Ես նույնիսկ երկրում չեմ եղել, երկու օր առաջ եմ ժամանել Հայաստան․ Վստրեչի Ապեր

Ես նույնիսկ երկրում չեմ եղել, երկու օր առաջ եմ ժամանել Հայաստան․ Վստրեչի Ապեր

Երեկ մենք հրապարակում ունեինք․ «Հայտնի՞ է, թե ում «տղերքն» են եղել Էրեբունի համայնքում կրակողները», որտեղ ներկայացրել էինք 2019 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 15.00-ին տեղի ունեացած դեպքի մանրամասները։ Գրել էինք, որ «Հրազենով կրակոցներ են արձակվել Երևան քաղաքի Բուռնազյան փողոցում գտնվող արտադրամասի պատուհանի ուղղությամբ՝ վնասելով երկշերտ ապակիներից մեկը և պատին ամրացված տեսախցիկը: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։ Մեզ հայտնի դարձավ, որ կրակոցների հեղինակները Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի մերձավորներն են եղել, և հին հաշիվներ են ցանկացել մաքրել։ Այս պահի դրությամբ չկան տվյալներ, թե անձամբ Վարդանյանն այնտեղ եղե՞լ է, թե՞ ոչ, մեր աղբյուրը փոխանցեց՝ «Իր տղերքն են եղել»»։ 

Այսօր մեզ հետ կապվեց Արամ Վարդանյանը, նախ ասաց, որ «ես տղերք չունեմ», հետո ավելացրեց, որ ունեմ մեկ տղա, անունը՝ Կարեն։ «Չեմ հասկանում տղաներ ասածն ինչ է։ Գաղափար չունեմ ընդհանրապես՝ ինչի մասին եք գրում, ինչ է տեղի ունեցել, ով ում է կրակել։ Ես նույնիսկ երկրում չեմ եղել, երկու օր առաջ եմ ժամանել Հայաստան»։