Շահերի բախո՞ւմ, թե՞ քաղաքական կրքեր Գորիսի ամենամեծ՝ «Ժասմենի մանկապարտեզի» շուրջ

Շահերի բախո՞ւմ, թե՞ քաղաքական կրքեր Գորիսի ամենամեծ՝ «Ժասմենի մանկապարտեզի» շուրջ

Գորիսում հին, սովետական մանկապարտեզ կա` թիվ 2 մանկապարտեզը, որը քաղաքի ամենամեծ նախակրթարանն է եւ գործում է 60-ական թվականներից: Քաղաքում այն ճանաչում են որպես «Ժասմենի մանկապարտեզ»: Վերջին 20 տարին այս մանկապարտեզի տնօրենը ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի քույրն է` Ժասմենա Խաչատրյանը:

Ի դեպ, տիկին Ժասմենան հենց այս մանկապարտեզի սանն է եղել: Քաղաքում պոպուլյար այս մանկապարտեզին չէինք անդրադառնա, եթե չլիներ մի հանգամանք: Տնօրեն Ժասմենա Խաչատրյանը փետրվարին նաեւ սեփական մանկապարտեզն է բացել՝ իր անունը կրող «Ժասմին» խնամքի եւ զարգացման կենտրոնը: Թիվ 2 մանկապարտեզը պետական հաստատություն է, որի համար գնումներ են կատարվում պետգնումների ընթացակարգով եւ ծրագրով: «Ժասմին» խնամքի կենտրոնը մասնավոր օբյեկտ է, եւ շահերի բախման ռիսկն այս երկու հաստատությունների ղեկավարումը մեկտեղելու պարագայում ակնհայտ է: 

«Հրապարակն» ահազանգ է ստացել, որ երեխաների սնունդը պետական մանկապարտեզում վերջերս պակասել է: «Նախկինում երեխաների սննդի չափաբաժինն ուրիշ էր, հիմա, ինչ տիկին Խաչատրյանը սեփական մանկապարտեզն է բացել, չափաբաժինը պակասել է»,- ասում է Գորիսից մեզ դիմած անձը՝ առանց փակագծերը բացելու: Ավելի շատ ո՞ր նախակրթարանն է տիկին Ժասմենայի սրտով՝ պետական մանկապարտե՞զը, թե՞ սեփական օբյեկտը՝ «Ժասմին» խնամքի կենտրոնը: Հարցին պատասխանելու համար ուսումնասիրեցինք տիկին Ժասմենայի անձնական ֆեյսբուքյան էջը եւ համոզվեցինք, որ նա գերադասում է սեփական «օբյեկտը»:

Պետական մանկապարտեզի տնօրենի էջում խնամքի կենտրոնում արված հազար ու մի լուսանկար գտանք եւ խնամքի կենտրոնի ակտիվ, նույնիսկ կասեի՝ կպչուն գովազդ: Հանուն արդարության պետք է ասենք, որ թիվ 2 մանկապարտեզի նկարներ էլ կային, ի դեպ, հենց երեկ տեղադրված, բայց սակավաթիվ: Ի՞նչ կասի տիկին Խաչատրյանը շահերի բախման երեւույթի, սննդի չափաբաժինը նվազեցնելու, անձնական էջում մասնավոր մանկապարտեզի գովազդի եւ, առհասարակ` երկու տարբեր հաստատություն ղեկավարելու մասին: Ժասմենա Խաչատրյանը պատրաստակամ պատասխանեց «Հրապարակի» հարցերին, ճիշտ է՝ բոլոր սլաքներն ուղղելով դեպի իշխանությունների թիրախում հայտնված քաղաքապետ Առուշ Առուշանյանը եւ քաղաքապետարանի աշխատակազմը: Նա ասաց, որ խնամքի կենտրոնը բացվել է իր նախագահությամբ գործող «Նոր սերունդ» ՀԿ-ի ծրագրերի շրջանակում, իսկ կենտրոնի տնօրենն այլ անձ է՝ Արման Գրիգորյանը:

