Խմբակային կեղծիք` հանուն եվրոպական կողմնորոշման

Խմբակային կեղծիք` հանուն եվրոպական կողմնորոշման

Խորհրդարանի օրակարգ մտած «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի մասով մենք գործ ունենք հերթական կեղծիքի հետ, որի հեղինակն ինչպես Հայաստանի իշխանությունն է` ի դեմս Հայաստանի կառավարության, այնպես էլ այդ իշխանության սատելիտ համարվող ուժերը, այսպես կոչված՝ արեւմտամետների դաշինքը: Խորհրդարանի օրակարգում գտնվող օրենքի նախագծի ընդունման արդյունքում Հայաստանում կտրվի Հայաստանի` ԵՄ-ին միանալու մեկնարկը: Բայց երբ արեւմտամետ ուժերը սկսեցին իրենց նախաձեռնությունը, նրանք հայտարարում էին, որ իրենց նպատակն այդ հարցով հանրաքվե անցկացնելն է եւ ոչ թե օրենք ընդունելը:

Ի վերջո, Հայաստանի հասարակությունը պետք է որոշեր` ուզո՞ւմ է Հայաստանը միանալ ԵՄ-ին, թե՞ ոչ: Այն, որ հարցը պետք է դրվեր հանրաքվեի` միանշանակ է թեկուզ նրանից, որ այդ ուժերը ԿԸՀ էին դիմել հենց հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ ստորագրություններ հավաքելու նախաձեռնությամբ: Ահա՝ կարդում ենք պետական «Արմենպրես» լրատվական գործակալության տարածած հաղորդագրությունը՝ 2024 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի մասին. «Հարցը զեկուցող ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնել է, որ նախաձեռնող խումբը ԿԸՀ է ներկայացրել «Հանրաքվեի մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Նախագիծը հանրաքվեին ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունների հավաքումն իրականացվում է ԿԸՀ-ի կողմից նախաձեռնող խմբին գրանցելուց հետո 60 օրվա ընթացքում։ Ստորագրությունների հավաքման ժամկետ է սահմանվել 2024 թվականի սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 14-ը ներառյալ»։  

Ինչպես տեսնում եք` նախաձեռնող խմբի կողմից հավաքվող ստորագրահավաքի նպատակը եղել է ԵՄ-ին միանալու հարցով ստորագրահավաք կազմակերպելը: Նախաձեռնության կողմից կազմակերպված բոլոր հանրային միջոցառումների ժամանակ մշտապես ասվել է, որ նպատակը հանրաքվե անցկացնելն է, մարդիկ հենց դրա տակ են ստորագրել: Եթե խորհրդարանի ՔՊ-ական մեծամասնությունը կողմ քվեարկի այս օրենքի նախագծին, ապա այն կհամարվի ընդունված, եւ հանրաքվեի անհրաժեշտությունը կվերանա:

Ինչ-որ պահից հանրաքվեի նախաձեռնությունը վերածվեց օրենքի նախագծի, պարզվեց, որ եվրաքվե նախաձեռնողները ստորագրահավաք են իրականացնում ոչ թե հանրաքվե անցկացնելու պահանջով, այլ ուզում են օգտվել Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ կետով իրենց տրված իրավունքից, որն օրենսդրական նախաձեռնության իրավունք է վերապահում 50 հազար քաղաքացու հավանությանն արժանացած քաղաքացիական նախաձեռնությանը: Այս իմաստների ձեւախեղման արդյունքում 2025 թվականի հունվարի 9-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը փաստացի որոշում կայացրեց՝ դրական եզրակացություն տալ օրենքի նախագծին եւ այն մտցնել ԱԺ օրակարգ: Առանց որեւէ հանրաքվեի, սեփական նախաձեռնությամբ եւ միանձնյա որոշմամբ, հիմնավորելով, թե ինքն իբրեւ թե չի կարող հաշվի չառնել 50 հազար քաղաքացու կարծիքը:
Ինչո՞ւ Փաշինյանը եւ եվրաքվե նախաձեռնողները գնացին նման ակնհայտ կեղծարարության, արդյո՞ք դա նախապես էր ծրագրված, թե՞ հանպատրաստից ստացվեց` ինչ-որ փոփոխված հանգամանքների ազդեցության տակ: Հիմա արդեն հասկանալի է, որ ամեն ինչ արվել է համատեղ, նախապես պլանավորելով եւ գործելով մեկ ընդհանուր համաձայնեցված ծրագրի շրջանակներում, հստակ դերաբաժանմամբ:

Փաշինյանը եւ նրա եվրաինտեգրման ջատագովները շատ լավ գիտեն, որ իշխանության հանրային աջակցությունը զրոյական է, ցանկացած բան, որը կապվում է իշխանության եւ անձամբ Փաշինյանի անվան հետ, մերժվում է հանրության կողմից: Դրա համար որոշեցին անցկացնել եվրաքվեն: Փաշինյանը հանձնարարել էր իր կողմնակիցներին, ՔՊ-ական պատգամավորներին` այնպիսիք, ինչպիսիք են Արման Եղոյանը կամ Արթուր Հովհաննիսյանը, խոսել եվրաքվեի ժամանակավրեպ լինելու մասին, որ տպավորություն ստեղծվեր, թե Փաշինյանը դեմ է դրա ընդունմանը: Մյուս կողմից՝ եվրաքվե նախաձեռնողներն էլ քննադատում էին իշխանություններին եւ հայտարարում, որ եթե ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեն իրենց նախաձեռնությանը, միեւնույն է` իրենց կհաջողվի հաղթահարել այդ արգելքը, քանի որ, ըստ «Հանրաքվեի մասին» օրենքի, հավելյալ 300 հազար ստորագրությամբ հնարավոր է հանրաքվե անցկացնելու պահանջը դարձնել պարտադիր, եւ իշխանությունն այդ դեպքում ստիպված կլիներ հարցը դնել հանրաքվեի: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ստորագրահավաքը կազմակերպվում է ի հեճուկս Փաշինյանի եւ ՔՊ-ականների: Եթե ի սկզբանե հայտարարվեր, որ եվրաքվեն գործում է Փաշինյանի հովանու տակ, եւ այդ նախաձեռնության հեղինակները հովանավորվում եւ ուղղորդվում են Փաշինյանի կողմից, նրանք ոչ թե 60 հազար, նույնիսկ վեց հազար ստորագրություն չէին կարող հավաքել:

Այս մանր ժուլիկությունը, իհարկե, իր ազդեցությունն ունեցավ, եւ Փաշինյանին ու իրեն ենթակա ուժերին հաջողվեց հավաքել այդ 60 հազար ստորագրությունը եւ օրենքի նախագիծը մտցնել խորհրդարան՝ որպես քաղաքացիական նախաձեռնության կողմից ներկայացված օրինագիծ: Ինչո՞ւ Փաշինյանի կառավարությունն իր անունից հանդես չեկավ նման նախաձեռնությամբ, կամ` ինչո՞ւ դա չարեցին ՔՊ-ական պատգամավորները, չէ՞ որ ե՛ւ կառավարությունը, ե՛ւ պատգամավորներն ունեն օրենսդրական նախաձեռնության իրավունք, ո՞րն էր այս թատրոնի իմաստը: Փաշինյանն ուզում է, որ իբրեւ թե ԵՄ գնալու եւ, հետեւաբար, ԵԱՏՄ-ից անջատվելու գործընթացը դիտվի որպես համաժողովրդական պահանջ, ինքն էլ՝ համաժողովրդական պահանջի կատարող, որ հետագայում էլ դրա հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը դնի եվրաքվեի տակ իրենց ստորագրությունը դրած քաղաքացիների վրա` ես ի՞նչ մեղավոր եմ, ժողովուրդն այդպես որոշեց, ես ընդամենը ժողովրդի կամքը կատարեցի:

Բայց Փաշինյանին եւ նրա գործակիցներին պետք է մշտապես հիշեցնել, որ մարդիկ միացել են հանրաքվե անցկացնելու նախաձեռնությանը, որն այդպես էլ չի իրականացվել: Հայաստանը հերթական արկածախնդրության տանելու պատասխանատվությունը կրելու են այս նախագծի հեղինակ ուժերը եւ այն ՔՊ-ական պատգամավորները, որոնք կողմ կքվեարկեն նախագծին: