Վիրահատությունների ցուցակը մինչեւ փետրվար փակ է

Վիրահատությունների ցուցակը մինչեւ փետրվար փակ է

Հայաստանի առողջապահության նախարարությունը չի կարողանում դիմակայել ո՛չ կորոնավիրուսային հիվանդության համավարակին, ո՛չ էլ պատերազմի հետեւանքներին: Հիվանդանոցներում տեղ չկա: Կորոնավիրուսով վարակվածները մեծամասամբ տանն են բուժվում: Նրանց ելումուտը որեւէ կերպ չի վերահսկվում: Բայց ավելի աղետալի է ռազմի դաշտում վիրավորված զինծառայողների վիճակը: Նրանց վիրահատություններն ամիսներով հետաձգում են:   

Լ. Ա․-ն բուժքույր է: 50 օր անցկացրել է Մարտակերտի դիրքերում՝ վրանում, առանց հանգստանալու, առանց լոգանքի: Վիրավոր զինվորին կրակի տակից հանելու ընթացքում ականջը վնասվել է: Թմբկաթաղանթի պատռվածքով ապրել է երկար օրեր ու վերջապես մի քանի օր արձակուրդ ստանալով՝ որոշել է գալ Երեւան, որպեսզի հիվանդ ականջով զբաղվի: Մուրացանի հոսպիտալում Լ. Ա․-ին ուղեգիր են տվել, եւ սկսվել է բուժքրոջ պտույտը երեւանյան հիվանդանոցներով: Ամենուր հերթեր են: Վիրահատվելու համար պետք է հերթագրվել ամիսներ առաջ: «Գնացի «Աստղիկ», ասեցին՝ տեղ չկա, հունվարի 20-ից հետո եկեք: Գնացի «Էրեբունի», ասեցին՝ Նոր տարուց հետո: «Հանրապետական» գնացի, նույն բանն ասեցին՝ Նոր տարուց հետո։ Էնքան վիրավոր ու զոհ եմ հանել, չե՞ն կարողանում մի տեղ տան, գնամ պառկեմ, պիտի գնամ Արցախ, նորից անիմաստ փող ծախսեմ, սենց վիճակով, որ մի ամսից էլի հե՞տ գամ»,- գանգատվում է նա մեզ հետ զրույցում:

Մենք զանգահարեցինք բուժքրոջն առաջին մերժողին՝ «Աստղիկ» ԲԿ-ի քիթ-կոկորդային հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Նունե Նահապետյանին: Բժշկուհին ասաց, որ ինքը չի մերժել Լ. Ա․-ին, ընդամենը մեկ ամսով հետաձգել է վիրահատությունը:  

«Նրա ուղեգիրն ուժի մեջ է մինչեւ հունվարի 21-ը: Մենք իրեն օր ենք նշանակել վիրահատության՝ Նոր տարուց հետո: Ես ոչինչ չեմ կարող անել: Վիրահատությունն անելուց հետո մենք նրան պետք է օրը մեջ վիրակապենք, բայց ես Նոր տարվա առաջին շաբաթը չեմ կարող լինել հիվանդանոցում, ես քաղաքում չեմ լինելու: Մեզ էլ հասկացեք: Ես այսօր ունեցել եմ վիրահատություն, վաղն ունեմ «ականջ», մյուս օրը՝ «ականջ»: Բոլորը վիրավոր զինվորներ են: Պետք է գնա Արցախ, հետո գա, ի՞նչ կլինի»: Բժշկուհու հետ զրույցում պարզում ենք, որ ուղեգիր վերցնելուց առաջ վիրավոր զինծառայողը պետք է նախ հիվանդանոց գտնի, որտեղ նրան կհամաձայնեն վիրահատել, հետո նոր, ըստ դրա, ուղեգիր վերցնի, որ փաստաթղթի մեկամսյա վավերականության ժամկետը չխախտվի: «Նա առանց մեզ հետ համաձայնեցնելու, ուղեգրով եկել է: Մենք ինչ կարող էինք՝ արել ենք»,- ասում է Նահապետյանը՝ վստահեցնելով, որ իր որդին էլ է առաջնագծում եղել, եւ ինքը ոչ մեկին չի մերժում: 

Մինչեւ փետրվարի 10-ը բժշկուհու մոտ գրանցումներ կան, ոչ մի ազատ օր: Քիթ-կոկորդի վիրահատություններ անող բժիշկները հիմա ամենապահանջվածն են Հայաստանում: «Այս զենքն այնպիսի զենք է, որ վիրավորների 80 տոկոսը թմբկաթաղանթի պատռվածք ունի: Եթե 7 հազար վիրավոր կա, ինչպես հայտարարվում է, հավատացեք, մեծամասնությունն ունի թմբկաթաղանթի պատռվածք: Խայտառակ վիճակ է, մենք ամեն ինչ անում ենք, առանց որեւէ ակնկալիքի: Տղաները ո՛չ խոսում են, ո՛չ ժպտում: Մի հիվանդ զինվոր ունեմ՝ այս երկու շաբաթում առաջին անգամ երեկ թեթեւ ժպիտ է երեւացել դեմքին: Ես մորն ասում եմ՝ ինչ լավ է, Ձեր տղայի դեմքին ժպիտի շող երեւաց: Ես հրճվել եմ, որ այդ երեխայի շրթունքի ծայրը թեթեւ վեր բարձրացավ»,- պատմում է վիրաբույժը: 

Ապա նկարագրում է վիրավոր տղաների սթրեսները. «Ոչ մի էմոցիա չկա դեմքներին: Կարծես ներկա չլինեն սենյակում: Լուռ մնում են, չեն մասնակցում զրույցների, գլուխները կախ՝ իբր գոյություն չունեն: Պատկերացնո՞ւմ եք: Ավելի վատ վիճակում են եղել առաջին օրերի վիրավորները: Հիմա էլի լավ են: Ու մենք իրենց հետ տանում ենք այս ամենը: Եղել է՝ մտել եմ պալատ, տեսել եմ՝ ջահել երեխան ծանր վիճակում, դուրս եմ եկել, մի բոլ լացել եմ ու, ժպտալով, էլի մտել եմ հիվանդասենյակ, կարծես ոչ մի բան չի եղել»: Նունե Նահապետյանը կարծում է, որ անթույլատրելի է թմբկաթաղանթի վիրահատություն տարած տղաներին կրկին տանել առաջնագիծ: Կիսվում է սրտում կուտակվածով. «Գնալու են, մի հատ թեթեւ ինֆեկցիա ստանան, նորից թարախակալվելու է վերքը: Ինչո՞ւ են այդ երեխաներին այդպես վիրավոր ուղարկում: Գոնե լավացնենք, նոր ուղարկենք»: