«Միր» քարտերի չսպասարկելը հարված է Հայաստանի տնտեսությանը․ ՌԴ ԱԳՆ

«Միր» քարտերի չսպասարկելը հարված է Հայաստանի տնտեսությանը․ ՌԴ ԱԳՆ

«Միր» քարտերի սպասարկման դադարեցումը հարված է հասցնելու Հայաստանի տնտեսությանը։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ցավով արձանագրում ենք, որ Երևանն այս հարցում էլ տեղի է տվել Արևմուտքի ճնշումներին։ Երկրի տնտեսությունը նկատելի կորուստներ կունենա, քաղաքացիներն անհարմարություններ կզգան, Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիների համար դժվարանալու է հայրենիք՝ հարազատներին գումար փոխանցելու գործընթացը»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի կարծիքով՝ սա անհարմարություն է նաև Հայաստան այցելող ռուսաստանցի զբոսաշրջիկների համար։ Հիշեցրել է, որ նախորդ տարի այս ցուցանիշն ավելի քան մեկ միլիոն է եղել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ առևտրային բանկերը մարտի 30-ից դադարեցրել են «Միր» վճարային համակարգի հետ համագործակցությունը` հաշվի առնելով ՌԴ–ի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցների հետ կապված ռիսկերը։ Ռուսաստանյան այդ վճարային համակարգի հետ համագործակցությունը մարտի 30–ից հետո շարունակելու է միայն «ՎՏԲ–Հայաստան» բանկը` որպես ռուսական ՎՏԲ-ի դուստր բանկ։

Ի դեպ, ռուսական «Միր» քարտերից հրաժարվելու մասին հայտնել են նաև Ղազախստանում և Ղրղզստանում՝ կրկին ամերիկյան պատժամիջոցներից զերծ մնալու պատճառաբանությամբ։