Բաց նամակ վարչապետիս

Բաց նամակ վարչապետիս

Բարիհաջողում, Փաշինյան ջան, Շմավոնն է: Լա՞վ ես: Մենք էլ ոչինչ… նոր Հայաստանում ո՞նց կլինես: Բայց էն ի՞նչ արիր Ալևին: Քեֆս եկավ: Մյուս անգամ, որ դրա վրա տղա բերելու կլինես, Սասունցի Դավթի անունը դուխով տուր՝ քուռկիկ Ջալալի, թուր կեծակի… Ու էլ չթողնես ուշքի գա:
Փաշինյան ջան, էն որ ասիր թոշակներն ու աշխատավարձերը բարձրացել են, բայց մեր քաղաքացին դեռ գլխի չի ընկել, իր վրա չի զգում, լրիվ ճիշտ է: Անձամբ եմ ստուգել: Բարձրացած աշխատավարձս ստացա ու դուխով մտա խանութ: Շարունակությունն էլ չասեմ, դու էլ գիտես, թե ինչ եղավ: Ու հիմա տանը նստած՝ չեմ զգում, որ 4 հազար դրամ բարձրացել է աշխատավարձս: 

Բայց ոնց որ մի ուրիշ կարևոր բան կար ասելու: Հա, պարոն Փաշինյան ջան, մոլորվել-մնացել եմ էս հանրաքվեի հարցով: Համ ուրախ եմ, համ չգիտեմ ինչ ասեմ՝ «այո՞», թե՞ «ոչ»: Քո խաթեր համար անկեղծ սրտով ուզում եմ «այո» ասել, բայց դրանով իմ ուզածը չի լինում: «Ոչ» էլ ասեմ՝ էլի չի լինում: Մի խոսքով՝ հիմար վիճակում եմ հայտնվել:

Մեր բեսեդկում մի քանի անպետք մարդիկ կան: Սրանք ասում են՝ Շմավոն, ոնց էլ քվեարկես՝ «իտոգը» Մուկուչյանն է տալու, նա է որոշելու՝ «այո՞»-ն է հաղթել, թե՞ «ոչ»-ը: Հասկացար չէ՞, ուզում են համոզել, որ չգնամ հանրաքվեի: Բայց ես տանը նստողը չեմ: Հենց մեր թաղում շտաբ բացես, գալու եմ կողքիդ կանգնեմ: Միայն թե ինձ մի խրատ տուր, ո՞նց քվեարկեմ, որ իմ ուզածով լինի: «Այո» ասեմ՝ էն Վահե Գրիգորյանը մնալու է, «ոչ» ասեմ՝ էլի մնալու է: Հույս ունեմ, որ Վահե Գրիգորյանին դու էլ չես սիրում, Փաշինյան ջան: Ախր սիրելու բան էլ չէ: Գոնե համեստություն ունենար ու ԱԺ ամբիոնի մոտ մանիպուլյացիաներ չաներ, թե ես եմ ՍԴ նախագահը: Ի՞նչ է, Հրայր Թովմասյանին բա՞ն էր պատահել: Էդ Վահե Գրիգորյանը գործի չի գնում, որ մեկ-մեկ էլ ՍԴ շենք է մտնում, գնում, պառկում է բազմոցին ու երազում: Մատը մատին չի տալիս: Ոչ մի նիստի չի մասնակցում, ոչ մի գործ չի քննում, աշխատավարձը ժամանակին ստանում է, պարգևատրություններից չի հրաժարվում:

Պետական ավտոն տակն են դրել, բենզինն էլ տալիս են, բայց էլի գործ չի անում: Բեսեդկի տղերքն ասում են՝ Նիկոլի ուզելով է Վահեն հայտնվել ՍԴ-ում: Շատ մեծ դժվարությամբ եմ նրանց համոզել, որ Փաշինյանը կապ չունի, Լևոնի մարդն է, գուցե չի կարողացել մերժել, ձեր պապին ձեզ բան խնդրեր՝ կմերժեի՞ք: Ասում եմ, բայց մտքում քեզ եմ էլի մեղադրում, Փաշինյան ջան: Ասենք իմքայլական ջահելները չէին ճանաչում Վահեին, չգիտեին, որ խայտառակ ձախողված իրավաբան- փաստաբան է, դո՞ւ էլ չգիտեիր: Դե հիմա ասա՝ ինչպե՞ս քվեարկեմ, որ տզրուկի պես պետության ջանին կպած այդ անբանից ես ու դու ազատվենք:

Լավ, վարչապետիս ժամանակը չխլեմ: Համ էլ մինչև ապրիլի 5-ը ահագին ժամանակ կա, երևի մի բան կորոշվի Վահեի հարցով: Հակառակ դեպքում ես ինձ չեմ ներելու, որ Հրայր Թովմասյանի նման աշխատող մարդուն գործից հանեն, իսկ Վահեի նմանը մնա ու տարիներով պառկի ՍԴ բազմոցին: Մեկ էլ չեմ հասկանում, թե Հրայրն ինչո՞վ չի համապատասխանում թավշյա հեղափոխությանը: Մարդը ԱԱԾ-ի բոլոր քննությունները հանձնեց, հայրական տան տանիքը լայն բացեց հատուկ ծառայությունների առաջ, հարցաքննությունների գնաց ընտանիքով, բարեկամները կալանավորվեցին… Որ մի բան լիներ՝ կգտնեիք, չէ՞: Աշխատավարձն ու պարգևավճարներն էլ բանակին է փոխանցում: Բա չէ, Վահեի նման, որ ցերեկը ՍԴ-ի մոտով վերուվար է անում, որ ՖԲ-ում միամիտ մարդիկ գրեն, թե նրան տեսել են գործից դուրս գալիս:

Փաշինյան ջան, եթե հարմար չնկատես այս նույն ձևաչափով, այսինքն հրապարակային, պատասխանել նամակիս, ապա կարող ես գրել… էն ո՞նց էր անունը, հա՝ «պրիվատ»: Ուրեմն մտնում ես Էդիկ Անդրեասյանի ՖԲ էջն ու անձնական գրում իրեն: Ինքը կփոխանցի: Լա՞վ:

Ծով հարգանքով առ վարչապետս՝
Քաղաքացի Շմավոն