«Հրապարակ». Ինչ բացթողնման մասին էր խոսում Փաշինյանը խորհրդարանում
Նախօրեին Ազգային ժողովում՝ հարցուպատասխանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը մի ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ Կիրանցի պատը կարող էր ավելի երկար լինել, եւ իրենց բացթողումն է, որ այդպես չեղավ։
Մասնավորապես, արձագանքելով ընդդիմադիր պատգամավորների՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ գնահատականներին, Փաշինյանը նախ հակադարձեց. «Էդ որ ասում եք՝ Կիրանցի պատը 3-րդ հանրապետության ամենամեծ խայտառակությունն է… Կիրանցի պատը 3-րդ հանրապետության ամենամեծ հաջողությունն է, որովհետև դրանից ՀՀ-ն ստացել է պետական սահման, խաղաղություն եւ անվտանգություն` շատ փոքր հատվածում»։ Ապա շարունակեց․ «Եվ մենք ըտեղ՝ այ, ըտեղ մեղավոր ենք, որ ճնշումների, այդ մթնոլորտից ելնելով, կարար էդ հատվածն ավելի երկար լիներ, եւ մենք ըտեղ բացթողում ենք արել, ձախողում ենք արել, եւ ես դա խոստովանում եմ»։
Այսինքն, Փաշինյանը կարծում է, որ մենք` հասարակությունը, խանգարել ենք, որ այդ սահմանազատումն ավելի մեծ հատվածում լինի, եւ ինքն ապագայում «շտկելու է» այդ բացթողումն ու կիսատ մնացածը փորձելու է շարունակել: Ընդդիմադիր պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման լիդերներից Գառնիկ Դանիելյանը մեկնաբանում է լսածը․ «Երեւի նկատի ուներ, որ էդ պատը մենակ Կիրանցի դպրոցի հատվածում է, եթե նայում եք՝ դպրոցից վերեւի տան կողքը միայն փշալարեր են, մի քանի հատ ժեշտի կտորներ՝ Ադրբեջանի հետ սահմանին, որտեղից օրումեջ ադրբեջանցիները ծաղրում են մեզ»։
Հենց Գառնիկ Դանիելյանն էր հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանից պատասխաններ պահանջում սահմանազատման գործընթացի, հանձնաժողովների հաստատած «խայտառակ» կանոնակարգի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Կիրանցում տեղի ունեցածը հակասահմանադրական է, քանի որ առանց կանոնակարգը հաստատելու, ՀՀ իշխանությունները զիջումների են գնացել։ Հարցնում էր նաեւ՝ ինչո՞ւ կանոնակարգում չի ամրագրվել 1975 թվականի քարտեզը՝ որպես սահմանազատման հիմք, Կիրանցում սահմանազատման ժամանակ պատկան մարմինները հայտարարում էին, որ հենց այդ քարտեզով են իբր առաջնորդվել։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը Գառնիկ Դանիելյանի հարցերին բովանդակային պատասխան չտվեց՝ ասելով, որ սահմանազատման հանձնաժողովի հայկական կողմի ղեկավար Մհեր Գրիգորյանը բոլոր հարցերին իրենից առաջ պատասխանել է, կա նաեւ հրապարակված կանոնակարգ, որտեղ ամեն ինչ գրված է։ Գառնիկ Դանիելյանին էլ խորհուրդ տվեց կարդալ` արանքում վիրավորելով, թե` եթե կարդաք, չհասկանաք, հաջորդ անգամ այստեղ ձեր հարցերը կտաք:
«Հիմա այդ մարդը Կիրանցի պատը ներկայացնում է 3-րդ հանրապետության ամենամեծ հաջողություն, բայց այդ պատը չի կարող անվտանգություն երաշխավորել, դա ոչ լեգիտիմ, ոչ օրինական սահման է։ Սրա մասին էի ես խոսում, որ առանց կանոնակարգը հաստատելու, սահման որոշեցին։ Հիմա եթե Սահմանադրական դատարանը չընդունի կանոնակարգը, ի՞նչ են անելու Կիրանցում։ Նիկոլ Փաշինյանը չգիտի, որ գյուղի կենսագործունեությունը խաթարված է՝ կամուրջը, ճանապարհը չկան, միջազգային նորմերով՝ եթե որեւէ բնակավայրի կենսագործունեության խաթարում է տեղի ունեցել, ուրեմն կողմերը պետք է նոր բաներ համաձայնեցնեն։ Երեկ հարցուպատասխանին իմ ժամանակը չբավականացրեց՝ այս ամենի մասին խոսելու, որ նաեւ այդ տարածքները Հայաստանի Հանրապետության կադաստրային քարտեզներից են հանվել»։
Իշխանական շրջանակներում Փաշինյանի խոսքի տողատակերը բացատրում են այսպես․ մեղավոր ենք՝ կարող էր պետական սահմանն ավելի երկար լինել, քան կա այդ հատվածում։ Նրանք ուշադրություն են դարձնում Փաշինյանի խոսքի «բանալի բառերին»՝ «ճնշումների մթնոլորտից ելնելով, կարար էդ հատվածն ավելի երկար լինել», եւ կարծում են, որ խոսքը Ոսկեպարի չսահմանազատված հատվածի մասին է։
Մենք ժամանակին անդրադարձել ենք այս խնդրին, թե ինչպես փոխվեց նախնական ծրագիրը, եւ Կիրանցը հայտնվեց թիրախում։ Մինչդեռ ամենասկզբում հենց Ոսկեպարի հարցն էր խնդրահարույցը, եւ պատահական չէր, որ մարտի սկզբին Փաշինյանն այցելեց հենց Ոսկեպար եւ բնակիչների հետ փակ հանդիպման ժամանակ գուժեց, որ սահմանագծման արդյունքում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպարի հատվածում մի քանի կիլոմետր անցնելու է ադրբեջանցիներին: Այստեղ էլ խոստացել էր շրջանցող ճանապարհ կառուցել, եւ նոր սահմանը պետք է անցներ Ոսկեպարի եկեղեցու հարեւանությամբ՝ 20-30 մետր հեռավորությամբ: Անգամ ականազերծողներ էին մեկնել եկեղեցու տարածք, որ տարածքն ականազերծեին ու հանձնեին ադրբեջանցիներին։ Հայաստանում հավատարմագրված ԵՄ դիտորդները եւս այդ օրերին Ոսկեպար գնացին` շրջանցող, ավելի երկար ու ոչ բարեկարգ ճանապարհով՝ ցույց տալով, որ հավանություն են տալիս գործընթացին։
Փաշինյանի այցից հետո Ոսկեպարում բողոքի ալիք բարձրացավ, բնակիչները շուրջօրյա ռեժիմով պայքարում էին, Երեւանից աջակիցներ միացան նրանց, իսկ իր առաջին այցից մոտ 3 շաբաթ անց Փաշինյանը երկրորդ անգամ այցելեց Տավուշ, որից հետո իրավիճակը գլխիվայր շրջվեց: Ոսկեպարցիները գոհ էին այդ հանդիպումից, ասում էին, որ սահմանազատումն իրենց սրտով է լինելու. Փաշինյանը խոստացել է, որ ճանապարհից հատված չի զիջելու, սահմանն անցնելու է գետի վերեւով եւ եկեղեցուց բավականին հեռու։
Մեզ որոշ մանրամասներ էին հայտնի դարձել, թե ինչպես «լուծվեց» Ոսկեպարի հարցը, եւ ինչպես պատահեց, որ Կիրանցը հայտնվեց ամենածանր վիճակում, թեպետ «լուծում» ասվածը խիստ հարաբերական է, եւ ինչ-որ պահի ադրբեջանցիները վերցնելու են իրենց ակնկալած բոլոր տարածքները` առանց բացառության, ու դա էլ է Նիկոլ Փաշինյանը ներկայացնելու որպես «հաղթանակ»՝ նշելով, որ շտկեց իր «բացթողումը»։
Պարզապես, ներքաղաքական լարված իրավիճակով պայմանավորված, Փաշինյանը գարնանը գնաց զիջումների կամ, ինչպես ինքն է ասում, «տրվեց ճնշումներին», ու Ոսկեպարի հարցը ժամանակավորապես հետաձգվեց: Բայց Ոսկեպարի հերթն էլ կգա, եւ նրան նույն Կիրանցի ճակատագիրն է սպասվում` թող ոչ մեկը կասկածներ չունենա։
Փակ հանդիպումներից մեկի ժամանակ Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանն առաջարկել էր գյուղի մեջ մտնող «եռանկյունի սեպի» հատվածը, որը պետք է, ըստ առաջին տարբերակի, վերադարձվեր Ադրբեջանին, փոխանակել Ոսկեպարի անկլավով: Այսինքն՝ սեպը սեպով փոխանակվեր, քանի որ այդ տարբերակով ո՛չ ադրբեջանցիներն են կարողանալու լիարժեք օգտագործել իրենց ստացած տարածքները, ո՛չ հայերը: Սկզբում այս առաջարկին կոշտ են արձագանքել, թե Ադրբեջանը ոչ մի նոր տարբերակ չի ուզում քննարկել, հետո գնացել մտածել են եւ հանձնաժողովների հետագա հանդիպումների ժամանակ այս առաջարկը եւս ներկայացրել են ադրբեջանցիներին, որը, ըստ իշխանական աղբյուրների, զարմանալիորեն ընդունվել էր նրանց կողմից: Իսկ թե հետո ինչ եղավ կամ կլինի` ոչ մեկին հայտնի չէ:
Կարծիքներ