Թուրքական նախապայմանների ցանկն ընդլայնվել է
Վերջերս թուրքական մամուլում տեղեկատվություն տարածվեց, թե պաշտոնական Երեւանը դիմել է պաշտոնական Անկարային՝ խնդրելով, որ միջնորդական ջանքեր գործադրեն՝ կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները։
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաս- տյանը վստահ է՝ ինչպես 2009-ին տապալվեց «ֆուտբոլային դիվանագիտություն» կոչվող գործընթացը, այնպես էլ հաջողության չի ունենալու այս մեկը նույնպես, որովհետեւ հիմա Թուրքիան Հայաստանի նկատմամբ շատ ավելի է կոշտացրել իր դիրքորոշումը, քան նախկինում էր։ «Եթե նախկինում թուրքական նախապայմանները վերաբերում էին միայն Հայոց ցեղասպանությանը եւ Լեռնային Ղարաբաղին, ապա հիմա այս ցանկն ընդլայնվել է։ Եվ առաջին հերթին դա զանգեզուրյան միջանցքն է»,- ասում է Սաֆրաստյանը։
Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանն էլ արձանագրում է՝ ոչինչ չի փոխվել, չնայած որ «Հայաստանի հետ դրական ազդակներ են փոխանակում»։ Նրա խոսքով եւս՝ թուրքական ԶԼՄ-ներում Հայաստանի հետ հարաբերությունների բնականոնացման կտրվածքով առանձնապես, այսինքն՝ հաղորդումների, հրապարակումների բովանդակային փոփոխություններ չեն նկատվում։ «Թեպետ ասում են, որ Երեւանն ու Անկարան դրական ազդակներ են փոխանակում, բայց չեն կոնկրետացնում այդ ամենը, այդ դրական ազդակները պետք է կոնկրետ, շոշափելի քայլերի վերածվեն։ Եվ այդ հրապարակումները մատուցվում են այն համայնապատկերի վրա, որ Թուրքիան եւ Ադրբեջանը համառորեն ուզում են Զանգեզուրի միջանցքին հասնեն, որպեսզի Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ կապ ապահովվի, եւ որոշ դեպքերում բարձրաձայնվում է, որ ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ ուղիղ կապ կլինի, այլեւ այն ողջ թուրքական աշխարհի վերամիավորման գործոնի կարող է վերածվել։ Համապատասխան շեշտադրումով են այդ հրապարակումները»։
Ստամբուլաբնակ մեր հայրենակիցը նշեց, որ առկա են նաեւ սահմաններին վերաբերող ռուս-թուրքական պայմանագրի շուրջ պահանջներ։ «Եվ արդեն քանիցս շեշտադրվում է, որ բարիդրացիական հարաբերությունների տրամաբանության անբաժան մասն է միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ փոխադարձ հարգանքը։ Այս ուղղությամբ, ըստ երեւույթին, այդքան մեծ տարակարծություններ չեն լինի Երեւանի ու Անկարայի միջեւ, եւ քանի որ դիվանագիտական հարաբերություններ պիտի լինեն, միջազգային չափանիշները ծանոթ են արդեն, բայց այնտեղ հիմնական մեխը վերաբերում է միջանցքի խնդրին»։
Իր վերջին հեռուստաասուլիսում Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ մեր իրականության ամենամեծ պրոբլեմն այն է, թե թուրքը մեր թշնամի՞ն է, թե՞ ոչ։ Նաեւ հարց ուղղեց Բաքվին ու Անկարային՝ մի՞թե ուզում են ցեղասպանել մեզ։ Նիկոլ Փաշինյանի հարցին ո՛չ Բաքվից, ո՛չ Անկարայից, բնականաբար, չեն պատասխանի, սակայն այս հարցի պատասխանը, թերեւս, կարող են ունենալ Թուրքիայում ապրող մեր հայրենակիցները։ «Ուզո՞ւմ է Թուրքիան մեզ ցեղասպանել, թե՞ ոչ»․ հարցը «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանին մի քիչ շփոթեցրեց՝ հաշվի առնելով այն, որ նա ապրում է Թուրքիայում ու առնչվում թուրքական իշխանությունների հետ։ «Սա չափազանցված արտահայտություն է, անշուշտ, այսօրվա Թուրքիայի համար։ Բայց իբրեւ երազանք, անշուշտ որ։ Պարույր Սեւակն է ասել՝ կուզեն մեկ հայ թողնել, այն էլ՝ թանգարանում։ Ատիկա իրենց երազանքն է, ինչպես որ մենք ծովից ծով Հայաստան կերազենք, իրանք ալ Թուրան երազած են։ Իրենց համար հաճելի հեռապատկեր մըն է, բայց այսօրվա դրությամբ հնարավոր չէ»։
Ինչպե՞ս է թուրքական մամուլն արձագանքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարին։ Կա՞ փոփոխություն հռետորաբանության, գնահատականների ու մոտեցումների մեջ։ Բագրատ Էստուկյանի խոսքով՝ թուրքական մամուլում եւ հասարակական-քաղաքական խոսույթում առանց նախապայմանների Հայաստանի հետ խոսելու առումով որեւէ բան չի փոխվել։ «Դա թուրքական մամուլի օրակարգում չէ։ Հատուկենտ գրություններ կըրնան ըլլալ, բայց, ընդհանուր առմամբ, այս նյութն արծարծված նյութ մը չէ Թուրքիո մեջ»։ Պատմության այս ողբերգական էջը փակելու, առաջ անցնելու եւ Հայաստանի հետ դիվանագիտական ու այլ կարգի նորմալ հարաբերություններ հաստատելու մասին իշխանական շրջանակների տեսակետների մասին էլ Բագրատ Էստուկյանն ասում է․ «Կան մարդիկ, որ կպնդեն, որ Թուրքիան պետք է առերեսվի իր անցյալի հետ եւ քավի իր մեղքերը, կան մարդիկ, որոնք, ընդհակառակը՝ Թուրան եւ այլն։ Բայց այս 2 նյութերը (հարցերը) օրակարգը զբաղեցնող նյութեր չեն այսօրվա դրությամբ։ Ավելի կարեւոր է դիտվում տնտեսական ճգնաժամը, լիրայի անկումը, աշխատազրկությունը։ Իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները բարելավելու մասին այս ատեն խոսք չիկա ընդհանրապես»։
Կարծիքներ