Ալֆայի հերոս Չիկոն դատարան է գալիս ձեռնափայտով

Ալֆայի հերոս Չիկոն դատարան է գալիս ձեռնափայտով

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության դեպարտամենտի ղեկավար, ԱԱԾ փոխգնդապետ, Արցախյան երեք պատերազմ անցած Արամ Գասպարյանը` «Ալֆայի Չիկոն», որը կանգնած է «Ալֆա» ջոկատի կազմավորման ակունքներում, արդեն մեկ տարի է անազատության մեջ է: Անցյալ տարի հունիսի 14-ին ԱԱԾ հատուկ ջոկատայինները, նույն «Ալֆան» նրան բերման ենթարկեց սեփական աշխատասենյակից: Լրագրողներին, որոնք սպասում էին Գասպարյանին կոմբինատի բակում, նա ասաց, որ ինքն էլ չգիտի, թե ինչու են իրեն տանում և կատակեց նույնիսկ. «Երեւի, կարոտել են նախկին կոլեագներս»:

Փոխգնդապետը մեղադրվում է Մանվել Փարամազյանի և մյուսների գործով, որն այժմ դատարանում է: Գասպարյանի գործը, սակայն, ավելի ուշ անջատեցին Փարամազյանի գործից, ում ազատ արձակեցին: Իսկ Գասպարյանին մեղադրում են ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու նախապատրաստության / Ք.Օ. 35 -149 հոդված/ և անձնական տվյալների խախտման համար: Ըստ նրա փաստաբան Դավիթ Կարապետյանի, մեղադրանքը բացարձակ անհիմն է: «Աբսուրդային է, նրա դեմ որևէ ցուցմունք տվող չկա», - ասում է Կարապետյանը: 

Արամ Գասպարյանին դատական նիստերի են տանում սայլակով: Վերջին նիստերին եկել է ձեռնափայտով: Կապված ոտքի հին վերքերի հետ, փոխգնդապետը մի քանի վիրահատություն է տարել, սակայն, ինչպես ասաց նրա փաստաբան Դավիթ

Կարապետյանը, նա չի սիրում խոսել իր առողջական վիճակի  մասին: 
Ըստ Կարապետյանի, մեղադրանքի հիմքում երկու առօրեական հեռախոսազրույցներից վերցված դրվագներ են: «Մեկում նրա աշխատողն ասում է, որ այսինչը Նիկոլի կուսակցությանն է ընտրում, Արամն էլ ասում է՝ ընտրում է, թող ընտրի, ոչ հորս կողմից է բարեկամ, ոչ մորս: Մյուս հաղորդագրությունն էլ՝ աշխատողն ասում է՝ էս չորս հոգին մեր կուսակցությանը չեն ընտրում, ընդ որում մեկը մյուս կուսակցության շտաբի պետն է: Արամը նրանց անուն ազգանուններն է ուզում և ասում է՝ լավ: Այս տեղեկությունը ստանում է ԱԱԾ-ն և Արամին ձերբակալում են որպես ընտրական իրավունքի խոչընդոտող: Այդ մարդիկ, որոնց անուն ները տրվել են, ցուցմունք տվեցին, որ իրենց նկատմամբ որևէ ճնշում չի եղել: Քանի որ այդ հաղորդագրություններում կային տվյալներ, թե ով որտեղ է աշխատում՝ սա էլ անձնական տվյալների գաղտնիության խախտման մեղադրանքի համար հիմք է հանդիսացել: Բայց Արամը անվտանգության  աշխատող էր, և ով որտեղ է աշխատել,  չէր կարող չիմանալ», - ասում է Դավիթ Կարապետյանը: 

Պղնձամոլիբդենայինում, որտեղ նախկին ԱԱԾ-ականն աշխատում էր թոշակի գնալուց հետո, նրան Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի մարդն են համարում: Վահե Հակոբյանը «Հայաստան» դաշինքի անդամներից է, իսկ Գասպարյանը պատերազմների բովով անցած հերոսներից: Նրանք երկուսն էլ անցանկալի են ներկայիս իշխանության համար: Եւ Արամ Գասպարյանի դեմ քրեական հետապնդումն ի սկզբանե ընկալվեց որպես քաղաքական հալածանք: Կարճ ժամանակով նա ազատ է արձակվել` 20մլն. դրամ գրավի դիմաց, սակայն վերաքննիչ դատարանի որոշմամբ կրկին կալանավորվել էր: Նրա ընկերները՝ նախկին ԱԱԾ-ականները պարբերաբար Գասպարյանին և մյուս հալածյալ սյունեցի հերոսներին սատարող հայտարարություններ են տարածում: 

«Պարոն վարչապետ, երկրին պատուհասածը որքան էլ ընդդիմության հետ մեկտեղ է պահանջում ողջամտության դրսևորում, այդուհանդերձ փաստական իշխանությունը Դուք եք, և հետևաբար առաջաքայլի պատասխանատվությունը ձերն է։ Դուք պարզապես պարտավոր եք կարգավորել ներքաղաքական մթնոլոտը, միավորել հանրությանը, կազմակերպել արտաքին վտանգին դիմակայելը», - հորդորում էր ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մեկ տարի առաջ։ Իսկ օրերս տարածած հայտարարությամբ նրանք  պահանջել են ազատել Գասպարյանին կալանքից, քանի որ նա առողջական խնդիրներ ունի, հիշեցնում են, որ նա կանգնած է եղել «Ալֆա» ստորաբաժանման ակունքներում, որ անհնար է նման մեթոդներով ազդել նրա վրա և որ իրենք երաշխավորում են Գասպարյանի պատշաճ վարքը: 

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը, որը պահեստազորի սպաների միության հիմնադիրներից է, «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ հայտարարություն տարածելով, փորձել են աջակցել իրենց գործընկերոջը, չանդրադառնալով քրեական գործին, այս կերպ  երաշխավորել են Արամ Գասպարյանի պատշաճ վարքագիծը, ցույց են տվել, որ իրենք նրա կողքին են:  

«Մեղավոր է, թե անմեղ՝ մենք այդ մասին չենք խոսում, այլ խոսում ենք զուտ խափանման միջոց կալանքի աննպատակահարմարության մասին: Գտնում ենք, որ կալանքը անհիմն է կիրառված, և նման անձը, եթե գտնվի ազատության մեջ, ոչ մի կերպ չի խոչընդոտի նախաքննության իրականացմանը, հետևապես նաև առաջարկել ենք, որ մենք երաշխավորենք նրա պատշաճ վարքագիծը նախաքննության ընթացքում, այսքան բան», - ասում է Միքայել Համբարձումյանը: 

Այսինքն` սա զուտ բարոյակա՞ն աջակցություն է: «Չէ, ինչո՞ւ բարոյական: Դա իրավական աջակցություն է, մենք պատրաստ ենք երաշխավորել այդ մարդու պատշաճ վարքագիծը: Մեր գնահատմամբ անձը անհիմն է գտնվում  կալանքի տակ»: Միքայել Համբարձումյանին հարցրեցինք, թե արդյոք հավատո՞ւմ է, որ հայտարարություններով ու ստորագրահավաքներով հնարավոր է ազդել այս իշխանությունների վրա, մանավանդ երբ խոսքը քաղաքական հետապնդման մասին է: «Եթե ուզում եք անկեղծ պատասխանեմ՝ հավանական չեմ համարում, որ հնարավոր է իշխանությունների վարքագծի վրա ազդել: Բայց ամեն դեպքում, դուք ինքերդ ձեզ պատկերացրեք, Աստված մի արասցե, այդ վիճակում հայտնվեք, ու ձեզ ոչ ոք չփորձի օգնել, կամ ձեր խնդիրները բարձրաձայնել: Հատկապես մարդիկ, ում հետ դուք ճանապարհ եք անցել», ասաց ԱԱԾ նախկին տնօրենը: