Բաքվի ջղաձիգ պատասխանը՝ Արարատ Միրզոյանին

Բաքվի ջղաձիգ պատասխանը՝ Արարատ Միրզոյանին

Հայկական կողմը «փոխանակ փորձելու վերացնել այն խնդիրները, որոնք խանգարում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, զբաղված է մանիպուլյացիաներով՝ փորձելով Ադրբեջանին ներկայացնել որպես խաղաղությամբ ոչ շահագրգիռ երկիր»։ 

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունները։

«Հենց Հայաստանն է նախաձեռնել Ադրբեջանի դեմ ագրեսիվ պատերազմը՝ իր տարածքում և ադրբեջանական հողերում բոլոր ադրբեջանցիներին ենթարկելով էթնիկ զտումների, որը նա պահել է օկուպացիայի տակ շուրջ 30 տարի։

Ադրբեջանը երբեք օկուպացիոն քաղաքականություն չի վարել Հայաստանի նկատմամբ և շահագրգռված չի եղել ստեղծել այնպիսի իրավիճակ, որը տարածաշրջանը կվերածի առճակատման գոտու։ Անգամ նախարար Միրզոյանի հայտարարությունը, թե Հայաստանը համաձայնել է ընդունել խաղաղության պայմանագրի նախագծի վերջին տարբերակը և ճանապարհ է բացել բանակցություններն ավարտին հասցնելու համար, վկայում է այն մասին, որ վերջին երկուսուկես տարին այս երկիրը խոչընդոտում է գործընթացին»,-նշել է ալիևյան ռեժիմի կամակատարը։

Նրա անհեթեթ պնդմամբ, «ադրբեջանական դիվանագիտությունն ու Բաքվի ձեռնարկած միջոցներն են հնարավորություն տվել ավարտել բանակցությունները խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ»։

Հաջիզադեն նշել է նաև, որ Ադրբեջանը «մտադիր չէ անտեսել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի Սահմանադրության մեջ մնացած տարածքային պահանջները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա տարբեր կառույցները պահպանելու՝ Հայաստանի փորձերը»։