Ալեն Դելոնի բրենդը՝ Լֆիկի «Մեգամոլ»-ում

Ալեն Դելոնի բրենդը՝ Լֆիկի «Մեգամոլ»-ում

Սամվել Ալեքսանյանի նորաբաց «Մեգամոլում», որը գտնվում է Նորքի զանգվածում, շուտով Ալեն Դելոնի բրենդով բուտիկ կբացվի։ Նշենք, որ այս մեծ մոլը բացվեց գրեթե աննկատ՝ առանց մեծ հանդիսությունների, եւ կարելի է ասել, որ պաշտոնական բացում դեռեւս չի եղել, բայց մոլն արդեն գործում է։ Շուտով կլինի նաեւ այս մոլում տեղակայված ֆրանսիացի հայտնի դերասանի, գեղեցկության համաշխարհային սիմվոլ Ալեն Դելոնի բուտիկի բացումը։ Այս բրենդի Հայաստան գալն ու «Մեգամոլում» հանգրվանելը բավականին ուշագրավ նախապատմություն ունի։

Մեզ պատմեցին, որ բրենդի ներկայացուցիչները հետաքրքրված էին Հայաստանում խանութ բացելու հեռանկարով եւ տեւական ժամանակ Երեւանում հարմար տարածք էին փնտրում, հիմնականում՝ Երեւանի կենտրոնում, նկատելի եւ հեղինակավոր վայրում։ Այդ մասին պատահաբար իմացել է բոլոր իշխանությունների հովանավոր եւ սիրելի օլիգարխ, «ամենայն հայոց մոնոպոլիստ» Սամվել Ալկեքսանյանը։ Ըստ մեզ հասած տեղեկության՝ Ալեքսանյանն ու կինը կապ են հաստատել բրենդի ներկայացուցիչների հետ եւ այնպիսի ճարտար լեզու են թափել, այնպիսի գայթակղիչ պայմաններ են առաջարկել հանրահռչակ դերասանի բրենդի ներկայացուցիչներին, որ վերջիններս ակամայից համաձայնել են իրենց բուտիկը բացել ոչ թե մայրաքաղաքի կենտրոնում, այլ Նորքի զանգվածի նորաբաց մոլում։ Մարդիկ ուղղակի ապշել են Լֆիկի ու նրա տիկնոջ՝ բանակցություններ վարելու եւ մարդկանց գրավելու տաղանդի վրա։ Մեզ ասացին, որ Ալեքսանյանն անգամ խոստացել է հոգալ Ալեն Դելոնի՝ Հայաստան ժամանելու բոլոր ծախսերը եւ այնպիսի գայթակղիչ առաջարկ է արել, որ դա լրացուցիչ խթան է հանդիսացել բրենդը Նորքի զանգված տանելու հարցում։

Բոլորը սպասում էին, որ աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը պետք է ժամանի Հայաստան, սակայն դերասանի առողջական վիճակի կտրուկ եւ անսպասելի վատանալը խանգարել է դրան՝ նա հոսպիտալացվել է։ Ալեքսանյանին առաջարկել են, որ դերասանի փոխարեն դուստրը գա

«Մեգամոլի» բացմանը, սակայն սեփականատերն առաջարկել է սպասել, մինչեւ հայտնի դերասանն ապաքինվի՝ խոստանալով բացման արարողությունը հետաձգել մինչեւ նա ի վիճակի լինի Հայաստան գալ։ Սակայն ակնհայտ է, որ Ալեքսանյանը նրբանկատորեն հրաժարվել է այդքան փող ծախսելուց, եթե հայտնի դերասանը չի ժամանելու եւ իր ներկայությամբ չի նպաստելու իր մեգաբիզնեսի էլ ավելի բարգավաճմանը։

«Մեգամոլից» հաստատեցին մեր տեղեկությունների պաշտոնական մասը՝ ասացին, որ «Ալեն Դելոն» բուտիկը, որտեղ ներկայացված է լինելու տղամարդու նորաոճ հագուստ, նախապատրաստական աշխատանքների մեջ է, եւ շուտով կլինի այդ խանութի պաշտոնական բացումը։ Թե երբ՝ կոնկրետ օրը դեռ չգիտեին, բայց չբացառեցին, որ պաշտոնական բացմանը ներկա կգտնվի նաեւ ինքը՝ աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը։