Մոռանալ Անաստաս Միկոյանին 

Մոռանալ Անաստաս Միկոյանին 

Նախկին թավշյա, ներկայումս հակաթավշյա Թագուհի Թովմասյանը նոյեմբերի 11-ին իշխանությունների մասին ասել է. «Եթե ունեիք խաղաղության օրակարգ, պետք էր հայտարարել դրա մասին 2018-ին, որ եկել ենք իշխանության` խաղաղության օրակարգով, եւ սա է խաղաղության գինը։ Ժողովուրդը թող տար իր գնահատականը եւ կատարեր իր ընտրությունը` ուզո՞ւմ է խաղաղության համար վճարել այդ գինը, թե՞ ոչ»: 

2020 թվականի 44-օրյա պատերազմում կապիտուլյացիան թավիշի բերած ամենամեծ ողբերգությունն է: Դրանից առաջ թավիշը տապալել էր կորոնավիրուսի դեմ պայքարը՝ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է»: Այս ամենին զուգահեռ, սոցիալական բազում խնդիրներ թողած՝ միլիարդների պարգեւավճարներ էր տալիս յուրայիններին, պետական գնումների մրցույթներով «ընտրում» յուրայինների ընկերությունները, հարաբերությունները վատացնում-փչացնում բոլորի հետ եւ այլն, եւ այլն: Այս ամենը քաղաքական թիմում քաղաքական օրակարգի բացակայության դրսեւորում է, իսկ 2018-2020 թթ. հատվածում այդ թիմում էր նաեւ այսօր արդեն հակաթավշյա Թագուհին: Ու հիմա նա անկեղծ ու հրապարակային չլինելու մեղադրանք է ներկայացնում իր նախկին թիմին, երբ ինքն էլ առնվազն երեք տարի անկեղծ ու հրապարակային չի եղել, «Իմ քայլի» միջոցով պատգամավոր է դարձել, վայելել իշխանություն լինելու հաճույքը, անկախ այդ իշխանության որակներից: Այսինքն՝ այսօր հակաթավիշ դարձած Թագուհին նույնպես կապիտուլյացիայի պատասխանատու է: Ու սա դեռ ամբողջը չէ:

Ստալինի բռնարարքների ժամանակ նրա թիմակից Անաստաս Միկոյանը բռնապետի մահից հետո ասել է․ «Բոլորս էլ այդ ժամանակ սրիկա էինք»: Փորձել է մեղայականով հանդես գալ: Սա չի արդարացնում նրան, բայց եթե մարդը գոնե ընդունում է, որ սրիկա է կամ մասնակից է եղել սրիկայությունների, արդեն գործի կեսն է: Հայաստանը վերացնող թիմում մի քանի տարի աշխատած Թագուհի Թովմասյանը նման բան չի ասում, առաջնորդվում է «Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին» տրամաբանությամբ եւ թավշյա գործելաոճով՝ բոլորը մեղավոր են, բացի իրենից: Նախկինում թավշյա Թագուհին թավիշից իբրեւ թե հրաժարվել է, բայց թավշյա տրամաբանությամբ է առաջնորդվում` բոլորը մեղավոր են, բացի իրենից: Սա մեծ ռիսկ է հենց հակաթավիշ ուժերի համար: Թավշյա դառնալու ռիսկ: Թագուհին իր ուզածն արել է, հերթը հակաթավիշ ուժերինն է:

Արեգ Մարգարյան