Քննչականի թիրախում Ջոն Ֆարխոյանն է. Վերմիշյանը նրա դեմ ցուցմո՞ւնք է տվել 

Քննչականի թիրախում Ջոն Ֆարխոյանն է. Վերմիշյանը նրա դեմ ցուցմո՞ւնք է տվել 

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գործով հակասական տեղեկությունները շատ են, պաշտոնականը՝ քիչ, չնայած գործը բազմադրվագ է, եւ դրա շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել 6 անձի: Ինքը՝ Վահագն Վերմիշյանը, մեղադրվում է կառուցապատողներից կաշառք ստանալու եւ նրանց օգտին գործողություններ կատարելու, ինչպես նաեւ Հայաստանի վաստակավոր շինարարի կոչումը կաշառքի եւ նվեր-շինանյութի դիմաց շնորհելու համար։ Ոմանք պնդում են, որ Վերմիշյանն ընդունել է մեղադրանքը, սակայն նրա փաստաբան Էդգար Արամյանը հերքում է այդ խոսակցությունները: Նա վստահեցնում է. «Վերմիշյանը մեղադրանքի ոչ մի մաս չի ընդունել»: 

Վերմիշյանի գործով է անցնում նաեւ Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, որը գրավի դիմաց ազատ է արձակվել։
Տեղեկություններ ունենք, որ գործին Ջոն Ֆարխոյանի անունը խառնելը ԱԱԾ հատուկ նպատակներից է եղել։ Ֆարխոյանը հին դատախազական կադր է, ամենատեղեկացված դատախազներից: Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նրան 2013 թվականին նշանակել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն շրջանների դատախազ, այնուհետեւ «տարավ» Գլխավոր դատախազություն, նշանակելով վարչություններից մեկի պետ: 

ԱԱԾ-ին մոտ շրջանակում լուր է շրջանառվում, որ Վահագն Վերմիշյանին կանգնեցրել են երկընտրանքի առաջ։ Նրա դիմաց անձնական բնույթի լուսանկարներ են դրել եւ առաջարկել են խոստովանել, որ Ֆարխոյանից կաշառք է ստացել, այլապես լուսանկարները կհրապարակվեն, եւ  Վահագն Վերմիշյանը տվել է պահանջվող ցուցմունքը: 

Էդգար Արամյանից փորձեցինք մեկնաբանություն ստանալ օդում կախված այս տվյալների վերաբերյալ․ հարցրինք, թե եղե՞լ է արդյոք լուսանկարների հետ կապված դեպք, Վերմիշյանի առաջ ինչ-որ լուսանկարնե՞ր են դրել, սպառնալով, որ կհրապարակեն, եթե Ֆարխոյանի դեմ ցուցմունք չտա: «Եթե Ձեր տեղեկությունը ճիշտ է, հաղորդում տվեք հանցագործության մասին: Ես առաջին անգամ եմ լսում այդ մասին: Չեմ կարող ասել՝ դա ճիշտ է, թե սուտ, ես նման տեղեկությունների չեմ տիրապետում»,- ասաց Արամյանը: Արդյոք Վահագն Վերմիշյանը ցուցմո՞ւնք է տվել, որ կաշառք է ստացել Ջոն Ֆարխոյանից: «Անցանք այդ հարցը: Նախաքննության գաղտնիք է, ես դա չեմ հրապարակում»: Գործով տարբեր անձինք են անցնում: Եղե՞լ է արդյոք առձեռն կաշառք: Մեր այդ հարցին փաստաբանը պատասխանեց.  «Կաշառքը կարող է լինի նաեւ փոստով»: 
Նկատենք, որ անհավանական զուգադիպությամբ, հունվարի 22-ին Ֆարխոյանին ազատեցին պաշտոնից, իսկ Վերմիշյանին ձերբակալեցին փետրվարի 5-ին։ 

Ֆարխոյանի փոխարեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության պետի պաշտոնին նշանակվեց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ Անրի Վարդանյանը: Նա Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի մարդն է համարվում, որին իր հերթին համակարգ է բերել Գագիկ Ջհանգիրյանը։

Ջոն Ֆարխոյանին առաջադրված մեղադրանքն ԱԱԾ-ն չի մանրամասնել։ Պաշտոնապես հայտնել է միայն, որ նա մեղադրվում է ՔՕ 312 հոդվածի 3-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը, առանց նշելու, թե ինչ կաշառքի մասին է խոսքը, եւ ինչի համար է այն տրվել։
Մեր տվյալներով, մեղադրանքը վերաբերում է նախագծային ինչ-որ աշխատանքների մասին պայմանագրի, որը Ֆարխոյանը ստորագրել է, եւ որի շրջանակում փոխանցված գումարի մի մասը փոշիացվել է։ Առձեռն փոխանցված գումարների մասին գործում խոսք չկա։