Գյումրին հետեւողականորեն ՔՊ-ացվում է
«Քաղպայմանագիրն» օր-օրի ամրապնդում է դիրքերը Գյումրիում՝ ստվերում թողնելով «Բալասանյան դաշինքին»։ Իշխող կուսակցության նպատակը՝ ամբողջությամբ զավթել քաղաքային իշխանությունը, առայժմ հաջողվում է։ Պատահական չէր օրերս քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի՝ ՔՊ-ական 2 փոխքաղաքապետերի հետ վարչապետին հյուրընկալվելը, ինչը դիտարկվեց իբրեւ իշխանությանը նվիրվածության եւ հնազանդություն հայտնելու ժեստ։
Գյումրու քաղաքապետարանում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ Նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կադրերը հերթով ազատվում են։ Պատճառը Բալասանյանի առողջական ծանր վիճակն է։ Մի քանի ամիս է՝ նա բուժվում է ԱՄՆ-ում, եւ քաղաքի կառավարումն այլեւս նրան չի հետաքրքրում։ Իսկ Վարդգես Սամսոնյանին չի հաջողվում ճկուն քաղաքականություն վարել եւ կուռ պահել թիմը, քանի որ ՔՊ-ի հետ մերձեցման արդյունքում կադրային խնդիրներ են առաջացել։
Օրինակ, բոլորովին վերջերս Սամսոնյանը, բավարարելով ՔՊ-ի պահանջը, քաղաքապետի խորհրդականի պաշտոնում նշանակեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանին, ով, ի դեպ, ընտրություններից առաջ Փաշինյանի հրամանով մեկ ամսով նշանակվել էր Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար եւ պաշտոնավարման երկրորդ օրն իսկ աշխատանքից ազատել Բալասանյանի մի շարք աշխատակիցների։
Ուշագրավ է, որ Ալբերտ Մարգարյանի՝ խորհրդական նշանակվելուն զուգահեռ, աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Սամսոնյանի մեկ այլ խորհրդական՝ Արարատ Բալաբեկյանը, որը նախկին քաղաքապետ Բալասանյանի հավատարիմներից էր։ Հիշեցնենք, որ Վարդգես Սամսոնյանի օրոք քաղաքապետի խորհրդականի հաստիքը 3-ից դարձել է 4։ Քաղաքապետարանի պաշտոնական կայքում Բալաբեկյանին դեռ փոխարինող չկա։ Թափուր է նաեւ քաղաքապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը, որը, ըստ շրջանառվող լուրերի, շուտով կստանձնի նախկին փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը։ Մեր տեղեկություններով, այս պաշտոնի համար առաջարկ է արվել նաեւ Սամվել Բալասանյանի քրոջ ամուսնուն՝ Ռուբեն Սանոյանին, քանի որ նա էր ժամանակին քաղաքապետի առաջին տեղակալը, սակայն Սանոյանը քաղաքապետարան չվերադառնալու որոշում է կայացրել։
Օրերս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաեւ համայնքապետարանի երկարամյա աշխատակից, բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը։ Բայց եթե Մանասյանի ազատման հիմքը կենսաթոշակի տարիքն է, ապա քաղաքապետարանում զարմացած են տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանի՝ աշխատանքից անակնկալ ազատման փաստից։ Նա նույնպես Բալասանյանի մտերիմներից է։ Բալասանյանի կադրերի հեռացման ֆոնին ուշագրավ է Գյումրու քաղաքապետարանում ՔՊ-ականների նոր պաշտոններ ստանձնելու շքերթը։
Մենք գրել էինք, որ 2022-ին քաղաքապետարանում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում։ Նոր վարչություններ են ստեղծվել, եւ ահա՝ նորաստեղծ արտաքին կապերի բաժնի պետի պաշտոնում առաջադրվել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբոր՝ ավագանու ՔՊ-ական անդամ Արման Բաղդասարյանի կնոջ թեկնածությունը: Մեկ այլ կարեւոր ոլորտում՝ համայնքի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի պաշտոնում էլ ՔՊ-ականների թեկնածուն «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Գեւորգ Գրիգորյանն է։
Մեր տեղեկություններով, քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետի թափուր պաշտոնը ՔՊ-ականները նույնպես պատրաստվում են սեփականացնել եւ կադրային փնտրտուքների մեջ են: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ընտրություններից առաջ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալել էր քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Արթուր Հակոբյանին, թեպետ ընտրություններից հետո նա ազատ արձակվեց, բայց պաշտոնին չվերականգնվեց։
Կարծիքներ