Ադրբեջանը կհամարձակվի՞ երկրորդ ճակատ բացել 

Ադրբեջանը կհամարձակվի՞ երկրորդ ճակատ բացել 

Ալիեւյան խունտայի խոսափող haqqin.az-ը, կարելի է չկասկածել՝ հատուկ ծառայությունների մատուցմամբ, հոդված է հրապարակել, որտեղ առարկություն չվերցոնղ տոնով պնդում է, որ հայ-ադրբեջանական սահմանի վերջին լարվածությանը նախորդած օրերին «Սերբիայից Վրաստանի տարածքով Հայաստան է մտել ականանետային արկերի մեծ խմբաքանակ, որը հայկական կողմն օգտագործել է չորս օր տեւած մարտերի ընթացքում»:

Դժվար է պատկերացնել, որ հայկական բանակի զինանոցում ականանետային արկեր չկային առհասարակ եւ միայն սերբ-վրացական տրանզիտով դրանք ստանալուց հետո է, որ Ադրբեջանը ծանր հարվածներ է կրել: Ըստ երեւույթին, ադրբեջանական կողմն ինչ-որ բան մինչեւ վերջ չի ասում: Բայց դա այնքան էլ կարեւոր չէ արդեն: Ավելի հետաքրքիր է Վրաստանի հասցեին ալիեւյան քարոզչության թափած լուտանքների հեղեղը: Վրաստանին հիշեցնում են ամեն ինչ: Ընդհուպ, որ 2008թ. ռուս-վրացական պատերազմի օրերին Վրաստանը փրկել շտապող եվրոպացի առաջնորդների ինքնաթիռները, պարզվում է, վայրէջք են կատարել Գյանջայի օդանավակայանում, հետո արդեն Ադրբեջանի տրամադրած մեքենաներով հասել Թբիլիսի: «Եւ ի՞նչ ենք մենք ի պատասխան ստանում»- բազմանշանակ հարցնում է ադրբեջանական լրատվամիջոցը:

Գուցե Բաքվում սպասում էին, որ Վրաստանը հանդես կգա միջնորդությամբ եւ կկանխի հայկական բանակի պատժիչ գործողություննե՞րը: Գուցե դիմել եւ դիվանագիտորեն նուրբ ձեւակերպված մերժու՞մ են ստացել: Ոչինչ բացառելի չէ: Նաեւ՝ որ վրաց-ադրբեջանական առանց այդ էլ ոչ այնքան անամպ հարաբերությունները կարող են էլ ավելի բարդանալ: Վրաստանը փաստացի չի միանում թուրք-ադրբեջանական հակահայկական ալյանսին: Բայց Ադրբեջանը, եթե նույնիսկ մեծ ցանկություն ունենա, չի կարող Վրաստանի հետ բաց առճակատման գնալ: Վրաստանով են անցնում ադրբեջանական «պարծանք» Բաքու-Ջեյհանը եւ «Հարավային գազային միջանցքն» ու Բաքու-Կարս երկաթուղին: Իհարկե, այդ ենթակառուցվածքներից շահ ունի նաեւ Վրաստանը, բայց ոչ այնքան, որպեսզի Բաքվի հետ հարաբերություններում լինի խնդրող:

Վրաստանն այդ փուլն անցել է: Ներկայումս ավելի շատ Ադրբեջանն է նրանից կախված: Այդ դեպքում ի՞նչ նպատակ է հետապնդում քարոզչական հարձակումը: Հակավրացական տրամադրություններ ինչու՞ են բորբոքվում: Որպեսզի սահմանազատման հարցում Վրաստանը տեղի՞ տա: Դա արդեն գրեթե լիովին բացառվում է: Տավուշի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայից Վրաստանում անկասկած ճիշտ հետեւությունների են եկել: Մանավանդ Դավիթ Գարեջի վանական համալիրի հարցում վրաց-ադրբեջանական հետագա բանակցությունները չափազանց ծանր են լինելու: Վրաստանի համար դա, կարելի է ասել, դարձել է ազգային ինքնության խնդիր: Կորցնել Դավիթ Գարեջի համալիրը՝ նշանակում է կորցնել Քվեմո- Քարթլիի վրացական ինքնիշխանությունը: Տավուշի ագրեսիայով Ադրբեջանը բացահայտել է Հարավային Կովկասի «խաչուղու» նկատմամբ անթաքույց հավակնությունները: Երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի, սահմանները հատվում են այդ տեղաշրջանում:

Ադրբեջանը փորձեց միանձնա տիրապետություն ապահովել եւ ստացավ արժանի հակահարված: Այժմ Բաքուն փորձում է պարտությունը բացատրել հայ-վրացական «գաղտնի գործարքով»: Եւ ըստ էության ընդունում, որ ավելի քան երկու տասնամյակ ի վեր թափած ջանքն ու ծախսած գումարները չեն բերել իր համար ցանկալի արդյունքի: Հակավրացական քարոզչության ենթատեքստում զգացվում է քաղաքակրթական օտարության գիտակցումը: Ի՞նչ հետեւություն կանի Բաքուն: Կփորձի տեղավորվել նոր պայմաններու՞մ: Թե կգնա Վրաստանի հետ դիմակայությա՞ն: Բայց ի զորու՞ է ներկայիս Ադրբեջանը բացել երկրորդ՝ Վրաստանի հետ, ճակատ: