Փաշինյանը Թրամփի հետ լուսանկար ունի. նա կարող է մնալ վարչապետի պաշտոնում
Նիկոլ Փաշինյանը մեծագույն աշխարհաքաղաքական հաջողություն է գրանցել. նրան հաջողվել է լուսանկարվել Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նրան թվում է, թե դրանով ինքն ապահովեց իր իշխանության լեգիտիմությունը, ստացավ աշխարհի թիվ մեկ գերտերության առաջնորդի աջակցությունը եւ հիմա այդ լուսանկարն ունենալով, կարող է ասել, որ վաստակել է Հայաստանում իշխելու իրավունք: Այդ հաջողությունը հեշտությամբ չի տրվել, դրա համար պահանջվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությունը: Առանց դրա նման դժվար հարց հնարավոր չէր լուծել. Դոնալդ Թրամփը չի ճանաչում Նիկոլ Փաշինյանին, չգիտի, թե նա ով է, ինչո՞ւ պետք է նա անծանոթ մեկի հետ լուսանկարվեր: Ո՞վ է Փաշինյանը Դոնալդ Թրամփի համար. մի աննշան երկրի ղեկավար, որը միջազգային մակարդակում եւ իր երկրում պարտության եւ դավաճանության խորհրդանիշ է, իսկ իշխանությունը պահում է բացառապես բռնության եւ տարբեր ինտրիգների միջոցով: Առանց Մակրոնի միջամտության եւ միջնորդության՝ լուսանկարը չէր ստացվի:
Ամենայն հավանականությամբ, ամեն ինչ տեղի է ունեցել այսպես. Փաշինյանը դիմել է Մակրոնին՝ խնդրելով, որ նա ինչ-որ ձեւով կազմակերպի իր եւ ԱՄՆ նորընտիր նախագահի համատեղ լուսանկարի հարցը, Մակրոնը մոտեցել է Դոնալդ Թրամփին եւ ասել. «Պարոն նախագահ, խնդրում եմ լուսանկարվել Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ»: Թրամփն էլ, քանի որ հյուրի կարգավիճակում էր, իսկ հյուրընկալ կողմն էլ Ֆրանսիան էր, չի ցանկացել մերժել Մակրոնին, ասել է. «Լավ, եթե այդքան խնդրում եք, թող մոտենա»: Մակրոնն էլ ձեռքով է արել Փաշինյանին, թե մոտ արի` մի կերպ համոզել եմ: Դոնալդ Թրամփը Փաշինյանի հետ առանձին չի լուսանկարվել, լուսանկարում նաեւ Էմանուել Մակրոնն է: Այսինքն, Թրամփն ուզեցել է հասկացնել, որ ինքը ոչ այնքան Փաշինյանի հետ է նկարվում, որքան՝ Մակրոնի, ուղղակի կադրում նաեւ երրորդ մարդ կա: Նույնպիսի մի լուսանկար էլ կա, որտեղ Իլոն Մասկն է, Էմանուել Մակրոնը եւ Նիկոլ Փաշինյանը: Սա էլ է արվել նույն սցենարով. Մակրոնը մոտեցել է Մասկին, թե` ուզում եմ Ձեզ հետ լուսանկարվել, Մասկը չի մերժել, բայց վերջին պահին Մակրոնը Մասկին ասել է. «Եթե դեմ չեք, թող մեզ հետ լուսանկարվի նաեւ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը»: Մասկն ասել է, որ իր համար հաճելի չէ նրա հետ լուսանկարվելը, եւ չէր ուզենա նրան իր կողքին տեսնել, Մակրոնը պատասխանել է. «Մի անհանգստացեք, նա Ձեր կողքին չի կանգնելու, թող իմ կողքին կանգնի` ընդամենը մի վայրկյան, մի ակնթարթ»: Մասկը գլխով է արել:
Դոնալդ Թրամփի հետ լուսանկարն իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով, Փաշինյանը գրել է. «Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունն ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շփվելու լավ առիթ ընձեռեց»: «Շփում» բառի մեջ պետք չէ այլ իմաստ փնտրել, այն պետք է հասկանալ ամենաուղիղ ձեւով. Փաշինյանը ձախ ուսով հպվում-շփվում է Դոնալդ Թրամփի աջ ուսին, համենայնդեպս՝ լուսանկարից նման տպավորություն է ստեղծվում, որ շփում կա: Իսկ Ֆրանսիայի նախագահի հետ շփումն ակներեւ է` Մակրոնը բռնել է Փաշինյանի ձեռքը: Չնայած Իլոն Մասկի հետ լուսանկարի տակ գրել է. «Իլոն Մասկի հետ շփվելու առիթ նույնպես ունեցա», բայց այս դեպքում ստախոսությունը բացահայտ է` Մասկի եւ Փաշինյանի միջեւ կանգնած է Էմանուել Մակրոնը, եթե «շփում» կա, ապա՝ միջնորդավորված․ Փաշինյանը կպել է Մակրոնին, Մակրոնը՝ Մասկին:
Թե՛ Դոնալդ Թրամփի, թե՛ Իլոն Մասկի հետ Փաշինյանը որեւէ խոսակցություն չի ունեցել, եթե ունեցած լիներ, կլինեին այլ լուսանկարներ կամ նույնիսկ՝ տեսանյութ: Բայց կա ընդամենը երկու ստատիկ լուսանկար, որոնք արվել են Մակրոնի միջնորդական ջանքերի շնորհիվ: Փաշինյանը Փարիզ էր գնացել ոչ թե Աստվածամոր տաճարի բացման, այլ այդ լուսանկարների համար. նրան պետք է՝ ցույց տալ, որ ինքն ունի ամերիկյան նոր իշխանությունների աջակցությունը, այնքան մոտ է, այնքան ընդունված է նրանց կողմից, որ կարող է նրանց հետ լուսանկարվել:
Փաշինյանի ողորմելիությունն աչք է ծակում: Ամերիկայում վերադասավորումներ են, ընդամենը մեկ ամիս հետո ԱՄՆ նախագահի աշխատասենյակում Ջո Բայդենին կփոխարինի Դոնալդ Թրամփը, որի ամենամերձավոր մարդն Իլոն Մասկն է: Սա Փաշինյանի համար իսկական ողբերգություն է: Նա բոլորից լավ է հասկանում, որ ինքը չի կարող ընդունելի կերպար լինել նոր վերադասի կողմից, եւ վերադասը կարող է իրենից ազատվելու ցանկություն ունենալ: Ինչո՞ւ ենք այդպես մտածում: Իր երկրում մերժված, ներքին լեգիտիմություն չունեցող անձի համար կարեւոր է ցույց տալ, թե ինքն ընդունված է աշխարհի մեծերի կողմից, կարող է նրանց կողքին կանգնել ու լուսանկարվել:
Դոնալդ Թրամփը, նրա փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Իլոն Մասկը պահպանողական գաղափարների կրողներ են, ի տարբերություն Փաշինյանի, որն իրականում որեւէ գաղափարախոսության կրող չէ, բայց ծայրահեղ լիբերալների դրածոն է եւ իր պաշտոնավարման վեցուկես տարիների ընթացքում իրականացրել է նրանց կողմից թելադրված քաղաքականություն` ուղղված ազգային, կրոնական, ընտանեկան արժեքների ոչնչացմանը: Ինչպե՞ս կարող է Իլոն Մասկը նորմալ վերաբերվել մի մարդու, որն իր անձնական պաշտպանության տակ է վերցնում տրանսգենդեր Մել Դալուզյանին, եւ երկրում իրականացվում է ԼԳԲՏ+ գաղափարախոսության ամենալայնածավալ քարոզչություն, այն դեպքում, երբ Մասկն անձնական ողբերգություն է համարում իր տղայի սեռափոխությունը: Չի ասում, որ դա նրա անձնական որոշումն է, չի ասում, որ նա ազատ է ընտրություն կատարելու հարցում, ասում է` ես կորցրի տղայիս: Ջո Բայդենը թույլ էր տվել տրանսգենդերներին ծառայության վերցնել ԱՄՆ զինված ուժերում, իսկ Դոնալդ Թրամփն ուզում է չեղարկել այդ որոշումը: Սա հոմոֆոբիա չէ, սա այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ հետապնդում չէ, այլ տարբեր գաղափարախոսությունների հակադրություն. Թրամփը, Վենսը, Մասկը եւ նրանց մյուս թիմակիցները դավանում են այլ գաղափարախոսություն, նրանք ավանդական արժեքների պահպանման կողմնակիցներ են, չեն ցանկանում ամերիկյան ազգի, ամերիկյան ընտանիքների ոչնչացում:
Փաշինյանը, ինչպեսեւ Մակրոնը, ուլտրալիբերալ գաղափարախոսության կրողներ են: Մակրոնի հարցը, ըստ էության, պարզ է. նա կորցրել է իշխանությունը երկրի խորհրդարանում, նրա նշանակած վարչապետին պատգամավորներն անվստահություն են հայտնում, տրամաբանական կլիներ, եթե նա հրաժարական ներկայացներ, եւ Ֆրանսիայում արտահերթ ընտրություններ անցկացվեին, բայց 2022 թվականին Մարի Լը Պենին դժվարությամբ հաղթած Մակրոնը կառչած է նախագահական պաշտոնից, երեւի միտք ունի ձգել մինչեւ 2027 թ. հերթական ընտրությունները, ինչը մի քիչ անհավանական է թվում: Ինչ վերաբերում է Փաշինյանին, նրա իշխանությանը շատ ավելի քիչ ժամանակ է մնացել՝ ընդամենը մեկուկես տարի: Փաշինյանը կուզենար ստանալ ամերիկյան նոր վերադասի աջակցությունը, հանուն դրա պատրաստ է փոխել իր աշխարհայացքը, դառնալ թունդ պահպանողական, նույնիսկ՝ ծայրահեղ ազգայնական, բայց, ինչպես երեւում է, նրա գունափոխությունը, կերպարանափոխությունը ոչ մեկին պետք չէ: Դրա համար էլ նրա շփումը Թրամփի հետ եղել է միայն ֆիզիկական` ուսին հպվելու միջոցով: Ինչի՞ մասին նրա հետ պետք է խոսեր ԱՄՆ նախագահը`հաջորդ ընտրությունները կեղծելու նրա ցանկությա՞ն, թե՞ վարչապետի ժամկետում եւս մի քանի տարի մնալու եւ անհոգ կյանքը շարունակելու մտասեւեռման մասին: Ուրիշ բանի մասին Փաշինյանը չի էլ մտածում, որ կարողանա խոսել: Հնարավոր է, որ Թրամփն առանձնապես դեմ չէ, որ Փաշինյանը մնա իր աթոռին, բայց նման հարցերով զբաղվելն իր համար համարում է նվաստացուցիչ եւ ցածր զբաղմունք. ԱՄՆ ենթակա տարածքներում պաշտոնյաների նշանակման կամ ազատման հարցերով զբաղվում են ավելի ցածրաստիճան պաշտոնյաներ:
Կարծիքներ