Նախկին զինծառայողը պայքարում է պետության դեմ` իր կործանված կյանքի համար

Նախկին զինծառայողը պայքարում է պետության դեմ` իր կործանված կյանքի համար

Նախկին զինծառայող, այժմ հաշմանդամ, 37 տարեկան Դավիթ Հակոբյանը ՀՀ պաշտպանության նախարարության զոհն է: Նա կռիվ ունի ՊՆ-ի, Մուրացանի հոսպիտալի բժիշկների, դատավորների, քննիչների հետ` կռիվ, որը սկսվել է 13 տարի առաջ տարրական փորացավից: 

Նա պատմում է, որ 2012 թվականին, երբ դեռ առողջ էր ու ծառայում էր Խաղաղապահ զորքերում, պարապմունքի ժամանակ անսպասելի ցավեր է ունեցել որովայնի շրջանում: Նրան տարել են Մուրացանի զինվորական հոսպիտալ, վիրաբույժ Գագիկ Թունյանը անհաջող վիրահատել է տղային, որից հետո երկրորդ վիրահատության կարիքն է առաջացել: 

Թե կոնկրետ ինչ էր իր հետ պատահել, Դավիթը մինչ օրս չգիտի: Աղիքն էր ոլորվել, թե ստամոքսի խոց ուներ՝ դատելով էպիկրիզից, երկուսն էլ ունեցել է, բայց փաստն այն է, որ երկրորդ վիրահատությունից հետո երիտասարդն ընկել է կոմայի մեջ: Արթնացել է 10 օր անց, երբ արդեն հաշմանդամ էր: Նրա մարմնի ձախ կողմը պարալիզացված է:  էպիկրիզում, որը նրա միակ բժշկական փաստաթուղթն է, նշված է, որ վիրահատության ժամանակ ինսուլտ է ստացել: Անցած 13 տարիների ընթացքում տղայի առողջական վիճակը գնալով վատացել է: Այսօր նա առաջին կարգի հաշմանդամ է, ունի ուռուցք գլխուղեղում, որն օր օրի աճում է, բայց ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել Դավիթի կործանված կյանքի ու առողջության, նրա խեղված ճակատագրի համար: 

Ավելին՝ Պաշտպանության նախարարությունը 5 տարի վերականգնողական կենտրոնում Դավիթին պահելուց հետո, խոստացել էր, որ բուժման է ուղարկելու Գերմանիա, որտեղ նրան անպայման կբուժեն: Բայց այդպես էլ չուղարկեց: «Խաբեցին ինձ, երկու անգամ խոստացան ու երկու անգամն էլ խաբեցին: Վարչապետը եկել էր Զինվորի տուն, ինձ լսեց, ասեց, որ ուղարկեն Գերմանիա, բայց չուղարկեցին: Հետո 44-օրյա պատերազմը եղավ, Հայաստանի նախագահը եկավ Զինվորի տուն, ասեց՝ էսքան ծանր վիճակում տղաներ կան, իրենց ուղարկեն, հետո քեզանով էլ կզբաղվեն: Ասեցի` լավ, թող իրենց ուղարկեն: Բայց ինձնով ոչ ոք չզբաղվեց», - գանգատվում է Դավիթ Հակոբյանը: 

Նա մի կյանք ունի, ինչը պաշտոնյաները չեն ուզում հասկանալ: 2015 թվականին դատապարտվել է կեղծ ահազանգերի համար: 2018 թվականին նրա դեմ նոր քրեական հետապնդում է սկսվել՝ կրկին կեղծ ահազանգերի մեղադրանքով։ Ձերբակալել են, ազատել, վարույթը դեռ ընթանում է: Դավիթը չի ընդունում մեղադրանքը: 

2019 թվականին հուսահատված նախկին զինծառայողը ՊՆ շենքի մոտ հացադուլի է նստել, պահանջելով, որ իրեն ընդունեն, լուծեն իր խնդիրները։ Ընդունել են, բայց հարցերը կրկին չեն լուծել։ Այսօր Դավիթ Հակոբյանը 37 տարեկան է։ Գլխի գոյացությունը ճնշում է աչքի նյարդը, համարյա չի տեսնում, անհաջող վիրահատությունների արդյունքում հեռացրել են աղիքների մի մասը, լեղապարկն` ամբողջությամբ, օրգանիզմի ձախակողմյան հատվածը գրեթե անշարժացած է։ 

Հիմա, տարիներ անց, ո՞րն է քո պահանջը՝ հարցնում եմ Դավիթին. «Որ իմ անձնագիրը վերադարձնեն, քննիչները իմ անձնագիրը վերցրել են, ինձ կարտոն են տվել, մեկ էլ, որ ինձ ուղարկեն Գերմանիա, բուժման», - ասում է Դավիթ Հակոբյանը:

Արմավիրի Քննչականից էլ պատասխանել են, որ նա քննչական մարմնին իր անձնագիրը չի ներկայացրել: Առանց անձնագրի Դավիթը չի կարող մեկնել երկրից, չի կարող վաճառել տունը,  որովհետև գյուղապետարանը չի ընդունում, որ Մայիսյան գյուղի իր հողակտորը իրենն է, եւ սա նոր հանգույց է Դավիթի պրոբլեմների սարդոստայնում, որոնք նա ի վիճակի չէ ինքնորույն լուծել: Նա այսօր ապրում է հիվանդ ու ծեր մայրիկի հետ։ Մոր և որդու ապրուստի միակ միջոցը Դավիթի հաշմանդամության թոշակն է։