկաբեկեցին, բայց նա գոնե ապրիլյանի ժամանակ մեծ քանակությամբ մարդ տարավ: Հասարակությունը հուսահատված է, այդ թվում` իրենց կողմից համացանցում տարածվող թշնամանքից ու ատելությունից, մարդիկ փողոց դուրս չեն գալիս, որովհետեւ չափից դուրս հուսահատված են: Ո՞նց կարելի է մեր տարածաշրջանում հակառուսական քարոզչություն իրականացնել, երբ մեր անվտանգությունը Թուրքիայից նաեւ Ռուսաստանն է պաշտպանում, բա ի՞նչ պիտի անենք, եթե ռուս զինվորին շնորհակալություն չհայտնենք, իհարկե՝ նա իր շահերն ունի եւ վաղը իր շահերից ելնելով՝ կարող է սահմանից հետ քաշվել: Կարսում էլ ռուսի հետ կանգնած էինք, մեկ էլ մի գիշեր արթնացանք ու տեսանք, որ ռուսական զորքը մեզ հետ չէ․ դրա մասին պետք է իշխանությունները մտածեն: Ունենք պետություն, բայց գնում ենք ռուսին ենք խնդրում, որ մեր գերի զինվորների հարցը լուծի, ՌԴ նախագահն է վեհափառի միջնորդությամբ մեր վանքերի անվտանգությունը փորձում ապահովել: Հարգանք ու խոնարհում հանուն հայրենիքի զոհված զինվորներին, Աստված առողջություն տա վիրավոր զինվորներին եւ ազատություն գերեվարվածներին:
Կարծիքներ