Միայն հրաժարական ու վե՞րջ

Միայն հրաժարական ու վե՞րջ

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը նախօրեին հրաժարականի դիմում ներկայացրեց։ Մենք գրել էինք, որ ԱԳՆ-ում շատ լարված իրավիճակ է՝ բոլորը վրդովված են Նիկոլ Փաշինյանի պահվածքից։ Հրաժարական տալու մտադրություն ունեն նաեւ ԱԳ փոխնախարարները, դեսպանները։ Բնականաբար, ԱԳՆ-ն այն կառույցն է, որ ամենաշատն է տեղեկացված Փաշինյանի՝ Հայաստանի արտաքին հարաբերությունների հետ կապված ծրագրերից, բանակցություններից, ստորագրվելիք փաստաթղթերից, մի խոսքով՝ Փաշինյանի մութ-մութ շատ գործերից: Արա Այվազյանը ՀՀ Արտաքին գերատեսչությունը ղեկավարել է 2020թ-ի նոյեմբերի 18-ից՝ Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից ու նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարության ստորագրումից հետո: Եւ հետեւաբար, նա գիտի, թե ինչու է նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը ամեն օր շարունակում պարտություն կրել, ում հետ եւ ինչ է բանակցել Փաշինյանը, ինչ փաստաթղթեր կան բանակցային սեղանին դրված: Այվազյանը հետագայում պատաասխանատվություն է կրելու Փաշինյանի՝ արտաքին հարաբերություններում ոչ հայաստանանպաստ գործարքների համար: Բայց հիմա եկել ու վերջին պահին հրաժարական է տալիս: 

Այդ հրաժարականը ոչ մի քայլից հետ չի պահելու Փաշինյանին, հրաժարականը հարցի լուծում չէ: Այվազյանը պետք է Հայաստանի հանրության հետ խոսի պարզ ու բացահայտ, բարձրաձայնի, ահազանգի, թե ինչ է սպասվում մեզ, ինչ է պատրաստվում անել Փաշինյանը: Այդ ժամանակ գուցե հասարակության այն մոլորված մասը, որը դեռ շարունակում է հավատալ Փաշինյանին, դուրս գա եւ ընդվզի նրա քայլերի դեմ, կասեցնի հայաստանակործան քայլերը: Այդ դեպքում միայն Այվազյանի քայլը՝ ուշացած հրաժարականը, կարելի է համարել Հայաստանի համար մտահոգ մարդու քայլ: Հակառակ դեպքում ստացվում է, որ նա մի քանի ամիս հանցակից լինելով Փաշինյանի մութ գործարքներին, վերջին պահին ուզում է ջրից չոր դուրս գալ եւ իրեն մաքրել մեղսակից ու պատասխանատու լինելու հեռանկարից:   Այվազյանը պետք է բացահայտ դուրս գա Փաշինայնի դեմ այնպես, ինչպես Արթուր Վանեցյանը, Մովսես Հակոբյանը: Իսկ միայն հրաժարականով կամ պաշտոնից ազատվելով մեղքի իրենց չափաբաժնից չեն ազատվում ոչ միայն Այվազյանը, այլեւ՝ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ շատ այլք, որոնց աշխատանքի արդյունքում Հայաստանը եւ Արցախը հասան այս օրին…