Իմ եղբայրը կարող է ապահովել հավասար մրցակցային պայմաններ

Իմ եղբայրը կարող է ապահովել հավասար մրցակցային պայմաններ

Երեկ առավոտյան տեղեկացանք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մանկության ընկերոջն ու քավորին՝ Հայկ Ղալումյանին, նշանակել է Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանի եղբայրն է։ Քանի որ պաշտոնական հրամանը դեռ չկա, կապվեցինք Վահե Ղալումյանի հետ, ով հաստատեց տեղեկությունը։ Հիշեցնենք․ նախկին քաղաքապետ Վարդան Ղալումյանն անցած շաբաթ անսպասելիորեն հրաժարականի դիմում ներկայացրեց, մինչդեռ օրեր առաջ իր շրջապատին հավատացրել էր, թե մինչեւ վերջ պայքարելու է՝ չի հեռանալու եւ դեկտեմբերի 8-ի ընտրություններին էլ առաջադրելու է  թեկնածությունը: Սակայն թերեւս մի քանի օր առաջ քաղաքապետի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործն իր դերը խաղաց: Ակնհայտ է, որ Վ․ Ղալումյանի հրաժարականը կապված է դեկտեմբերի 8-ին նշանակված Իջեւան համայնքի ղեկավարի ընտրությունների հետ։ Վ․ Ղալումյանն Իջեւանի քաղաքապետն էր 2011 թվականից, ԲՀԿ-ական էր։ Մենք զրուցեցինք պատգամավոր Վահե Ղալումյանի հետ։

- Պարոն Ղալումյան, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի ընտրությունը Ձեր եղբոր՝ իր քավորի վրա կանգնել։

- Վարչապետի որոշում է, եւ ես իր որոշումը մեկնաբանելու իմաստ չեմ տեսնում։

- Ասում էիք, որ նոր Հայաստանում պաշտոնները չեն բաշխվելու՝ ելնելով խնամի-ծանոթ-բարեկամ կապից։

- Ես կարծում եմ, որ էս որոշման հիմքում քավոր-սանիկ-բարեկամը չի, հետո՝ շատ մոտ ապագայում ընտրություն է լինելու, ու ժողովուրդն է որոշելու, թե ով պետք է լինի Իջեւանի քաղաքապետը։

- Կարո՞ղ ենք մտածել, որ Իջեւանի նախկին քաղաքապետին էլ իշխանությունը հրաժարական պարտադրեց, որ վարչապետի քավորի համար ճանապարհ հարթի։

- Ես այդ կարծիքին չեմ։ Համենայնդեպս, քաղաքապետն իր հրաժարականը դեռ չի մեկնաբանել, որից կարելի է հետեւություն անել։

- Ընտրություններից երեք ամիս առաջ ԺՊ նշանակելը չի՞ ենթադրում, որ ուղղորդում են մարդկանց, որոշակի գործընթացների պատրաստվում։

- Ես վարչապետի որոշումը չեմ կարող մեկնաբանել։ 

- Բայց կարող եք Ձեր կարծիքը հայտնել։

- Իմ կարծիքն այն է, որ այս նեղ, կարճ ժամանակաշրջանում Իջեւանի գալիք ընտրություններում իմ եղբայրը կարող է ապահովել հավասար մրցակցային պայմաններ՝ իր լիազորությունների շրջանակում։ Եղբայրս անգամ կուսակցական չէ, չնայած որ մեկուկես տարի առաջ ՔՊ-ին անդամակցելու դիմում է գրել, բայց դեռ կուսակցության որոշում չկա՝ նրա դիմումը բավարարելու։

- Իսկ նախկինը չէ՞ր կարող ապահովել։

- Եթե մնար, նոր այդ մասին կմտածեինք։