Զելենսկին ինչո՞վ է առավել Փաշինյանից

Զելենսկին ինչո՞վ է առավել Փաշինյանից

Երեկ տեղեկացանք, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում է ունենալու ԱՄՆ նախագահի հետ։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հանդիպում չի ունենալու։ Նա կհանդիպի Կալիֆորնիայի նահանգապետի հետ, որը չէր բարեհաճել մնալ իր նահանգում, անձամբ դիմավորել Նիկոլ Փաշինյանին եւ մասնակցել հայ համայնքի հետ հանդիպմանը։ Նրանց հանդիպումը կկայանա Նյու Յորքում։ Ինչո՞ւ է ամերիկյան իշխանությունն այսպիսի տարբերություններ դնում ՀՀ վարչապետի եւ, ասենք, Ուկրաինայի նախագահի միջեւ։ Ի վերջո, մենք հսկայական սփյուռք ունենք ԱՄՆ-ում՝ ընտրողների հոծ բանակ, որոնց սիրաշահելու համար միայն ամերիկյան իշխանությունները պետք է Նիկոլ Փաշինյանին ավելի բարեհաճ վերաբերվեին։ 

Մանավանդ որ Զելենսկին Ուկրաինայի նախագահ ընտրվեց բոլորովին վերջերս՝ 2019 թվականի մայիսին, իսկ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետ է ընտրվել անցյալ տարվա մայիսին՝ մեկուկես տարի առաջ։ Բայց Զելենսկուն հաջողվեց ընդամենը չորս ամսում ԱՄՆ նախագահի հետ «քաղաքական օրակարգ ձեւակերպել», իսկ մեր իշխանություններին մեկուկես տարի է՝ դա չի հաջողվում։

Պարզապես Ուկրաինան ակնհայտ պրոարեւմտյան ուղի ընտրած եւ ԱՄՆ-ի համար տարածաշրջանում առաջնային նշանակություն ունեցող պետություն է, եւ տրամաբանական է, որ Թրամփը Զելենսկու հետ խոսելու ավելի շատ բան ունի, քան Փաշինյանի։ Բայց Նիկոլ Փաշինյանի հեղափոխական կեցվածքն ու հայտարարած առաջնահերթությունները թույլ են տալիս մտածել, որ աշխարհի գերտերություններն ավելի լուրջ պետք է վերաբերվեին մեզ, ավելի բարձր պետք է գնահատեին հեղափոխություն արած երկրի արժեքը։ Երեկ նույնիսկ Պարույր Հայրիկյանն էր այդ թեմային անդրադարձել՝ հիշեցնելով, որ ինքն ԱՄՆ-ում երկու տարի ապրել է, բազմիցս հանդիպել է սենատորների, կոնգրեսականների հետ, անգամ նախագահ Ռեյգանին է հանդիպել, իսկ Փաշինյանը՝ ոչ։

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Ես չեմ ասում, որ Թրամփը պետք է գար եւ մասնակցեր հայ համայնքի հետ հանդիպմանը Լոս Անջելեսում, բայց ես շատ ուրախ կլինեի, եթե ադմինիստրացիայից որեւէ մեկը կամ գոնե ԱՄՆ Հանրապետական կուսակցության առաջնորդներից մեկը գար եւ մասնակցեր այդ հանդիպմանը, գոնե սենատորներ կամ կոնգրեսականներ լինեին՝ հանրապետական, որովհետեւ այնտեղ հանդիպմանը նստած էր միայն Ադամ Շիֆը՝ Դեմոկրատական կուսակցության ակտիվ կոնգրեսականներից եւ Թրամփի ամենամեծ քաղաքական հակառակորդներից մեկը»։

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի հետ հանդիպման օրակարգի բացակայությանը՝ «քանի դեռ այնպիսի օրակարգային կարեւոր հարցեր չկան, որոնք կարեւոր են թե՛ Հայաստանի, թե՛ Միացյալ Նահանգների համար, բարձր մակարդակի հանդիպումներ չեն լինում եւ չեն էլ լինի։ Այնպես որ, սա պետք է պայմանավորել նաեւ Թրամփի պրագմատիզմով եւ Թրամփի վարչակազմի առանձնահատկություններով»,- կարծում է քաղաքագետը։

Նախորդ իշխանությունից Սերժ Սարգսյանին հաջողվել է հանդիպել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ՝ 2010 թվականին, ապա 2013 թվականին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է հանդիպել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ, բայց Թրամփի ադմինիստրացիայի հետ որեւէ հանդիպում չի եղել նաեւ նախորդ իշխանությունների օրոք։ Այս հարցում Թրամփը կարծես թե ավելի կամակոր նախագահ է։