Կալանքն ու մենք

Կալանքն ու մենք

Ոչ մի առողջ հայ տղամարդու վնասակար չէ «նստելը»։ Խոսքը բանտում նստելու մասին է։ Էլ ինչ տղամարդ, եթե բակում ծեծ չի կերել, բանակում չի ծառայել, բանտում չի նստել։ Բանտը, ինչպես բանակը, կոփում է տղամարդուն։ Փոխում սպառողի, քաղքենու հոգեբանությունը, ցույց տալիս, որ կյանքը միայն վայելք չէ, եւ բոլոր մեղքերիդ համար գալու է պատասխան տալու ժամանակը։ Այս առումով, անգամ օգտակար է եւ ողջունելի երեկ կայացված դատական որոշումը՝ ՀՀ երկրորդ նախագահի կալանքն անփոփոխ թողնելու մասին։ Այնպես որ՝ խնդիրը Ռոբերտ Քոչարյանը չէ, նրան, ինչպես ասում են, մեծ հաշվով, «հասնում է» այս կալանքը։

Խնդիրը հասարակությունն է, իշխանությունը, դատական համակարգը։ Հատկապես հասարակության այն հատվածը, որը շիզոֆրենիկ էյֆորիայի մեջ է ընկել դատավորի որոշումից եւ Քոչարյանի՝ բանտում գտնվելու մտքից։ Նրանցից ոչ ոք, իհարկե, չի կարող բացատրել, թե ինչու է տենչում նրա կալանքը, եւ դա ինչ է ավելացնում իրենց կյանքում։ Խնդիրը իշխանությունների վրեժխնդրությունն է եւ Քոչարյանի նստելը գերնպատակ դարձնելու հիվանդագին մղումը։ Խնդիրն այն դատական համակարգն է, որը խուսափում է իր լայն լիազորությունները կիրառելուց եւ ինչ-որ ճնշումների արդյունքում, ինչ-որ մարդկանց հաճոյանալու համար նման որոշումներ է կայացնում։ Խնդիրն այն իրավապաշտպաններն ու գործիչներն են, որոնց համար ոչ թե «մարդու իրավունքներ» վեհ գաղափարն է արժեքավոր, այլ հանրային ինչ-որ հատվածի հետ նույնանալը, իշխանությունների կամքին հակառակ չգնալը։ Խնդիրն այն մարդկանց սակավությունն է մեզանում, որոնք անշահախնդիր կերպով կողքից կարող էին գնահատական տալ այս ամենին եւ ընդվզել ընտրովի արդարադատության դեմ, զուտ՝ օրենքի ու օրինականության շահերից ելնելով եւ հանրային պարսավանքից չվախենալով։