Որ դեպքերում է կատարվում թեստավորումը

Որ դեպքերում է կատարվում թեստավորումը

Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին զբաղված է միայն մեկ բանով՝ ապացուցելով, որ բնակչությունը ոչ իրավագիտակից է ու ինչքան ուժ ունի՝ վարակում է ու վարակվում։ Ժողովրդի հետ ամեն ինչ պարզ է։ Իսկ արդյոք պետությունն ինքը չի՞ նպաստում, որ վարակն «անշեղորեն» տարածվի։ Մամուլում արդեն բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ մարդիկ կորոնավիրուսի բոլոր ախտանիշներով՝ ջերմություն, հազ, գլխացավ, փսխում և այլն, դիմում են պոլիկլինիկաներին, որ իրենց նշանակեն թեստավորում, ասում են՝ սպասեք ևս մի քանի օր։ Ծանոթներիցս մեկը, որը միայնակ է ապրում (այսինքն՝ եթե  վատանա, որևէ մեկը չի կարող դա արձանագրել ու նրան հիվանդանոց տանել), անցել է ինչ-որ առցանց թեստ, կապ են հաստատել իր հետ ու «շնորհավորել», որ ունի վարակի բոլոր ախտանիշները, բայց թեստ դեռ չեն արել։ Թերապևտն առաջարկել է «պարացետամոլ» ու շատ հեղուկ խմել, կանցնի ևս  երկու օր, նոր կորոշեն։

Այսօր ինքն է որոշել գնալ պոլիկլինիկա։ Ճանապարհին երևի կվարակի տաքսու վարորդին, եթե տաքսի նստի, իսկ եթե ավտոբուսով գնա, ևս մի քանի հոգու։

Նաև արդեն ժողովրդական մակարդակով մեկնաբանվում է, որ թեստերն արվում են միայն երկկողմանի թոքաբորբ ունեցող ու 38․5-ից բարձր ջերմություն ունեցող անձանց։ Այդպես է՞, թե՞ ոչ։ Փորձեցինք պարզել հենց պոլիկլինիկաներից։

Զեյթունի թիվ 16 պոլիկլինիկայից հերթապահ բժիշկը նախ ասաց՝ թեստի նշանակումը որոշում է տեղամասային բժիշկը, ով հսկում է հիվանդին։ Ապա առաջարկեց խոսել բաժնի վարիչի հետ, որն այդպես էլ չխոսեց մեզ հետ։ Հեռախոսին այլևս չպատասխանեցին։

Թիվ 19-ից  բաժնի վարիչը, ի պատասխան հարցին, թե միայն 38 + ջերմաստիճանի ու թոքաբորբի ժամանա՞կ են թեստ նշանակում, ասաց․ «Հրամանով, այո։ Մի րոպե, Ձեզ կարդամ, 1606 հրաման »։

Ապա բժշկուհին առաջարկեց, որ ինքս ծանոթանամ հրամանին։ Միայն այն կարողացա պարզել, որ 38,5-ից բարձր արդեն ցուցված է ռենտգեն հետազոտություն, շնչառական ակտի որոշում։ Եթե այս ամենը լինում է, արդեն ինքնըստինքյան ցուցվում է թեստավորում։

Թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Արմենի Հայրապետյանը հերքեց, թե նման ցուցում ունեն․ «Մենք ունենք ձևաչափ, որ մեզ իջեցված է և՛ նախարարությունից, և՛ վարչությունից, էնտեղ այդպիսի բան չկա, եթե թոքաբորբը ռենտգենով հաստատված է, դրա հետ միասին ախտանիշներ կան, անկախ նրանից՝ 38 է, թե ինչ է, մենք թեստավորումն անում ենք։ Դրա հետ միասին, եթե կան ախտանիշները, և կա տրախեոբրոնխիտ, էդ դեպքում էլ ենք թեստավորումն անում։ Բայց ոչ միայն այդ ջերմաստիճանի դեպքում»։

Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի «անմեկնելի»` թիվ 16 06 հրամանին, որն արձակել է մայիսի 21-ին, ապա այնտեղ թեստավորման ցուցման մասին նշված չէ, այլ միայն հոսպիտալացման․ 24-րդ կետը, օրինակ, ասում է․ «Ամենօրյա հեռախոսազանգերի միջոցով ԱԱՊ մասնագետները մշտադիտարկում են պացիենտի և պացիենտի հետ բնակվող անձանց առողջական վիճակը՝ առողջական վիճակի վատթարացումը (մարմնի ջերմաստիճանը 38.0°C-ից, դժվարացած շնչառություն/հևոց, հազի զարգացում կամ ուժեղացում) ժամանակին հայտնաբերելու և անհրաժեշտության դեպքում հոսպիտալացման ուղեգրելու նպատակով»։

 Հոսպիտալացման մասին կա նաև թիվ 7 կետում։ Այն է․ «Ելնելով հաստատված COVID-19-ի` պացիենտի գանգատներից, որոշում է կայացնում տնային այցելության մասին` տեղում գնահատելու պացիենտի ծանրության աստիճանը, որի հիման վրա որոշում է կայացնում հոսպիտալացման անհրաժեշտության մասին»։

Կա մեկ այլ կարգ, որ եթե պոլիկլինիկայի աշխատակիցները տուն են գնացել, կամ ոչ աշխատանքային օր է,  հաստատված COVID-19-ով պացիենտի առողջական վիճակի կտրուկ վատթարացման դեպքում պացիենտը կամ ընտանիքի անդամը կանչ է տալիս շտապ բժշկական օգնության ծառայությանը: Պացիենտը հոսպիտալացվում է, եթե արյան` թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93% է և/կամ շնչառության հաճախությունը` >22/րոպե: 

Բայց այն ամենը, ինչ նկարագրված է վերը, դեռ հստակ երաշխիք չէ, որ ձեզ կհոսպիտալացնեն, քանի որ, ըստ նույն հրամանին կցված հավելվածի՝ հոսպիտալացման հիմնավորման դեպքում ԱԱՊ բժիշկը 8603, 011 860303 հեռախոսահամարներով կապ է հաստատում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գործող պացիենտների տեսակավորում իրականացնող մասնագիտական խմբի  հետ և վերջիններիս հետ քննարկում հոսպիտալացման ցուցումները:

Խումբը տրամադրում է խորհրդատվություն ԱԱՊ բժշկին և հոսպիտալացման հիմնավորված ցուցումների առկայության դեպքում ուղղորդում համապատասխան կազմակերպություններ։ Ապա՝ հաստատված COVID-19-ով պացիենտի հոսպիտալացման համար ԱԱՊ բժշկի կողմից իրականացվում է էլեկտրոնային ուղեգրում և կանչ է տրվում շտապ բժշկական օգնության ծառայությանը` պացիենտին համապատասխան հիվանդանոցային կազմակերպություն տեղափոխելու համար։

Իսկ հաստատված COVID-19-ով պացիենտի հոսպիտալացման ցուցումներն են.
1) COVID-19-ի թեթև ընթացքը և 60-ից բարձր տարիքը
2) COVID-19-ը և հղիությունը (COVID-19-ի ախտանշանների առկայության դեպքում
3) COVID-19-ի թեթև ընթացքը և քրոնիկ սրտանոթային հիվանդություն, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, իմունադեֆիցիտային վիճակներ, քաղցկեղ, ճարպակալում, քրոնիկ երիկամային անբավարարություն
 4) միջին ծանրության ընթացքը (թոքաբորբ` առանց հիպոքսիայի), որի նշաններն են․ ա․ բարձր ջերմություն, սովորաբար 38°C-ից բարձր, բ․ շնչառական ախտանիշներ, գ․ թոքաբորբի պատկեր ռադիոլոգիական տվյալներով
 5) ծանր թոքաբորբը, որի նշաններն են․ բարձր ջերմությունից և շնչառական ախտանիշներից բացի հետևյալ ≥1 նշանների առկայությունը․ ա․ շնչառության հաճախություն` ≥30/րոպե (մեծահասակներ), բ․ արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93%, գ․ 24-48 ժամվա ընթացքում թոքային դաշտի >50% ընդգրկող ինֆիլտրատներ, 

6) կրիտիկական վիճակները (շնչառական անբավարարություն, սեպտիկ շոկ և/կամ բազմաօրգանային անբավարարություն): 29. Հաստատված COVID-19-ով պացիենտը հոսպիտալացվում է, եթե արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93% և/կամ շնչառության հաճախությունը >22/րոպե է: