Տագնապի կոչնակ

Տագնապի կոչնակ

Օրերս հնչած 14 կուսակցությունների կոչի առթիվ վերջին օրերին այնքան հանրային միտք ծախսվեց, ֆեյսբուքյան այնքան հայրենասիրական եռանդ փոշիացավ, որ կարելի է առանց վարանումի պնդել՝  այդ  կուսակցությունները եթե իրենց նպատակին չհասան էլ, գոնե ասպարեզ բացեցին վերջին շրջանում ակամա զսպված քաղաքական մաղձը դատարկելու  համար։  

Նախ՝ բավարարվեցին դավադրությունների տեսության սիրահարները․ նրանց համար անհերքելիորեն «պարզ» դարձավ, որ այդ կուսակցությունները, առաջարկելով պատերազմական իրավիճակում երկրի ռազմաքաղաքական ղեկավարումը համակարգել ընդհանրական շտաբի միջոցով, փորձում են իշխանափոխության ինչ-որ քողարկված սխեմաներ կյանքի կոչել, համարյա իշխանազավթման պես մի բան, որի համար, անշուշտ, նրանց հայրենիքի դավաճանի պիտակը կսազեր։ Այս մեղադրանքը հենց այդպես՝ աներկմիտ էլ հնչում էր, ընդ որում՝ հնչում էր հասարակության ոչ-պողոսական հատվածի կողմից․ տեսությունը նախանձելի լրջությամբ եւ երեւակայությամբ հարստացնում էին իշխանության ներկայացուցիչները՝ երեսփոխան ու քաղաքական գործիչ, վերլուծաբան ու արվեստագետ, նախկին նախագահ ու նախկին երեսփոխան։

Ավելի խորազգացները մատնանշեցին կոչի հոգեբանական վնասները եւս․ պարզվեց, որ դրա քննարկումները նույնիսկ «նյարդաքամ» են անում։ Նյարդերից բողոքող մեր հայրենակցի համար, ի դեպ՝ նախկին լրագրող, որեւէ նշանակություն չուներ այն հանգամանքը, որ նորահնար այդ բառն ակամա զուգորդությունների էր մղում՝ զուգորդություններ «արնաքամ» բառի հետ, որն ուղիղ իմաստով եթե վերաբերելի էր կոչը նախաձեռնած կուսակցություններից գոնե մեկին՝ ի դեմս հայրենիքի նվիրյալ նրա անդամների, բայց, ահա, բողոքողի պարագայում դա ընդամենը «նյարդաքամություն» էր կամ, լավագույն դեպքում՝ վիտուալ արնաքամություն։ 

Կոչի այդ շեշտադրումը չորսաց անգամ առաջին նախագահ Լ․ Տեր-Պետրոսյանը։ Նրա համար դա ընդամենը «ներքին գզվռտոցի» արտահայտություն էր, իսկ ամենաուշագրավ կողմն այն էր, որ ՀՅԴ եւ ՀՀԿ «զանգվածային» կուսակցությունների կողքին հայտնվել էին նաեւ ինչ-որ «անպատասխանատու մարդ-կուսակցություններ»։ Ակնհայտ է՝ առաջին նախագահը չըմբռնեց կոչի համազգային քաղաքական նշանակությունը, ըստ հարկի չկարեւորեց պահի լրջությունը, փոխարենը սեւեռվեց ձեւաչափի վրա։ Մինչդեռ հույս կար, թե նրա խորաթափանց հայացքը կկտրի-կանցնի առերեւույթը եւ կհասնի խորքերին, կընկալի վտանգի ահռելիությունը եւ կարձագանքի համարժեքորեն։ Բայց՝ չէ, առաջինն նախագահը հիմա էլ մեկ տասնյակից ավելի կուսակցությունների բերանն էր փակում։ 

Ինչպես եւ սպասվում էր, այլ ուժեր կոչը նաեւ խեղաթյուրեցին՝ բանն այնպես ներկայացնելով, թե դրանով հարված է հասցվում լեգիտիմ իշխանությանը, նրա կենտրոնացվածությանը։ Մինչդեռ ստեղծվելիք շտաբում ղեկավար լծակները միանգամայն հասկանալի պատճառներով դարձյալ կլինեին իշխող ուժի ձեռքերում։ Ամբողջ խնդիրն այն էր, որ այնպիսի վճռական փուլում, ինչպիսին հանուն գոյության պատերազմն է, ճակատագրական որոշումների կայացմանը կմասնակցեին նաեւ կարող ու բանիմաց այլ ուժեր՝ «դրսի» ուժեր։ Կոչի նպատակներից մեկն էլ այդ «ներսի ու դրսի» կարծրատիպերը կոտրելն էր, համազգային միաբանություն ապահովելը։ Ակնկալվում էր, որ իշխանությունները կողջունեն այդպիսի մի մարմնի ստեղծումը, քանի որ դրանով մարմնավորված կլիներ հենց ազգային միասնության գաղափարը, որի համար, անտարակույս, մտահոգ է նաեւ իշխանությունը։ Եվ դրա վկայությունը վարչապետի այս միտքն է․ «Կարո՞ղ ենք արդյոք հաջողություններ գրանցել պատերազմում. այո, եթե այդ նպատակի շուրջ կենտրոնացնենք ազգային ներուժը եւ անկեղծորեն ու անձնազոհ կերպով բոլորս լծվենք այդ նպատակին»:
Կոչի ձեւակերպումային ինչ-ինչ շեշտեր, ինչ-ինչ առաջարկներ, անշուշտ, կարելի է չընդունել, դա չեն բացառել նաեւ հեղինակները, բայց կասկածի տակ դնել դա նախաձեռնողների խորագույն անհանգստությունը, երկիրն օրհասական վիճակից դուրս բերելու բնական մղումը, ուղղակի անհասկանալի է։ 

Եվ մի ընդգծում էլ․ կոչը չէր դրվել հանրային քննարկման, հրապարակ չէր բերվել, որ դրա շուրջ իրենց կեղծ-հայրենասիրական դատողություններն անեն, կուսակցական հաշիվները մաքրեն, կայանան զանազան անձինք եւ ուժեր։ Կոչի հասցեատերն իշխանությունն է, եւ հենց նրանից էլ ակնկալվում է արձագանքը։

14 կուսակցությունների կոչը տագնապի կոչնակ է, մի՛ խեղաթյուրեք։