Փառատոնային մշակույթի նկատմամբ պետական քաղաքականություն չկա

Փառատոնային մշակույթի նկատմամբ պետական քաղաքականություն չկա

«Yerevan Jazz Fest 2021» միջազգային 7-րդ փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 6-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որտեղ տեղի կունենա փառատոնի պատվավոր հյուրի` աշխարհահռչակ թմբկահար, կենդանի լեգենդ Բիլլի Քոբամի մենահամերգը։ Նա ելույթ կունենա իր բենդով: Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանի կարծիքով, Հայաստանի համար շատ կարեւոր է Բիլլի Քոբամի նման ճանաչում ու կշիռ ունեցող երաժշտի այցը: Այսպիսի այցերն օգնում են, որ մեր երկիրն ավելի ճանաչելի դառնա: Ընդհանրապես, ամբողջ աշխարհում փառատոներն առանցքային դեր ունեն զբոսաշրջության զարգացման առումով:

«Այսօր եվրոպական շատ քաղաքներ, որտեղ կազմակերպվում են նաեւ ջազ փառատոներ, դարձել են ջազի կենտրոններ: Օրինակ, Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքը ջազ փառատոն անցկացնելու համար կազմակերպիչներին ամեն տարի 30 միլիոն եվրո է տրամադրում: Ջազը նպաստել է քաղաքի հայտնի դառնալուն, ու հիմա կարծես քաղաքն է արժանին մատուցում ջազին: Ամեն տարի մոտ 200 հազար զբոսաշրջիկ է գալիս Մոնտրյո` հենց միայն ջազի փառատոնի ժամանակ: Իսկ Լիոն քաղաքում ջազ ակումբները պետական սուբսիդիա են ստանում: Ջազին արժանին է մատուցում նաեւ մեր հարեւան Վրաստանը: Պետությունը զգալի միջոցներ է տրամադրում Բաթումիի եւ Թբիլիսիի ջազ փառատոների անցկացման համար: Ուզում եմ ասել, թե ինչ վերաբերմունք ունեն տարբեր երկրներում փառատոների ու, ընդհանրապես, ջազի նկատմամբ: Մինչդեռ մեր երկրում փառատոներին վերաբերվում են որպես հերթական միջոցառման: Մեր պետական այրերը չեն էլ պատկերացնում, թե ինչպես կարելի է տարբեր փառատոների միջոցով երկիրն ավելի ճանաչելի դարձնել եւ դրանց միջոցով զարգացնել զբոսաշրջությունը»,- ասում է Ջազի հայկական ասոցիացիայի նախագահը:

Կամո Մովսեսյանը ցավով նշում է` բավական չէ, որ փառատոնային մշակույթի նկատմամբ պետական քաղաքականություն չկա, դեռ ինչ-որ մեկի նախաձեռնությունն էլ որեւէ կերպ չի խրախուսվում: Ի դեպ, «Yerevan Jazz Fest 2021» միջազգային 7-րդ փառատոնն անցկացվում է բացառապես Ջազի հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ: Պետական ոչ մի դերակատարում չկա՝ ո՛չ բարոյական, ո՛չ էլ, առավել եւս` ֆինանսական: Մինչդեռ Ջազի հայկական ասոցիացիան համագործակցում է եվրոպական, ամերիկյան մի շարք կազմակերպությունների հետ, ինչը նպաստել է երեւանյան ջազ փառատոնի ճանաչմանը:

«Yerevan Jazz Fest 2021»-ն արդեն ապացուցել է, որ կայացել է: Փառատոնի հիմնադիր Կամո Մովսեսյանի կարծիքով, հասկանալու համար, թե ինչ կենսագրություն ունի երեւանյան ջազ փառատոնը, բավական է թվարկել այն երաժիշտների անունները, որոնք փառատոնի շրջանակներում եկել են Հայաստան` Ռիչարդ Բոնա, Դե Դե Բրիջիվոտեր, Լարս Դենիելս, Ջո Սթոն, Մարկուս Միլլեր, Սթենի Քլարք եւ այլք:

«Ջազ փառատոն անցկացնելն այսօր իսկական խենթություն է: Իմ երկրի ու Երեւանի հանդեպ սերն է, որ մղում է այդ խենթությանը: Ուզում եմ, որ ճանաչեն ու սիրեն մեր երկիրը, որ դառնա ամենաայցելվողներից մեկը: Ջազը բիզնես չէ, վստահ եմ ասում, գուցե իմիջ է, գործիք՝ իմ քաղաքը մյուս մշակութային քաղաքների կողքին դասելու համար: Բայց... պետական մոտեցում է պետք, որպեսզի միջազգային փառատոների միջոցով երկիրն ավելի ճանաչելի լինի»,- ավելացնում է Կ. Մովսեսյանը:

Խոսելով երաժիշտների մասին ընդհանրապես, Կամո Մովսեսյանն ավելացնում է, որ մենք էլ ունենք տաղանդավոր երիտասարդներ, բայց, ցավոք, նրանք հնարավորություն չունեն ոչ միայն տաղանդը լիարժեք արտահայտելու, այլեւ դրանով ապրուստ վաստակելու, այն նաեւ աշխատանք, արժանավայել ապրելու միջոց դարձնելու համար: Իսկ պատճառը մշակութային պատշաճ քաղաքականության բացակայությունն է:

«Yerevan Jazz Fest 2021» միջազգային 7-րդ փառատոնի եզրափակիչ համերգը նվիրվում է սիրված հայ ջազ երաժիշտ, թմբկահար, ջազի պատմության գիտակ, մանկավարժ Արմեն Թութունջյանի (Չիկո) հիշատակին: Ի դեպ, Չիկոն ծանոթ է եղել Բիլլի Քոբամի հետ, շատ ջերմ է արտահայտվել նրա մասին, հպարտացել իրենց ծանոթությամբ: Վերջում կես-կատակ, կես-լուրջ Կ. Մովսեսյանը ջազի սիրահարներին ու պրոֆեսիոնալներին հորդորում է` միասին ջազաֆիկացնել Հայաստանը: