ԿԳՄՍՆ-ի համար անհաղթահարելի են իր իսկ սահմանած թիրախները․ Կրթության մինչև 2030 թ․-ի պետական ծրագիրն են խմբագրում

2022-ին ԱԺ-ն հաստատեց կրթության մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, որով ուղենշվեցին կրթության բոլոր մակարդակներում զարգացման առաջնահերթություններն ու թիրախները։ Սա, ի դեպ, մեր միակ ռազմավարությունն է, որն ունի օրենքի կարգավիճակ եւ այդպիսով ցույց է տալիս կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզը: 2023-ին արդեն կառավարությունը հաստատեց նաեւ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը», որը ֆինանսական գնահատում էր անցել նաեւ արտաքին փորձագետների ներգրավմամբ:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասում է՝ ԿԳՄՍ նախարարությունը, սակայն, գործողությունների պլանում որոշակի փոփոխություններ է մտցրել։ Հարցին՝ արդյո՞ք սա ընդունված պրակտիկա է, արձագանքում է․ «Գործողությունների պլանը կարելի է կառավարության որոշմամբ փոփոխել։ Նաեւ նշեմ, որ սա առաջին անգամ էր, որ կար գործողությունների պլան, որովհետեւ նախորդ զարգացման ծրագրերը չեն ունեցել, իսկ այստեղ հստակ նշվում է, թե որ թվականին ինչ ցուցանիշներ պետք է ապահովել։ Ինձ թվում է՝ նախարարությունն այնքան շատ ցուցիչներ է գրել, եւ ամբիցիաներն էլ այնքան բարձր են, որ, ըստ էության, ընդամենը մեկ տարի անց նախարարությունը հասկացավ, որ չի կարող այս խոստումները կատարել, եւ հիմա այս նոր՝ վերանայված տարբերակում առաջարկվում է մի քանի ցուցիչներ ընդհանրապես հանել, իսկ մյուսների կատարումը՝ հետաձգել»։ Ս․ Խաչատրյանը մի քանի օրինակ է բերում։
«Գործողությունների պլանում հիշատակում կար երկարօրյա ծառայությունների մասին, որը նախատեսված էր հետ մնացող աշակերտների համար, այսինքն՝ եթե աշակերտը կոնկրետ առարկայից հետ է մնում, հաճախում է երկարօրյա եւ այնտեղ լրացուցիչ ծառայություն ստանալով՝ հասնում է ինչ-որ դրական շեմի։ Այս մասով նշված էին բավականին հավակնոտ թվեր, իսկ հիմա դրա մասին ընդհանրապես չկա ծրագրում։ Այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ խնդիր ունենք երկարօրյա ծառայությունների հետ կապված։ Մյուսն այն է, որ ծրագրում նշված էր՝ Հայաստանի 11 համայնքներում պետք է փորձարարական ծրագիր իրականացվի, որի շրջանակում դպրոցների կրթության կառավարման որոշ լիազորություններ պետք է փոխանցվեն տեղական ինքնակառավարման մարմիններին։ Այսինքն՝ մասնակի ապակենտրոնացման փորձ էր արվում, բայց այս նոր տարբերակում սա էլ չկա։ Ստացվում է՝ ապակենտրոնացման այդ փորձից նախարարությունը հրաժարվում է, ինչը ես կապում եմ այն հանգամանքի հետ, որ վարչապետի կողմից եղել է հայտարարություն, որ դպրոցների կառավարումը պետք է կենտրոնացնել նախարարության ներքո, այսինքն՝ մենք հիմա կրթության համակարգը տանում ենք տոտալ կենտրոնացման։ Պատկերացնո՞ւմ եք՝ 2 տարի առաջ որոշել են, որ ապակենտրոնացման փորձ պիտի անեն, ֆիքսել են դա, հիմա հետ են կանգնում, ասում են՝ ոչ, չենք անելու»։
Հաջորդ օրինակը վերաբերում է բուհերում ռազմական ամբիոնների ստեղծմանը, որը փոփոխված տարբերակում հանված է։ Սա, ըստ էության, եւս պայմանավորված է քաղաքական նկատառումներով։ «Ծրագրով նախատեսված էր, որ նախադպրոցական ծառայություններ չունեցող համայնքներում պետք է ստեղծվեին ու բացվեին մանկապարտեզներ։ Նախատեսված էր, որ 2024-ին Հայաստանում պետք է մնար ընդամենը 90 համայնք, որոնցում նախադպրոցական ծառայություն չմատուցվի, բայց նոր վերանայված ծրագրով ասվում է, որ 2024-ին 244 համայնքում չի լինելու մանկապարտեզ, իսկ 2026-ին՝ 191-ում, այսինքն՝ հին տարբերակով 2024-ին պետք է մնար 90, իսկ նոր ծրագրով՝ 2026-ին 191 համայնք դեռ չի ունենալու նախադպրոցական ծառայություն։ Եվ այս առումով ինձ համար մի քիչ անորոշ է 500 մանկապարտեզների վերանորոգման այդ ծրագիրը, քանի որ նախկին ծրագրով դա ապահովվում էր, իսկ նոր ծրագրով ասվում է, որ 2023-ին 198 մանկապարտեզ է հիմնանորոգված եւ վերանորոգված, 2024-ին ավելանալու է եւս 32-ը, 2026-ին՝ 122-ը, իսկ երբ այդ թվերը գումարում ես, մոտավորապես ստանում ես 350։ Այսինքն՝ այն խոստումը, որ 2026-ին 500 մանկապարտեզ պետք է հիմնանորոգվի եւ վերանորոգվի, ըստ այս ծրագրի, չի հաստատվում»,-արձանագրում է զրուցակիցս։
