Հրահանգել են՝ դեռ աշխատանքից չազատել

Հրահանգել են՝ դեռ աշխատանքից չազատել

Ուսուցիչների 2023 թվականի կամավոր ատեստավորումներն ավարտվել են։ Չնայած արդյունքների մասին պաշտոնական դեռ որեւէ հաղորդագրություն չկա, բայց ուսուցիչների, մասնակիցների տարբեր հրապարակումներից եւ զրույցներից պարզ է դառնում, որ նախարարությունն այս անգամ էլ չի հաջողել, քանի որ նախարարության մոտեցումից, կազմված թեստերից այս տարի էլ դժգոհությունները շատ մեծ են եղել։  

Այս տարի կամավոր ատեստավորվելու հայտ էր ներկայացրել շուրջ 6 հազար 355 ուսուցիչ, իսկ ատեստավորմանն այս անգամ մասնակցել են նաեւ միջին մասնագիտական որակավորմամբ այն ուսուցիչները, որոնց մասնագիտական գործունեությունը 2023-ի օգոստոսի 20-ից դադարեցվելու էր, եթե մինչ այդ չապահովեին ուսուցչին ներկայացվող պահանջները:

Իսկ այդպիսիք շատ են եղել, դեռ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ նախարարը տեղեկացրել էր, որ այդ 1300 ուսուցչից 700-ը նորից դիմել է կամավոր ատեստավորման համար, ու հաջող արդյունքի դեպքում կշարունակեն աշխատանքը: Բայց եթե անգամ այդ 700-ը հաջող հանձներ ատեստավորումը եւ շարունակեր իր աշխատանքը դպրոցներում, միեւնույն է՝ մյուս 500 ուսուցիչներն օգոստոսի 20-ից պետք է ազատվեին աշխատանքից։

Սակայն, ինչպես տեղեկացանք, դպրոցներին ներքին կարգով հրահանգել են՝ դեռ աշխատանքից չազատել ատեստավորումից կտրված ուսուցիչներին, թե ինչի են սպասում՝ պարզ չէ։ Ակնհայտորեն, նախարարությունը փորձում է միջանկյալ եւ ընդունելի լուծում գտնել մի քանի անգամ ատեստավորման պահանջվող շեմը չհաղթահարած ուսուցիչների համար, քանի որ այս տարի եւս կտրվածների թիվը մեծ է, իսկ այդքան ուսուցիչների միանգամից աշխատանքից ազատելը կարող է դժգոհության մեծ ալիք բարձրացնել, ինչից այս պահին փորձում է խուսափել նախարարությունը։ Առանց այն էլ դժգոհության աստիճանը շատ բարձր է ուսուցչական համայնքի ներսում, որոնք դեռ ավագանու ընտրություններից առաջ կառավարությանշենքի դիմաց ցույցեր արեցին՝ հանդիպում պահանջեցին վարչապետի հետ եւ ժամանակ տվեցին կառավարությանը՝ վերանայելու մանկավարժների աշխատավարձի չափը։