Հայաստան-ՀԱՊԿ ապահարզանի գործընթացի մեկնարկը տրվա՞ծ է
Նախօրեին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում, ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության սառեցման վերաբերյալ հարցին, անդրադարձել է օրեր առաջ ֆրանսիական France 24-ին իր տված հարցազրույցում արած այն հայտարարությանը, թե Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում։ Հիշեցնենք, որ այս հայտարարությունը բավական կոշտ արձագանք էր ստացել Մոսկվայում։
Ռուսական կողմը մի քանի անգամ առնվազն տարբեր մակարդակներով հայտարարել էր, որ Երեւանից ակնկալում է բացատրություն՝ կապված այս հայտարարության հետ, եւ առաջարկել է պարզեցնել, թե ինչ է նշանակում այդ հայտարարությունը, իսկ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ նկատել էր, որ ՀԱՊԿ-ում սառեցված մասնակցության վիճակ պարզապես գոյություն չունի։ Եվ ահա՝ Հայաստանի վարչապետն այս աղմուկի ֆոնին առաջին անգամ, ըստ էության, բացատրում է, թե ինչ է նկատի ունեցել։ Ըստ այդմ՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության սառեցում ասելով պետք է հասկանալ այն իրավիճակը, որը կա այժմ, այսինքն՝ տեւական ժամանակ ՀԱՊԿ բարձր մակարդակի որեւէ հավաքի չմասնակցելը, ՀԱՊԿ-ում արդեն մեկ տարի մշտական ներկայացուցիչ չունենալը, կազմակերպության այլ միջոցառումներին չմասնակցելը։
Սա կարելի է հասկանալ որպես հարաբերությունների սառեցում, սակայն այս դեպքում հարց է առաջանում՝ եթե այդ հարաբերությունները սառեցված են, Երեւանը բավարարված չէ ՀԱՊԿ-ի անվտանգային-ռազմական ամպհովանիով, որը տարածվում է նաեւ Հայաստանի վրա, քանի որ խնդիրը կարծես թե հենց այդտեղ է, թե որն է Հայաստանում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին, եւ եթե Հայաստանն այսկերպ շարունակելու դեպքում կարող է նաեւ իրավաբանորեն իր հարաբերությունները սառեցնել ՀԱՊԿ-ի հետ, այսինքն՝ դուրս գալ կառույցից, ապա ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը նաեւ արձանագրել, որ որոշումների կայացման համար ՀԱՊԿ-ում գործում է կոնսենսուսի սկզբունքը, եւ Երեւանը ոչ մի բան չի արգելափակում, այլ ուղղակի չի մասնակցում ոչ մի միջոցառման։ Արդյո՞ք այն կեցվածքը, որը ներկայում որդեգրել է Երեւանը, «կիսաբոյկոտի վիճակ» չէ, երբ «կյանքդ չեմ թունավորում», բայցեւ քեզ հետ հարաբերությունները զրոյական մակարդակի վրա եմ պահում
Սա մի տեսակ հիշեցնում է ամուսնական զույգի ամուսնալուծման գործընթացը, որտեղ ամուսինն ու կինը, վստահ լինելով, որ միեւնույն է, իրենց ամուսնական միությունը խզվելու է, դադարեցնում են միմյանց կյանքը թունավորելը այս կամ այն պատրվակներով եւ պարզապես՝ գործն իրենց փաստաբաններին հանձնած, սպասում են, թե երբ է ի վերջո դատարանն ապահարզանի որոշումը կայացնելու։ Այլ կերպ ասած՝ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններում, կենցաղային լեզվով ասած, սկսվել է ապահարզանի գործընթաց, եւ Երեւանը կարծես փորձում է հասկանալ, թե արդյոք հարաբերությունների նորմալացման ողջ գործիքակա՞զմն է սպառվել, որպեսզի ապահարզանը հասցնի մինչեւ «ամուսնալուծության վճռի», թե՞ դեռեւս էլի անելիքներ կան այդ հարաբերությունները հիմնովին փչացնելու եւ «ապահարզանն» արագացնելու համար, որ մյուս կողմը սին հույսեր չփայփայի, թե «ամուսնությունը» դեռ հնարավոր է պահպանել։
Կարծիքներ