«Մեր ՀԿ-ն անապահով երեխաներին խնամքով ապահովելու համար է, այս պահին մենք ինքնաֆինանսավորվում ենք, բայց հետագայում Արցախից երեխաներ ենք բերելու այստեղ: Ես կողքից մեթոդական օգնություն եմ ցուցաբերում, առայժմ իմ անձնական գումարներն եմ ծառայեցնում դրան: Կենտրոնում պար, գիմնաստիկայի խմբակներ կան: Ես ՀԿ-ի նախագահն եմ, իսկ կենտրոնը գործում է ՍՊԸ-ով»,- ասաց տիկին Ժասմենան: Բայց դա Ձերն է, չէ՞: «Այո, ես բան չեմ ասում: Բայց շահերի բախում չկա: Ես 97 թվականից մանկապարտեզի տնօրեն եմ եւ շատ սիրում եմ իմ մանկապարտեզը, այն լավագույնն է Գորիսում, ընդունվելու համար հերթ է»: 

- Արդյոք թիվ 2 մանկապարտեզո՞ւմ էլ կան պարի, գիմնաստիկայի խմբակներ: Որքան գիտեմ, չկան:  
- Չկան, բայց առաջ լավ պար ունեի, անգլերենի, սպորտի խմբակներ, որոնք 5 տարի՝ ինչքան մրցույթ է եղել, միշտ մեր մանկապարտեզն էր շահում: Բայց քաղաքապետը փոխվեց, ու վճարովի խմբակները հանեցին: Վճարներն էլ մեծ չէին՝ ամսական 500 դրամ, որից մենք, հարկերը հանած, մի 60 հազար դրամ էինք հանում, որ տանք պարապողներին: Հիմա մեր կրթության բաժնի պետն ասում է՝ վճարովի ծառայություններ պետք չեն, որ դա դրամաշորթություն է: Բայց նախարարության հրամանով մանկապարտեզը կարող է վճարովի ծառայություններ պահել: Վա՞տ էր, որ երեխան անգլերենի իմացությամբ էր գնում դպրոց: 

- Ձեր պատգամավոր եղբորը չե՞ք դիմել, որ խմբակների հարցում օգնի: 

- Ես ամեն հարցում իմ եղբորը չեմ ուզում խառնեմ, գնամ բողոքե՞մ, ասեմ՝ քաղաքապետը չի՞ թողնում վճարովի ծառայություններ պահել: 

- Կան ահազանգեր, որ երեխաների սննդի չափաբաժինը պակասեցրել եք, որ Ձեր մասնավոր մանկապարտեզը պետգնումների հաշվին պահեք: 

- Այդ լուրերի ենթատեքստը քաղաքական է: Քաղաքապետարանի հետ լարվածություն կա, Դուք պատկերացրեք, թե ոնց են մեր կենտրոնի ու մեր մանկապարտեզի վրա աշխատում: Քաղաքապետարանն է գրում մեր ճաշացանկը, մենյուի ուտելիքների թիվը, մենք ամեն օր հաղորդում ենք մենյուն, նկարում, ուղարկում ենք քաղաքապետարան: Քաղաքապետարանն իմ մանկապարտեզից 2 մետրի վրա է: Երկու վայրկյանում քաղաքապետարանից կհասնես մանկապարտեզ: Իրենք իրավունք չունեն մեր ճաշացանկը կազմել, անօրինական ձեւով են կազմում: Քաղաքապետի նպատակն էր՝ մեր մանկապարտեզն ամբողջությամբ վերահսկել: Բայց նախարարության հրամանով ճաշացուցակը կազմում են մանկապարտեզի տնօրենը, տնտեսվարը եւ բուժքույրը՝ հաշվելով կալորիականությունը: Եթե ես մի փոքր խախտում անեի, նրանք անմիջապես կբացահայտեին: Ես շատ չեզոք եմ ու չեմ ուզի, որ քաղաքական իրավիճակը, լարվածությունը մեզ վրա անդրադառնան: