Միլիոնանոց պարգևավճարները չինովնիկներին հալալ են, սոցիալական օգնությունը ժողովրդի՝ հարա՞մ

Միլիոնանոց պարգևավճարները չինովնիկներին հալալ են, սոցիալական օգնությունը ժողովրդի՝ հարա՞մ

Այնպես է ստացվում, որ մի իշխանություն, որը երկրի կառավարման ղեկը ձեռքը վերցնելով, առաջին իսկ ամիսներից միլիարդավոր պարգևավճարներ է բաժանել յուրային չինովնիկներին եւ ոչ ոք չի հետաքրքրվում, թե երկիրը կործանման տարած, պատերազմում պարտված, պետական ինստիտուտները ավիրած քաղաքական թիմը այդ ի՞նչ լավ ցուցանիշների համար է ինքն իրեն պարգևատրում, իսկ ՀՀ «հպարտ» քաղաքացուն տված երկու կոպեկը որոշել են նրա քթից բերել։

Մոտ 10 օր է փաշինյանական ժանդարմերիան՝ մեծաթիվ ջոկատներով մտել է Սյունիք՝ աղքատ քաղաքացու ստացած դրամական աջակցությունը ընտրակաշառք որակելու հանձնարարությամբ։ Բերման են ենթարկվում եւ հարցաքննվում են ոչ թե նախընտրական շրջանում աջակցություն ստացած քաղաքացիները, այլ այն քաղաքացիները, ովքեր առհասարակ դրամական աջակցություն են ստացել՝ այս կամ սոցիալական խնդիրը լուծելու համար։ Մի քաղաքացուն առնվազն հինգ անգամ կանչում են, որպեսզի որևէ մեկին համոզեն ցուցմունք տալ ընդիմադիր հայացքներ ունեցած իշխանավորների դեմ, բնականաբար՝ թիրախը Սյունիքի ըմբոստ քաղաքապետերն են։ Հարցաքննվել են հարյուրավոր քաղաքացիներ, մեկ-երկու աղավաղված ցուցմունքի հիման վրա, որը, պարզվեց, ոստիկաններն են ստիպել գրել, ընդամենը մի կնոջ են ձերբակալել՝ Քարահունջի գյուղապետին։ Ընտրություններից ոգևորված ընտրազանգվածը քիչ-քիչ ուշքի է գալիս եւ հասկանում է, որ այս իշխանության խնդիրը ոչ թե երկրում խաղաղություն ապահովելն է, ոչ թե ժողովրդի խնդիրները լուծելը, այլ իր հակառակորդներից վրեժ լուծելը, երկրում պառակտումը խորացնելը՝ իրեն ընտրած ժողովրդի ձեռքով։

Նարեկ Դաջունց