Դատախազությունը պահանջում է նախկին նախարարից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը

Դատախազությունը պահանջում է նախկին նախարարից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ երրորդ հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից։

Համաձայն վերջինի՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից, նրա հետ փոխկապակցված 2 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝   

Երևան քաղաքում գտնվող 2 բնակարանները, բնակելի տունը, հյուրանաոցառեստորանային համալիրը, ավտոտնակը, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում գտնվող 2 հողամասերը (ամբողջությամբ, որոշ դեպքերում՝ մասնակի), իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը ընդհանուր կազմում է ավելի քան 2 մլրդ 500 միլիոն դրամ, 
3 բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը, որոնցից միայն մեկ ընկերության անշարժ գույքի շուկայական արժեքը կազմում է ավելի քան 8 մլրդ 166 մլն 400 հազ․ դրամ,
բանկում ներդրված 1 մլն 661 628 դոլար ավանդը, 
4 մլրդ 391 մլն 805 299 դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 272 մլն 975 855 մլն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:
Ըստ դատախազության տարածած հաղորդագրության՝ առաջիկայում վարչության կողմից այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, ևս կներկայացվեն ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ։