Կարգի՛ հրավիրեք ձեր Քոչարյան Անդոյին

Կարգի՛ հրավիրեք ձեր Քոչարյան Անդոյին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հին ժամանակներից շատ-շատերին հայտնի Անդրանիկ Քոչարյանն այսօր հերթական անգամ փայլեց լրագրողների հանդեպ ատելությամբ ու մաղձով։ 

Մենք գրել էինք, որ այսօր առավոտյան ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը ՀՀ Զու գլխավոր շտաբի պետի մասնակցությամբ նախաձեռնել էր փակ քննարկում՝ կապված բանակում վերջին շրջանում տեղի ունեցող ողբերգական դեպքերի հետ։ Քննարկմանը մասնակցում էր նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը, որի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նստած էր Գենշտաբի պետ Արտակ Դավթյանի և Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի միջեւ։ Հանդիպումից հետո լրագրողներին հրավիրեցին սրահ, որտեղ Արտակ Դավթյանը պատասխանեց մեր հարցերին։ Անդրանիկ Քոչարյանը, սակայն, իրեն շատ վատ պահեց ամբողջ ճեպազրույցի ընթացքում՝ նա պարբերաբար դժգոհում էր լրագրողների հնչեցրած հարցերից, փորձում էր խոչընդոտել, որ հարց չտանք, խանգարում էր հարցուպատասխանը և ամեն հարցից հետո թեքվում էր ճեպազրույցը վարող Նաիրա Զոհրաբյանի կողմն ու նրա ականջին դժգոհ հայացքով ինչ-որ բան մրթմրթում։ 

Նրա շշնջոցը բավականին լսելի էր դահլիճում, և մենք լսեցինք, որ Քոչարյանը դժգոհում է Զոհրաբյանից, թե ինչու է թույլ տալիս ընդդիմադիր լրատվամիջոցների լրագրողներին, որ հարց ուղղեն ԳՇ պետին։ Մասնավորապես նրան դուր չեկավ, որ հարցի իրավունք ստացան «Հրապարակն» ու TV5-ը։ Ի վերջո, մեր հարցից հետո Քոչարյանը, կամ, ինչպես նրա երբեմնի շեֆ, ՀՀԿ-ական օլիգարխ Ռուբեն Հայրապետյանն է նրան եթերում բնութագրել, «Քոչարյան Անդոնը», չթաքցնելով իր մաղձը «Հրապարակի» հանդեպ, Արտակ Դավթյանի խոսքն ընդհատելով՝ հարձակվեց մեզ վրա։ 

Մենք հարցրել էինք ԳՇ պետին, թե՝ արդյոք քրեական ենթամշակույթի առկայությունն է նպաստում բանակում սպանությունների ու ինքնասպանությունների աճին, նաև նկատել էինք, որ տեսակետ կա, որ հասարակության մեջ առկա ատելության մթնոլորտը նաև բանակ է տեղափոխվել։ Ու Քոչարյան Անդոն որոշեց ռեպլիկ բաց թողնել, թե «էդ ատելության մթնոլորտը մենակ «Հրապարակ» թե՞րթն ա արձանագրում»։ Մշտապես անտակտ պահվածքով աչքի ընկած այս պատգամավորին ասացինք, որ ինքը մեր հարցի վերաբերյալ մեկնաբանություններ չանի՝ հարցն իրեն չէր ուղղված եւ կարծես իրեն թույլ չենք տվել հարցն ու պատասխանն ընդհատել ու քոմենթ անել։ Բայց Քոչարյանը կարծես լավ չհասկացավ, ստիպված միջամտեց Նաիրա Զոհրաբյանը՝ հորդորելով չստեղծել արհեստական լարվածություն։

Ասուլիսից հետո հարցրինք Նաիրա Զոհրաբյանին, որ դահլիճում լսվում էր Անդրանիկ Քոչարյանի միջամտություններն ու հորդորները, որ մեզ հարցի իրավունք չտա, Զոհրաբյանն ասաց․ «Ես չգիտեմ՝ Դուք ինչ եք լսել, թե ինչ է շշնջացել իմ ականջին Անդրանիկ Քոչարյանը, բայց ես մի բան կարող եմ ասել, որ ցանկացած լրատվամիջոց իրավունք ունի տալու ցանկացած հարց, և մեզանից որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել կամ կաշկանդել լրատվամիջոցին, ուստի ես, օգտվելով տվյալ պահին ասուլիսը վարողի իմ իրավունքից, հարցի հնարավորություն տվել եմ բոլոր այն լրատվամիջոցներին, ովքեր նման ցանկություն հայտնել են։ Եվ ինձ համար բացարձակ կարևոր չէ, թե լրատվամիջոցն ինչ հարց էր տալու»։

Հարցին՝ լրագրողների հանդեպ Քոչարյանի վարքն ու ագրեսիան ինչպե՞ս է գնահատում, Զոհրաբյանն ասաց․ «Ես ընդհանրապես ցանկացածի վարքը, այդ թվում, եթե ես ագրեսիվ վերաբերմունք ունենամ լրագրողների հանդեպ, կգնահատեմ վատ»։

Անդրանիկ Քոչարյանը հավանաբար շատ էր նեղվել, որ հարցերի համար հերթագրվել էին հիմնականում ոչ իշխանական լրատվամիջոցների ներկայացուցիչները, իսկ իշխանական համարվող որևէ լրատվամիջոցի լրագրող հարցի համար չէր գրանցվել։ Ակնհայտ էր, որ սովետական տարիներից միայն քծնանքի ու ստորաքարշության սովորած այս մարդը այսօր էլ փորձում էր անցկանկալի հարցերը կանխելով՝ մտնել վարչապետը «աչքը» կամ, Փաշինյանի լեքսիկոնով՝ քծնել նրան։ Երևի հույս ուներ, որ Նիկոլ Փաշինյանը կգնահատի իր անձուրաց նվիրումն ու մաքառումները՝ իշխանություններին ծառայություններ մատուցելու հարցում։ Բայց որքան էլ վերևների աչքը մտնեն ու փորձեն խնդիրները կոծկել, բանակի վիճակը չեն կարող իդեալականացնել, եւ մահվան դեպքերի քանակն ինքնին խոսուն է։