Նարիբեկյանի ազատման հարցը դեռ անցյալ տարի էր որոշվել

Նարիբեկյանի ազատման հարցը դեռ անցյալ տարի էր որոշվել

Երեկ, մենք գրել էինք, որ Ազգային ժողովում ՔՊ-ն երեկոյան դռնփակ նիստ է անցկացնում, որտեղ քննարկվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի ազատման հարցը։ Պահանջողները եղել են ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Պատրվակը պատգամավորների օգնականներին պարգևավճար չհատկացնելն է, որի վերաբերյալ անգամ ստորագրահավաք են կազմակերպել՝ Նարիբեկյանից պահանջելով անպայման իրենց պարգևատրել։ Ամենաակտիվը հենց Կոնջորյանի ու Հովհաննիսյանի օգնականներն են եղել։ Բայց պատճառներն ավելի խորքային են:

Նարիբեկյանն այս օրերին գործուղման էր մեկնել Փարիզ եւ այսօր տեղեկանալով իր դեմ կազմակերպված խռովության մասին, դադարեցրել է գործուղումը եւ վերադառնում է Երեւան: Մենք տեղեկացանք, որ Նարիբեկյանը, այդուհանդերձ, որոշել է ազատման դիմում գրել ու թողնել հեռանալ, որ խռովության կազմակերպիչներն այսուհետեւ իրենց սրտի ուզած մարդկանց, սրտի ուզածի չափ պարգևավճարներ կարողանան բաժանել:

Բայց պատճառը միայն պարգևավճարները չեն։ Մեզ պատմեցին՝ Վահան Նարիբեկյանի ազատման հարցը դեռ անցյալ տարի դեկտեմբերին է որոշված եղել, ու այսօր պարգևավճարներով ընդամենը ֆոն են ստեղծել։ Պատճառները տարբեր են: Թիվ մեկ պատճառն այն է, որ Նարիբեկյանից գոհ են ընդդիմադիրները, դժգոհ՝ բյուջեի հաշվին զվարճանալու սեր ունեցող ՔՊ-ականները, որոնց քմահաճույքների որոշ մասը մերժել է Նարիբեկյանը։ Շատերին դուր չի գալիս նաեւ այն, որ Նարիբեկյանը հաճախ է գործուղումների մեկնում: Նրա դեմ արշավի գլխավոր նախաձեռնողն ու դերակատարը Հայկ Կոնջորյանն է, որը թիմից-թիմ թռչելու, ինտրիգներ ու դավադրություններ հյուսելու, մարդկանց ոտքի տակ փորելու հարուստ փորձ ունի։

Նշենք, որ Վահան Նարիբեկյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի «մարդն» է` նա է Նարիբեկյանին բերել ԱԺ, նշանակել այս պաշտոնին, ու հիմա նրան հանելով ՔՊ-ն եւ Նիկոլ Փաշինյանը որոշակիորեն թուլացնում են Սիմոնյանին, այսպես ասած` կարմիր քարտ են ցույց տալիս: Ի դեպ, դռնփակ նիստում Ալեն Սիմոնյանը ներկայացրել է պարգևավճար չտալու պատճառը, այն է՝ ֆինանսի բացակայությունը, և հորդորել է Նարիբեկյանի թեման քննարկել այն ժամանակ, երբ ինքը կվերադառնա։