Ե՛վ կառուցապատողը, եւ՛ սեփականատերը կողմ են շինարարությունը սկսվելուն

Ե՛վ կառուցապատողը, եւ՛ սեփականատերը կողմ են շինարարությունը սկսվելուն

Երեւանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) տարածքում 8 հուշարձան-շենք դուրս է բերվել կառուցապատման ծրագրից եւ առաջիկայում, կառավարության որոշմամբ, կհանվի նաեւ գերակա շահի որոշման մեջ տեղ գտած գույքերի ցանկից։ Այս մասին օրերս Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ գումարված Երեւանի ավագանու Քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի եւ Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստի ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը։

Հիշեցնենք, որ նիստի ընթացքում քննարկվում էր Երեւանի 33-րդ թաղամասի հարցը, որը կրկին ասպարեզ է իջեցվել։ Օրերս Երեւանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում Ֆիրդուսի թաղամասում շինաշխատանքների հարցով։ Նրանք տարբեր պաստառներով իրենց կոչն էին փոխանցում քաղաքային իշխանություններին։ Բողոքի ակցիան ընթանում էր «Ֆիրդուսի՝ ՈւսՈւսի» խորագրով։ Երեկ երեկոյան էլ բանակցություններ էին ընթանում Ֆիրդուսի 80 հասցեում գտնվող շենքը (նույնպես հուշարձանների ցանկում ներառված չէ) չքանդելու եւ այն եւս կառուցապատման նախագծից հանելու վերաբերյալ։

Այս թեմայի շուրջ զրուցել ենք Ֆիրդուսի 80 շենքի սեփականատիրոջ՝ Սամվել Չախոյանի հետ։ Նրա խոսքով՝ իրեն չի հետաքրքրում, թե ով ինչ է խոսում, ինչ բողոքի ակցիաներ են կազմակերպվում, ավագանին ինչ որոշումներ է կայացնում եւ կայացնելու։ «Եղբայր, սա իմ սեփականությունն է։ Կուզեմ՝ կծախեմ, կուզեմ՝ չեմ ծախի, կուզեմ՝ կվառեմ։ Իմն է, ինչ կուզեմ, կանեմ։ Ավագանին ո՞վ է։ Մարդիկ եկել, ինձ նորմալ պայմաններ են առաջարկել, ես էլ վաճառում եմ։ Այդ պայմանագիրը մենք մի 3-4 ամիս առաջ ենք կնքել։ Էս տան հիմքը գցել են 1938 թվականին, իսկ արդեն երկրորդ հարկը 1960-ին նոր սարքել են։ Էս ամբողջ նախշերը, շինարարական աշխատանքները հայրս է արել, արմատներով Կարսից ենք։ Հա, ճիշտ է, հերս շատ սիրուն է սարքել, բայց որ սիրուն է, չի նշանակում՝ պատմամշակութային է, տենց բան չկա, չի եղել»։

Չախոյանը թվեր չնշեց, բայց վստահեցրեց, որ կնքված պայմանագիրն իրեն այնքան ձեռնտու է, որ ստացած գումարով կարող է բնակարաններ գնել իր բոլոր երեխաների համար. «Մինչեւ էս էլի առաջարկներ եղել էին, բայց չէի ուզել, որովհետեւ ծիծաղելու գներ էին առաջարկում՝ 500 դոլար, 600 դոլար, էդ գնով բա մարդ տնից կհրաժարվի՞։ Ստեղ մենք շատով ենք բնակվում, իմ ընտանիքն է, քրոջս ընտանիքն է»։

Սամվել Չախոյանին չի հետաքրքրում, թե ծրագիրը երբ ավարտին կհասցվի, իր խոսքով, կարեւորը շինաշխատանքների մեկնարկն է, որից հետո էլ պետք է խոստացված գումարը ստանա։ «Դե, ասել են՝ երեք ամսից կտանք, բայց, ինչպես տեսնում եք, դեռ սպասում ենք»։
Չախոյանը հավելեց, որ այլ տարբերակ չկա, շենքը պետք է քանդվի, եւ վերջ, քանի որ ընտանիքը չի կարողանում այդ պայմաններում ապրել։ «Չորս կողմը շինարարություն է, փոշի, էդ պայմաններում ո՞նց ապրենք մենք»։

Թեմայի շուրջ զրուցել ենք նաեւ կառուցապատողներից Անդրանիկ Գրիգորյանի հետ։ «Ես 15 լոտի կառուցապատողն եմ, մեր հատվածում եղած խնդիրները վերաբերում են ճանապարհների (մոտեցումների) մատչելի լինելուն, շինհրապարակի կազմակերպմանը։ Թե՛ համավարակի եւ թե՛ նախագծի մշակման աշխատանքների պատճառով մեր լոտում առկա անավարտ օբյեկտի շինարարության աշխատանքները ձգձգվեցին, դրանք պետք է մեկնարկեին դեռեւս ս․թ․ ապրիլ ամսին»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ հույս ունեն գոնե մյուս ամսից սկսել աշխատանքները. «Մենք նախատեսում ենք հուլիս-օգոստոս ամիսներին վերսկսել շինաշխատանքները։ Ընդհանուր առմամբ, ոչ միայն շինարարության, այլեւ սպասարկող այլ ծառայությունների մասով կստեղծվի 150-200 նոր աշխատատեղ»։ Նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրը պետք է ունենա առավելագույնը 60 մ բարձրություն, նախագծով տրվելու են ժամանակակից եւ կրեատիվ ճարտարապետական լուծումներ։

