Մի անդրադարձի հետքերով

Մի անդրադարձի հետքերով

Մենք երկու օր առաջ հրապարակում ունեինք «Հայ-ռուսական դիվանագիտական նոր սկանդալ է հասունանում» վերնագրով։ ՌԴ ԱԳՆ-ի մեր աղբյուրը հայտնել էր, որ Ռուսաստանում «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան թղթակից Ազա Բաբայանը՝ օգտվելով ամուսնու՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան աշխատակից լինելու հանգամանքից, անարգել ելումուտ է արել տարբեր հաստատություններ, որտեղ նրա՝ որպես լրագրողի մուտքն արգելված կլիներ, եթե իր դիվանագիտական կարգավիճակը չլիներ։ Մեզ տեղեկացրել էին, որ ՌԴ պատկան մարմիններն այժմ գործընթաց են սկսել, եւ «հնարավոր է անգամ թղթակցին Ռուսաստանից արտաքսեն»։ «Բանն այն է, որ ՌԴ-ն իր քաղաքացիներին նույնիսկ արգելում է թղթակցել «Ազատությանը», «Ամերիկայի ձայնին» եւ մի շարք այլ ԶԼՄ-ների․․․ռուսական կողմը Հայաստանից պատասխան է պահանջել «հակառուսական դիրքորոշում» ունեցող «Ազատության» թղթակցին պետական բարձր մակարդակով հովանավորելու հետ կապված»,- գրված էր հոդվածում։

Մենք նաեւ մեկնաբանություն էինք խնդրել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանից, նա նշել էր, տեղյակ չէ այդ խնդիրներից եւ ասել էր․«Ինձ ամենեւին չի հետաքրքրում, թե որտեղ է աշխատում իմ աշխատակցի ամուսինը, կինը կամ այլ հարազատները։ Դա ամենեւին ազդեցություն չի կարող ունենալ լրագրողի պրոֆեսիոնալիզմի վրա»։ 

Պատահաբար նկատեցինք, որ մեր այս հրապարակմանն անդրադարձել է տիկին Բաբայանը, մի քանի օր առաջ իր ֆեյսբուքյան էջում գրելով․ «Տեղեկությունն այն մասին, որ ինձ արտաքսում են, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում։ Աշխատում եմ «Ազատության» համար որպես freelancer 1999 -ից` և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներից։ Դեռևս այդ ժամանակներից ու նույնիսկ դրանից առաջ, ամուսինս դիվանագետ է, և ես, որպես դիվանագետի կին, ունեմ դիվանագիտական անձնագիր, որը որևէ կերպ չի «մասնակցել» իմ արդեն ավելի քան 15 տարվա մասնագիտական գործունեությանը Մոսկվայում։ Երբեք չեմ թաքցրել, որ ամուսինս դիվանագետ է, ամուսինս էլ չի թաքցրել, որ ես լրագրող եմ»։ 

Ներողամտորեն բաց ենք թողնում նրա «որակումները» մեր լրատվամիջոցի հասցեին՝ մենք մեր հրապարակման մեջ իր աշխատանքը եւ ներկայացրած լրատվամիջոցը չէինք գնահատել։ Ընդամենը արձանագրում ենք, որ իրականությանը համապատասխանում է, որ ամուսինը դիվանագետ է եւ ինքն էլ ունի դիվանագիտական անձնագիր, որից բնականաբար օգտվել է։ Ինչ վերաբերում է մեր նշած գործընթացին, ապա այն ընթացքի մեջ է, կարող է անգամ ինչ-որ եղանակով հարթվել, բայց քանի դեռ չկա վերջնական որոշում, բնական է, որ դրան առնչվող անձինք հերքելու են։

Միակ վրիպումը, որ թույլ էիք տվել, այն էր, որ թյուրիմացաբար գրվել էր, որ «Ազատություն» ռադիոկայանը փակվել է Ռուսասանում։ Ոչ, չի փակվել, գործում է, բայց Ռուսաստանի արդարադատության նախարարությունն այս տարեսկզբից «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան» ՍՊԸ-ն ներառել է օտարերկրյա գործակալ ԶԼՄ-ների ցանկում։ Ցանկում 11 անվանում կա։ Դեռ 2017-ին ռեգիստրում ներառված են եղել «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան» միջազգային կորպորացիան, վերջինիս հետ կապված «Ազատություն» ռադիոկայանի թաթարա-բաշկիրական ծառայությունը, «Իրական ժամանակ», «Սիրիրյան իրողություններ», «Idel. Իրողություններ», «Փաստագիր», «Կովկաս․ իրողություններ», «Ղրիմ իրողություններ» նախագծերը։

2019-ին ցանկում ներառվել է նաեւ «Հյուսիս․ իրողություններ»-ը եւ այլն։ 2017-ից օտարերկրյա գործակալ-ԶԼՄ-ների ցանկում է նաեւ «Ամերիկայի ձայնը»։ Սա օրենքի պահանջով է սահմանվել, ըստ որի  նման ԶԼՄ-ները պարտավոր են որպես իրավաբանական անձ գրանցվել Ռուսաստանում եւ նշել այդ մասին իրենց հրապարակոմներում։ Առանց մակնշման հրապարակումներն արգելված են։ Իսկ իրավաբանական անձ ստեղծել օտարերկրյա գործակալ ԶԼՄ-ները կարող էին մինչեւ այս տարվա փետրվարի 1-ը։