Ինչու՞ CNN-ի Ամանփուրն Իրանի նախագահի հետ հարցազրույցից հրաժարվելու իր քայլը համաշխարհային սենսացիա դարձրեց

Ինչու՞ CNN-ի Ամանփուրն Իրանի նախագահի հետ հարցազրույցից հրաժարվելու իր քայլը համաշխարհային սենսացիա դարձրեց

CNN-ի միջազգային գլխավոր հաղորդավար Քրիստիան Ամանփուրն ասել է, թե Իրանի նախագահի հետ հարցազրույցից հրաժարվել է այն բանից հետո, երբ նա պահանջել է կրել հիջաբ :

Ամանփուրն ասել է, որ ինքը մտադիր էր հարցնել Ռաիսիին Իրանում ծավալված բողոքի ցույցերի մասին այն բանից հետո, երբ 22-ամյա Մահսա Ամինին որը ձերբակալվել է երկրի բարոյականության ոստիկանության կողմից՝ իր հագուստի կանոնները խախտելու համար, անցած շաբաթ մահացել է կալանքի տակ։

Անշուշտ ցավալի միջադեպ է տեղի ունեցել Իրանում, բայց, կասկածահարույց է այն, որ Ամանփուրը մարդու իրավունքներով մտահոգվածությունից է այս աղմուկը բարձրացրել: Ուղղակի, ևս մեկ «հարմար» առիթ է՝ Իրանին «նեղը» գցելու համար: Սա բիզնես է, անբարոյական բիզնես:
Ասվածը հիմք ունի, եթե վերհիշենք մարդու իրավունքների համար այս պայքարողի վարքագիծը՝ ՀՀ առնչությամբ: Ինչ-որ օրինաչափություն է նկատվում, անկախ այն բանից, որ նա ծնունդով իրանցի է: Նա լծված է հազարամյա պատմություն ունեցող հայերի և իրանցիների վարկաբեկմամբ: Այսինքն՝ խոսքը վերաբերում է «ծերուկ» ազգերին ոչնչացնելուն, ինչպես դա պատահել է, օրինակ, ասորիների հետ:

«Ինչպե՞ս չհարգես Ջեյհուն Բայրամովին՝ Amanpour հեռուստածրագրի հրավերքը չընդունելու համար» հրապարակման մեջ ներկայացված է, թե անազնիվ է նա վարում ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի հետ հարցազրույցը: Ենթադրաբար, նա այդպես էր պատրաստվում իրեն պահել նաև Իրանի նախագահի հետ, այնպես որ, թեև հիջաբից հրաժարվելը կարևոր նշանակություն է ունեցել, բայց գլխավոր պատճառը, թվում է, Իրանի Նախագահի իմաստնությունն է՝ չենթարկվելու «այդ աղջկա» սադրանքին: Տեղին կլիներ մեկ հատված մեջբերել այդ հոդվածից. «Բայց եկեք որոշ անդրադարձներ անենք Ամանպուրի մասնագիտական կեն­սագրությանը: Նա զեկուցել է բոսնիական պատերազմի եւ այլ կոնֆլիկտային գո­տիների մասին: Սարաեւոյի պաշարման ընթացքում նրա հուզական ելույթներն առիթ հանդիսացան, որ կասկածի տակ դրվի նրա մասնագիտական չեզոքությունը, քանի որ նա կողմ էր բոսնիական մուսուլմանների դիրքորոշմանը: Այս ամենին նա պատասխանել է. «Կան որոշ իրավիճակներ, որոնք պարզապես չեն կարող չեզոք լինել, որովհետեւ, երբ Դուք չեզոք եք, Դուք հանցակից եք: Օբյեկտիվութ­յունը չի նշանակում բոլոր կողմերին հավասարապես վերաբերվել, նշանակում է լսել յուրաքանչյուրին»: Փաստորեն, Ամանպուրը եւս շահարկում է կրոնը. Արցախի պարագայում նա «պարզապես չի կարող չեզոք լինել»:

Հարցադրումներ տիկին Ամանփուրին, CNN-ից. 

1. Դուք մինչև ե՞րբ եք պատրաստվում չեզոք լինել հայ-ադրբեջանական սահմանին և որոշ չափով ՀՀ տարածքում սեպտեմբերի 13-ից ստեղծված իրավիճակների նկատմամբ, որոնց դեպքում, ըստ ձեր խորին համոզման, չեք կարող չեզոք լինել, որովհետև հանցակից կդառնաք:

2. Դուք ձեզ համարու՞մ եք հանցակից՝ հայ կնոջ մարմինն անարգելու և անդամահատելու պատերազմական ծանր հանցագործությանը»:

Մեծագույն հարգանքով վերաբերվելով լրագրողական մասնագիտությանը, կցանկանայի ասել, որ Իրանի Նախագահը հազարամյա քաղաքակրթության տեղապահն է, ամեն տեսակի շնագայլերի հարձակումներից պաշտպանողն այս ժամանակահատվածում, դուք պարզապես լրագրող եք և որպես լրագրող, ինչպես եք փորձում արժանանալ նրա վեհ ուշադրությանը՝ նրա վրա բիծ գցե՞լով: Դուք լավ գիտեք, որ ոսկին կեղտ չի վերցնում…

Գագիկ Վարդանյան