Գրիգորյանը, անդրադառնալով նաեւ աղմկահարույց Ֆիրդուսի 80-ին, նշեց. «Այդ հասցեում գտնվող բնակելի տունը չի գտնվում պետության կողմից մշակութային արժեք ճանաչված շենքերի ցանկում։ Երբեք էլ չի գտնվել։ Եվ ոչ էլ, ասենք, մտցվել-հանվել է, որպեսզի որեւէ մեկի, այդ թվում իմ՝ որպես ներդրողի մոտ կասկած առաջանար այդ շինության ցանկում չգտնվելու իրավաչափ լինելու հարցում։ Հետեւաբար, բարձրացված աղմուկը, ըստ իս, արհեստական է, ինձ՝ որպես ներդրողի, անհայտ են դրա պատճառները եւ աղմուկ բարձրացնողների շարժառիթները։ Իմ տեղեկություններով՝ դրանք հայտնի չեն նաեւ շենքի սեփականատերերին, որոնց հետ արդեն իսկ առկա են գրավոր պարտավորվածություններ։ Համաձայն լոտի իրացնողի, իմ եւ ՀՀ կառավարության միջեւ 2019թ. սեպտեմբերին կնքված պայմանագրի՝ մենք ՊԱՐՏԱՎՈՐ ենք իրացնել լոտում առկա եւ մասնավոր սեփականատերերին պատկանող ամբողջ անշարժ գույքը` ամբողջ ծավալով։

Ընդ որում՝ ներդրման մասին որոշում կայացնելիս անկյունաքարային են հանդիսացել 2 հանգամանքներ․
ա) լոտում առկա անավարտ շինության առկայությունը,
բ) իրացման ենթակա ընդամենը 1 անշարժ գույքի առկայությունը (Ֆիրդուսի 80), որը չի եղել եւ չկա մշակութային արժեքների ցանկում։

Մեր նախագիծը մշակված է՝ հաշվի առնելով լոտի ամբողջ մակերեսն արդյունավետ օգտագործելու բիզնես-հաշվարկը՝ պահպանելով, իհարկե, առավելագույն կառուցապատման ծավալները (60%-ից ոչ ավելի), ինչը նշանակում է, որ ցանկացած շեղում եւ դանդաղում ոչ միայն կբերի մեր եռակողմ պայմանագրով ստանձնած իմ պարտավորության խախտմանը, այլեւ հնարավոր կորուստների եւ վնասների։ Այնպես որ, խորհուրդ եմ տալիս ցանկացած երրորդ անձի, ով արհեստածին աղմուկ է բարձրացնում, լավ գնահատել, թե ինչպիսի վնասներ կարող են հասցնել մեզ՝ հստակ գիտակցելով, որ մենք ոչ միայն չենք խախտելու օրենքն ու կնքված պայմանագիրը, այլեւ պահանջելու ենք, որ մեր նկատմամբ նույնպես օրենք չխախտվի»։
Իսկ ի՞նչ շենք պետք է կառուցվի, որքա՞ն բնակարան է նախատեսված։ «Նախատեսվում է կառուցել 3 ստորգետնյա եւ 16 վերգետնյա հարկերից բաղկացած բազմաֆունկցիոնալ համալիր։ Առաջին 3 հարկերը լինելու են հասարակական նշանակության, սուպերմարկետ, մարզասրահ, գեղեցկության սրահ եւ այլն։ 4-16 հարկերը լինելու են բնակելի՝ 54-82 քմ մակերեսով, յուրաքանչյուրը՝ բաց պատշգամբով»։

Կա՞ն արդյոք շինթույլտվություններ։ «Ներկա պահին նախագիծը ենթարկվում է փորձաքննության, ավարտից հետո կդիմենք շինթույլտվության։ Կարծում եմ՝ որեւէ խնդիր չի լինի»։
Ինչպե՞ս է լուծվել տեղի բնակիչների նոր բնակարանների հարցը։ «Բնակիչների բնակարանային ապահովվածության խնդիրը պետք է լուծեն հենց իրենք՝ բնակիչները, հավանաբար, իրենց պատկանող տան ձեռքբերման դիմաց մեր կողմից վճարված գումարի հաշվին»։ Կասե՞ք ներդրումների չափը։ «Նախագծի իրականացման համար ներդրվելու է 5 միլիարդ դրամ, շինարարության ավարտը նախատեսում ենք 2022 թ․ գարնանը»։