Եթե դրանք չլուծվեն, հետո թիրախավորվելու է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը

Եթե դրանք չլուծվեն, հետո թիրախավորվելու է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը

Երեկ խորհրդարանը կիսադատարկ դահլիճում քննում եւ հարցաքննում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամության թեկնածուներին, որոնցից երեքին ներկայացրել էին ԱԺ 3 խմբակցությունները, մեկին՝ կառավարությունը, մյուսին՝ ԲԴԽ-ն։ Նրանք վերջում կընտրեն փակ-գաղտնի քվեարկությամբ։ Մենք զրուցեցինք «Իմ քայլի» թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ, որն այս պահին՝ մինչ օրս օրենքի խախտումով ու կիսատ-պռատ գործող Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ է։

Շաթիրյանը նախ ասաց, թե ինչպես է իշխանական ֆրակցիան որոշել հենց իրեն առաջադրել․ «Նոյեմբերի 7-ին նախորդած երեկոյան ինձ զանգահարեցին «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի գրասենյակից եւ առաջարկեցին առավոտյան հանդիպում ունենալ ՔՊ գրասենյակում։ Առավոտյան հանդիպման շրջանակում ես համառոտ ներկայացրի կենսագրական տվյալներս, ինչ ուղի եմ անցել հենց կոռուպցիայի կանխարգելման հետ կապված, իրավական ակտերի մշակման, դրանց իրացման գործընթացում։ Հնչեցին հարցեր, տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, եւ հաջորդ օրն արդեն, առանց իմ մասնակցության, տեղի է ունեցել խմբակցության նիստ, եւ նիստի օրակարգում քննարկման առարկա է դարձվել իմ թեկնածությունը, ու կայացվել է համապատասխան որոշում»։

- Դուք Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ եք, իսկ այդ հանձնաժողովին այսօրվա իշխանությունները քննադատում էին անգործության համար։ Հիմա, ինչպե՞ս ստացվեց, որ Ձեզ ե՛ւ չեն ասոցացրել նախկինների հետ, ե՛ւ առաջարկեցին դառնալ նոր ձեւավորվող մարմնի անդամ։

- Շնորհակալություն, հետաքրքիր հարց եք տալիս, շատ բազմաշերտ։ Նախ՝ ես դեռեւս շարունակում եմ պաշտոնավարել որպես Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ։ Այո, հանձնաժողովի հասցեին կազմավորման պահից սկսած՝ հնչել են տարատեսակ քննադատություններ, ես այս պահին առավելագույնս անկեղծ կլինեմ եւ կասեմ, որ այդ քննադատությունների մի մասն ինձ համար առնվազն՝ որպես հանձնաժողովի հինգ անդամներից մեկի, միանգամայն ընդունելի է։ Իհարկե, հանձնաժողովի գործունեության սկզբնական շրջանում պետք է նկատի ունենանք, որ սահմանափակ մարդկային ռեսուրսների խնդիր ենք ունեցել, չի եղել աշխատակազմ, չի եղել առանձին ֆինանսավորում, հանձնաժողովին վերապահված օրենսդրական գործիքակազմն է բավականին թերի եղել։

- Այդ դեպքում Դուք ինչո՞ւ էիք շարունակում մնալ այդ հանձնաժողովի անդամի կարգավիճակում եւ ինչո՞ւ չէիք բարձրաձայնում այդ մասին։

- Նախ՝ ես 2012 թ․-ից չէ, որ պաշտոնավարում եմ, պաշտոնավարում եմ 2015 թ․ հունիսից եւ, թող անհամեստ չհնչի, որոշակի ներդրում ունեցել եմ կոռուպցիայի կանխարգելման նոր ինստիտուցիոնալ համակարգի եւ բարեվարքության համակարգի ներդրման գործընթացում։ Մասնավորապես, ընդգրկված եմ եղել 2016 թ․ տարեվերջին ձեւավորված կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների ապահովման աշխատանքային խմբի կազմում, եւ այս խմբի գործունեության արդյունքներով է, որ ծնունդ է առել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին նոր օրենքը։ Այսինքն՝ մասնագիտական առումով ես եւ ոչ միայն ես, նաեւ հանձնաժողովի մյուս անդամները, նաեւ արդարադատության նախարարության ներկայացուցիչները, որոնց ղեկավարը հենց արդարադատության նախկին նախարարն էր՝ տիկին Արփինե Հովհաննիսյանի մասին է խոսքը, եւ այդ խմբի գործունեության արդյունքներով է ընդունվել հակակոռուպցիոն օրինագծերի մեծ փաթեթը, նաեւ ազդարարման համակարգի մասին օրենքը․․․ խոսքը 2017 թ․ հունիսի 9-ին ընդունված փաթեթի մասին է։