Ս․ Խաչատրյանն անդրադառնում է նաեւ կրթությունից դուրս մնացած երեխաների խնդրին, որի վերաբերյալ եւս որոշակի ցուցանիշներ էին սահմանված․ «Նախատեսվում էր, որ կրթությունից դուրս մնացած, հայտնաբերված երեխաների 50 տոկոսը 2023-ին պիտի արդեն վերադարձած լիներ դպրոց, նոր ծրագրով ասվում է, որ 2024-ին՝ ընդամենը 30 տոկոսը։ Այսինքն ստացվում է, որ կրթությունից դուրս մնացած երեխաներին դպրոց հետ բերելու խնդիրը կարծես թե բավարար չափով չի լուծվում»։
Որոշակի ցուցանիշներ փոփոխված են նաեւ կամավոր ատեստավորման մասով, այն է․ «Նախատեսված էր, որ մինչեւ 2030-ը Հայաստանի ուսուցիչների 80 տոկոսը պետք է կամավոր ատեստավորումը հաղթահարեր, բայց նոր ծրագրով նշվում է՝ 45 տոկոսը, այսինքն՝ շուրջ կեսը․ ի սկզբանե 85 տոկոսից իջեցվել է 45 տոկոսի։ Մինչդեռ, հիշում եք` հայտարարվեց, որ ամեն ինչ պետք է անեն, որ բոլոր ուսուցիչները մինչեւ 2030 թվականն անցնեն այս կամավոր ատեստավորումը, դրա համար դրված էր 80 տոկոսի նշաձողը, բայց հիմա պարզվում է՝ 2030-ին կլինի միայն 45 տոկոսը»։
Ինչո՞վ են բացատրում այս փոփոխությունները, նախարարությունը որոշ ծրագրերի դեպքում տեսնում է, որ սահմանված թիրախներն անիրատեսական են, ու փորձում է այսկե՞րպ ապահովագրել իրեն։ «Այո, որովհետեւ, ամեն դեպքում, սա կառավարության կողմից հաստատված ծրագիր է, եւ այս տեսակի փաստաթղթում եթե ինչ-որ բան գրում ես ու շատ բան չես կատարում, դա խնդրահարույց է նախարարության համար, որովհետեւ, եթե նշել ես մի շարք ծրագրեր, բայց դրանք չես արել կամ ուշացրել ես, դա պետք է խնդիր առաջացնի։ Դրա համար, իմ տպավորությամբ, նախարարությունը մի շարք ցուցիչներ հանել է, մի շարք ցուցիչներ հետաձգել է, շատ բան էլ գցված է վերջին տարիների վրա՝ 2028, 29, 30 թթ․-ին։ Օրինակ՝ որակավորումների ազգային շրջանակի ինքնահավաստագրում պետք է արվեր 2023-ին, այսինքն՝ դեռ նախանցած տարի, բայց նոր տարբերակում այդ գործողությունը տանում են 2030թ․՝ 7 տարով հետաձգում են։ Այսպիսի շատ կետեր կան, շատ ցուցիչներ հանված են, մի մասի կատարողականն է իջեցված տոկոսով, մի մասն էլ ժամանակի մեջ ձգված է դեպի 2030-ը»։
Կրթության փորձագետն արձանագրում է, որ կրթական համակարգի օրենքներն ու կարգերը, ընդհանուր առմամբ, շատ արագ ու հաճախակի են փոփոխությունների ենթարկվում․ «Օրինակ, նույն տնօրենի ու վարչատնտեսական համակարգողի բաժանումներն անընդհատ փոխվում են ու փոխվում»։ Ինչո՞վ է բացատրում այդ փոփոխությունների տրամաբանությունը, ԿԳՄՍՆ-ի համար անհաղթահարելի՞ են իր իսկ սահմանած թիրախները, որ անընդհատ խմբագրում է օրենքները։ «Կարծում եմ՝ այստեղ նաեւ մարդկային ռեսուրսի հետ կապված խնդիր կա, գուցե որոշումներ ընդունողները բավարար չափով չեն հաշվարկում իրենց որոշումների ընթացքը։ Շատ որոշումներ հապճեպ են կայացվում, միանձնյա, փոքր խմբով, ու դրա համար սա է արդյունքը։ Մինչդեռ, եթե մենք օրենքում փոփոխություն ենք անում, դա պետք է լավ մտածենք, որովհետեւ չես կարող անընդհատ փոխել-փոխել։ Սա նաեւ լրջագույն խնդիրներ է ստեղծում ուսումնական հաստատությունների համար, հատկապես՝ դպրոցների, որոնք իրավաբան էլ չունեն, որ խորհրդատվություն ստանան։ Այսքան արագ փոխվում են կարգերը, եւ չի բացառվում, որ մարդիկ սխալներ էլ թույլ տան՝ ուշադիր չլինելով, որ արդեն ինչ-որ բան փոխվել է, որովհետեւ, եթե բուհերն ունեն բարձրակարգ իրավաբաններ, որոնք կարող են իրենց օգնել, դպրոցը չունի այդ հնարավորությունը։ Անգամ շատ հարցերում մարզպետարաններն են դժվարանում կողմնորոշվել եւ շատ բաների չեն տիրապետում»։
Կարծիքներ