- Այս՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հիմքերը, փաստորեն, դրվել են դեռեւս նախորդ իշխանության օրոք, եւ հանձնաժողովը դեռ 2018 թ․ հուլիսից պետք է գործեր, բայց հայտնի իրադարձությունների պատճառով հետաձգվում էր, ու փորձում են կյանքի կոչել միայն այսօր։ Այստեղ չկա՞ այնպիսի խախտում, որը նաեւ պատասխանատվություն է ենթադրում։

- Պատասխանատվության մասին խոսք չի կարող լինել, որովհետեւ եթե այդ ասպեկտով հարցին մոտենանք՝ հանրային իշխանության քաղաքական պատասխանատվության մասով, ապա հարցի լուծումը միանշանակ գտնվում էր Ազգային ժողովի իշխանության տիրույթում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ունենալու է ինքնավար մարմնի կարգավիճակ, իսկ սահմանադրական նոր կարգավորումներով ինքնավար մարմնի նոր անդամներին նշանակում է Ազգային ժողովը։ Այսինքն, քանի դեռ ԱԺ-ի կողմից համապատասխան գործընթաց չէր նախաձեռնվել, հանձնաժողովը չէր կազմավորվել, մենք ունենք այն իրավիճակը, որը շարունակվում է այսօր։ Զուգահեռաբար մենք ունենք իրավական անվտանգությունը չխաթարելու խնդիր։

- Էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանը հրաժարական ներկայացրեց նաեւ այդ պատճառով, որ հանձնաժողովը լիարժեք չէր գործում, եւ նա անցավ ընդդիմադիր քաղաքական գործունեության դաշտ։ Դուք հրաժարական չտվեցիք եւ մնացիք իշխանությանն ավելի լոյալ դիրքերում։ Կարո՞ղ է նաեւ դա են հաշվի առել «Իմ քայլում», որ Ձեզ են առաջադրել։

- Տեսեք, ես իմ մասնագիտական գործունեության ընթացքում ի սկզբանե միշտ խուսափել եմ որեւէ անձի, անհատի կամ որեւէ քաղաքական միավորի, քաղաքական ուժի հետ ասոցացումներից։ Այլ հարց է, որ առանձին շրջանակներ, նեղ կամ խմբակային շահերից ելնելով, փորձել են կատարել այսպիսի ասոցացումներ, բայց ես միշտ առաջնային եմ համարել իմ մասնագիտական գործունեությունը։ Եվ իմ մասնագիտական գործունեության ընթացքում ինձ համար սկզբունքային չի եղել անձի նախկին կամ գործող լինելը։ Այլ հարց է, որ օրենսդրական հարթությունում մենք ունեցել ենք կամ այսօր էլ ունենք մի շարք խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն։ Հակառակ պարագայում, եթե դրանք չլուծվեն, ապագայում թիրախավորվելու է նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

- Մի հարց էլ՝ բուն հանձնաժողովի էության մասին։ Ինչպիսի՞ն է լինելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը, ըստ էության, փոխարինելու է Էթիկայի հանձնաժողովին։ Խոսակցություն կա, որ այն ավելի շատ կապող օղակ է լինելու գործադիր եւ դատական իշխանության միջեւ։

- Շնորհակալ եմ, հետաքրքիր հարց եք հնչեցնում։ Պայմանական ենք ասում, որ փոխարինելու է Էթիկայի հանձնաժողովին, որովհետեւ, ըստ էության, գործ ունենք ինստիտուցիոնալ նոր մոդելի, նոր կառույցի հետ՝ ինքնավար մարմնի, որի անդամներին նշանակելու է Ազգային ժողովը, եւ որի անդամը, ըստ օրենսդրության, օժտված է անկախության եւ անձեռնմխելիության որոշակի ատրիբուտներով եւ ունենալու է շատ ավելի ընդլայնված գործիքակազմ, քան գործող Էթիկայի հանձնաժողովն է։

- Իսկ նոր իշխանությունները որեւէ փոփոխություն մտցրե՞լ են նախորդների օրոք գրված նոր հանձնաժողովի մասին օրենքում։

- Այո, իհարկե․ սեպտեմբերի 13-ին ընդունվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը, որով ընդլայնվել է հանձնաժողովի գործառույթների եւ լիազորությունների շրջանակը։ Խոսքը վերաբերում է պետական պաշտոնի նշանակվող անձանց բարեվարքության պահանջների պահպանմանը, նրանց կողմից կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացմանը եւ արդյունքներով խորհրդատվական բնույթի եզրակացությունների տրամադրմանը, որոնք հրապարակայնացման ենթակա չեն։